Մի քանի տասնյակ ՀԿ-ներ հանդես են եկել բաց նամակով դիմել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին

Նմանատիպ
Մի քանի տասնյակ ՀԿ-ներ բաց նամակով դիմել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սհոլյարիչ Էգերին՝ պահանջելով անհապաղ այցելել Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Բաց նամակում, մասնավորապես, ասվում է՝
-Դիմում ենք Ձեզ խորը մտահոգությամբ՝ Բաքվի բանտում պահվող և ավելի քան մեկ շաբաթ հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի և Ադրբեջանում քաղաքական պատճառներով ապօրինի կերպով դատվող մյուս հայ գերիների վիճակի վերաբերյալ։
Ըստ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվության, փետրվարի 25-ի դատական նիստի ժամանակ Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, սակայն, չնայած դրան, դատական նիստը շարունակվել է։ Բացի դրանից, տարածված լուսանկարներում նրա դեմքի վրա տեսանելի են վնասվածքներ և առերևույթ խոշտանգումների հետքեր:
Հաշվի առնելով, որ նա քաղաքական պատճառներով ու ապօրինի կերպով է դատվում և արդեն երկար ժամանակ գտնվում է հացադուլի մեջ, նրա առողջական վիճակը կարող է արագորեն վատթարանալ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների։ Նմանապես մտահոգիչ է նաև Ադրբեջանում պահվող և քաղաքական շարժառիթներով դատվող մյուս հայ գերիների վիճակը, ովքեր ենթարկվում են անարդար վերաբերմունքի ու էթնիկ ծագմամբ պայմանավորված հետապնդման։
Այս իրավիճակում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն, որպես անկախ մարդասիրական կազմակերպություն, պարտավոր է գործել՝ համաձայն իր մանդատի և միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար սկզբունքների։ Ուստի, կոչ ենք անում Ձեզ՝
Անհապաղ այցելություն իրականացնել Ռուբեն Վարդանյանին՝ անկախ բժշկական գնահատում իրականացնելու նպատակով։
Ապահովել նրա առողջական վիճակի անկողմնակալ մշտադիտարկումը և հետևել, որ նա ստանա անհրաժեշտ բժշկական օգնություն։
Հասցեագրել նրա հացադուլի պատճառները և միջնորդել՝ ապահովելու նրա հիմնարար իրավունքների պաշտպանությունը։ Այդ առումով, հարկ է առանձնակի ուշադրություն դարձնել նրա դեմքի ակնհայտ վնասվածքների պատճառների բացահայտման վրա, որի մասով ադրբեջանական կողմը կրում է հատուկ պարտավորություն:
Ներկայացնել անաչառ զեկույց Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների պահման պայմանների ու նրանց հանդեպ վերաբերմունքի մասին՝ համաձայն միջազգային ստանդարտների։
Գործուն ջանքեր ձեռնարկել հացադուլի ավարտի ուղղությամբ՝ միաժամանակ հասցեագրելով այն մտահոգությունները, որոնք հանգեցրել են այդ ծայրահեղ քայլին։ Հարկ է հաշվի առնել խնդրի հրատապությունը և այնպես չանել, որ ԿԽՄԿ հաջորդ հերթական այցն արդեն ուշացած լինի:
Իրականացնել կանոնավոր այցելություններ ադրբեջանական բանտերում պահվող բոլոր հայ գերիներին՝ երաշխավորելու նրանց նկատմամբ արդար վերաբերմունքը։
Գործել որպես անկախ միջնորդ հայ գերիների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ ապահովելու միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը և նրանց անհապաղ ազատ արձակումը։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ունի բացառիկ իրավասություն և մանդատ բանտարկյալների պաշտպանության ոլորտում, ուստի Ձեր միջամտությունը այս իրավիճակում ոչ միայն հիմնավորված է, այլև՝ անհրաժեշտ։ Հատկապես կարևոր է Ձեր դերը քաղաքական պատճառներով և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներով դատվող գերիների նկատմամբ վերաբերմունքի մշտադիտարկման հարցում, որը Ժնևի կոնվենցիաների հիմնարար սկզբունքներից է։
Հույս ունենք, որ այս հարցին կտրվի առաջնահերթություն և կձեռնարկվեն անհապաղ քայլեր՝ կանխելու հնարավոր ողբերգական հետևանքները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում