Բարեգործության համար Գեյթսի տրամադրած միջոցների 80 տոկոսը նստում Է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի եւ նրա տիկնոջ՝ Մելինդայի բարեգործական հիմնադրամի կողմից աշխարհի ամենաաղքատ երկրներում սովյալներին օգնություն ցույց տալու միջոցների մեծ մասը մնում Է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում եւ այլ բարգավաճ երկրներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Բարսելոնում գտնվող Grain հետազոտական կենտրոնի հաշվետվության մեջ: Հաշվետվությունը նոյեմբերի 4-ին հրապարակել Է Guardian հրատարակությունը:

Փաստաթղթի համաձայն՝ Bill and Melinda Gates Foundation (B&MGF) հիմնադրամի կողմից տրամադրված 3 միլիարդ դոլարի սոսկ 10 տոկոսն Է ծախսվել անմիջականորեն Աֆրիկայում: Դրամաշնորհների վերլուծությունը ցույց Է տվել, որ ամբողջ գումարի շուրջ կեսը հատկացվել Է այն ծրագրերին, որոնք նվիրված են համաշխարհային գյուղատնտեսության հետազոտմանը, ինչպես նաեւ տարբեր կազմակերպությունների, ներառյալ Համաշխարհային բանկը եւ ՄԱԿ-ի ստորաբաժանումները: Եվս 1,5 միլիարդ դոլար հատկացվում Է ամբողջ աշխարհում հետազոտական կազմակերպությունների ֆինանսավորմանը:

«Դրամաշնորհների ավելի քան 80 տոկոսը տրվել Է ԱՄՆ-ում եւ Եվրոպայում գտնվող կազմակերպությունների եւ սոսկ 10 տոկոսը՝ Աֆրիկայում գործող տարբեր խմբերի: Միջոցների հիմնական ստացողներն են ԱՄՆ-ը, որին հաջորդում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Նիդեռլանդները»,- նշված Է հաշվետվության մեջ:

Դրա կազմողների խոսքով՝ տրամադրվող միջոցների մեծ մասը հատկացվում Է բարձրտեխնոլոգիական սարքավորանքի մշակմանը, սակայն դա չի լուծում այն խնդիրները, որոնք ծառացած են աֆրիկացի ագարակատերերի առջեւ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում