Ադրբեջանցին տունը վաճառել է շրջանի ղեկավարի պաշտոն գնելու համար

Գյանջայում շարունակվում է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի նախկին դատավոր Հասան Ալիևի և նրա երկու գործընկերների նկատմամբ դատավարությունը:
Այն հարցին, թե որտեղից նրան 600 հազար մանաթ, որը, ինչպես պնդում է, խաբեությամբ յուրացրել է դատավոր Հասան Ալիևը, տուժող Ռամազան Սալիմովը պատասխանել է, որ վաճառել է իրեն պատկանող 29 հա հողատարածքը և հարազատներին պատկանող տունը, որպեսզի կարողանա գնել դատավորի կողմից իրեն խոստացված շրջանի ղեկավարի պաշտոնը:

«Ես վաճառել եմ ինձ և հարազատներիս պատկանող ամբողջ անշարժ գույքը, որպեսզի կարողանամ շրջանի ղեկավարի պաշտոն գնել Ադրբեջանում», -ասել է նա:

Ադրբեջանի հասարակությանը ցնցած հերթական կոռուպցիոն սկանդալը բռնկվել է այն բանից հետո, երբ երկար տարիներ Ռուսաստանում բնակված Ադրբեջանի քաղաքացի ձեռնարկատեր Ռամազան Սալիմովը դատական հայց էր ներկայացրել դատավոր Հասան Ալիևի դեմ` մեղադրելով նրան խաբեությամբ իրենից 600 հազար մանաթ յուրացնելու մեջ, ինչի դիմաց խոստացել էր իրեն նշանակել Ադրբեջանի շրջաններից մեկի գործադիր ղեկավարի պաշտոնում:

Անցած տարի Ադրբեջանում բռնկված մեկ այլ կոռուպցիոն սկանդալ բացահայտել էր այդ երկրում խորհրդարանի պատգամավորի պաշտոնը 2 մլն դոլարով վաճառվելու փաստը: Սկանդալը, որն անվանվել էր «մանդատի աղմուկ», բացահայտել էր Բաքվի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր, ներկայում Ֆրանսիայում վտարանդի Էլշադ Աբդուլլաեւը, ով բազմաթիվ տեսանյութեր և ձայնագրություններ էր հրապարակել համացանցում, որոնցում Ադրբեջանի խորհրդարանի նախկին պատգամավոր Գյուլեր Ահմեդովան, գործելով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի անունից, պատգամավորական մանդատ ապահովելու խոստման դիմաց Աբդուլլաևից 2 մլն դոլար էր պահանջել, ստացել1 միլիոնը` մնացածը վերջում ստանալու պայմանով, սակայն, վերջինիս այդպես էլ չէր հաջողվել պատգամավորի աթոռ զբաղեցնել ադրբեջանական խորհրդարանում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում