Հայաստանի մասնագետները կվերապատրաստեն Արցախի մոտ 30 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչների

Արցախի Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի 29 դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչները վերապատրաստում կանցնեն: Ծրագիրն իրականցնում է Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը Հայ կրթական հիմնարկության օժանդակությամբ: Ինչպես հայտնեցին Գյումրու Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնից, ծրագիրը մեկնարկել է նոյեմբերի 3-ից և կտևի մեկ ամիս:

Երկու մասնագետներ մեկ ամսվա ընթացքում կպատրաստեն նշյալ շրջանների այն դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչներին, որոնք վերանորոգվել են հայ կրթական հիմնարկության կողմից: Ծրագրում ներգրավված է Մարտունու` 15, Մարտակերտի և Ասկերանի` 7-ական դպրոց: Դասապրոցեսի ավարտին քննությունը հաջողությամբ հանձնած ուսուցիչները կստանան վկայականներ, իսկ մասնակից դպրոցները Հայ կրթական հիմնարկության կողմից կստանան նաև համակարգիչներ և տպիչ սարքեր:

Արդեն վեցերորդ տարին է մարզերում իրականացվում է ինֆորմատիկա առարկան դասավանդող ուսուցիչների վերապատրաստման անվճար դասընթացներ՝ ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին, նորամուծություններին իրազեկելու, նրանց կրթական, մասնագիտական մակարդակը բարձրացնելու նպատակով: Սկսած 2009 թվականից` ծրագիրն իրականացվել է Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում, ինպես նաև Արցախում: Վերապատրաստման դասընթացների ֆինանսավորումը կատարվում է Հայ կրթական հիմնարկության կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում