Ֆուտբոլի պատմության լավագույն հարձակվողական զույգերը

Ֆուտբոլի պատմության լավագույն հարձակվողական զույգերը

Ֆուտբոլի գեղեցկություններից մեկը հարձակվողական զույգերի բարդ աշխատանքն է: Ցավոք, վերջին տարիներին այս երևույթին հազվադեպ ենք ականատես լինում, քանի որ թիմերի մեծ մասը մեկ հարձակվողով է խաղում, որպեսզի դաշտի կենտրոնն ամրացնի հավելյալ կիսապաշտպանով:

«Մեծ և փոքր» դասական համադրությունն անցյալում է մնացել, բարձրակարգ հարձակվողների հիմնական խնդիրը պարզապես գնդակը դարպասն ուղարկելը չէ: Որպես կանոն` այժմ լավագույն հարձակվողները լավ արտահայտված ռմբարկուներ են, սակայն մարզիչները նրանցից պահանջում են ոչ միայն գոլեր խփել, այլ նաև ճնշել հակառակորդի պաշտպաններին, նշանառության տակ առնել գնդակն ու գոլային պահեր ստեղծել խաղընկերների համար: Ներկայացնում ենք բոլոր ժամանակների լավագույն հարձակվողական զույգերին:

Ռոմարիո և Խրիստո Ստոիչկով

Քանի դեռ «Բարսելոնան» չէր խաղում Խոսեպ Գվարդիոլայի «տիկի-տական», կատալոնական «երազանքի թիմը» Յոհան Կրույֆինն էր համարվում: Հոլանդացին տեղական տաղանդներին ավելացրեց աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին: Այդպես, 1993-94թթ. մրցաշրջանում ի հայտ եկավ Ռոմարիո-Ստոիչկով մահացու դուետը:  Բրազիլացին ու բուլղարացին մեկ մրցաշրջանում 56 գնդակ խփեցին: Հենց նրանց արդյունավետությունն էլ թիմին Իսպանիայի չեմպիոն դարձրեց: «Բարսելոնան» և «Դեպորտիվոն» խաղային տարին ավարտեցին նույնքան միավորներով, սակայն ոսկե մեդալները կատալոնացիներին բաժին հասան, քանի որ նրանք առավելություն ունեին խփած ու բաց թողած գնդակների թվով:

Թյերի Անրի և Դենիս Բերգկամպ

Իր կարիերայի ընթացքում Թյերի Անրին հասցրել է շատ հանճարների հետ խաղալ. Զինեդին Զիդան, Ռոնալդինյո, Լիոնել Մեսսի, սակայն ֆրանսիացին վստահ է, որ Դենիս Բերգկամպից լավ խաղընկեր չի ունեցել: Դուետը հանդես էր գալիս «Արսենալում»: Անրին և Բերգկմապն այն թիմի կարևոր մասն էին, որի խաղը բրիտանական ֆուտբոլի ամբողջ պատմության մեջ ամենադիտարժաններից էր:  Նրանք ընդահանրապես նման չէին, բայց միմյանց հիանալիորեն լրացնում էին: Անրիի արագությունը, վարպետությունն ու գոլային հոտառությունը թույլ էին տալիս ֆուտբոլիստին սուր հարձակումներին մասնակցել: Ամեն անգամ, երբ ֆրանսիացին ազատ գոտում էր հայտնվում, նա կարող էր վստահ լինել, որ փոխանցում կստանա խելացի ու տեխնիկապես հարուստ Բերգկամպից: 

Էնդի Քոուլ և Դուայտ Յորք

«Մանչեսթեր Յունայթեդը» 1998-99թթ. մրցաշրջանում լի էր աստղերով: Նրանց կազմում խաղում էին Անգլիայի առաջնության լավագույն դարպասապահ Պետեր Շմեյխելը, Հոլանդիայի հավաքականի պաշտպանության առաջատար Յապ Ստամը, իռլանդացի «շարժիչ» Ռոյ Կինն ու եզրային երիտասարդներ Ռայան Գիգզը, Դևիդ Բեքհեմը: Այդ ժամանակվա «Մանչեսթեր Յունայթեդի» գոլերի համար պատասխանատու էին Էնդի Քոուլն ու Դուայտ Յորքը: Հենց նրանց հստակ հարվածներն օգնեցին ակումբին պատմական հաջողությունների հասնել: Հարձակվողների զույգը բոլոր մրցաշարերում 53 գնդակ խփեց: Նրանցից ամենահայտնին Քոուլի` «Բարսելոնայի» դեմ խաղում խփած գնդակն է, որը ցույց տվեց այդ երկու հարձակվողների միջև հեռակառավարվող կապի առկայությունը:

Ալան Շիրեր և Կրիս Սաթոն

Այսօր բարդ է դրան հավատալ, սակայն «Բլեքբերնը» հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգայում: Սենսացիոն հաջողությունը գրանցվել է 1994-95թթ. մրցաշրջանում, երբ վերջին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Վեսթ Հեմին»: Թիմի հարվածող ուժն Ալան Շիրերի և Կրիս Սաթոնի կապն էր, որն այդ մրցաշրջանում 49 գնդակ խփեց:  Դա հզոր զույգ էր, որը կազմված էր իսկական ռմբարկուներից, սական միայն մեկ մրցաշրջան գոյատևեց: Սաթոնը հաջորդ մրցաշրջանի մեծ մասը բաց թողեց վնասվածքի պատճառով ու ընդամենը մեկ գնդակ խփեց առաջնությունում, իսկ Շիրերը վերադարձավ հարազատ «Նյուքասլ» ռեկորդային` 16 միլիոն ֆունտի դիմաց:

Լուիս Սուարես և Դենիել Սթարիջ

Անցյալ մրցաշրջանում, ինչպես երբևէ «Լիվերպուլը» 1990 թվականից հետո մոտ էր չեմպիոնությանը: Հաղթանակի գրավականը հարձակման գծում Լուիս Սուարեսի ու Դենիել Սթարիջի հիանալի խաղն էր:  Այդ դուետը «ՍԱՍ» անվանումը ստացավ: Նրանց արագությունը, տոկունությունը, գոլային հոտառությունը հաջողությամբ աջակցություն էին ստանում Ռահիմ Սթերլինգի, Ֆիլիպե Կոուտինյոյի և Սթիվեն Ջերրարդի կողմից: Սուարեսը 31 գնդակ խփեց ու դարձավ Անգլիայի առաջնության լավագույն ռմբարկուն, Սթարիջն իր անվան դիմաց 21 գնդակ գրանցեց: Չնայած նման հաջողությանը` «Լիվերպուլը» չեմպիոնի տիտղոսին չկարողացավ հասնել:

Այս տարի թիմը ստիպված է առանց «Բարսելոնա» տեղափոխված Սուարեսի և վնասվածքների պատճառով շատ բացակայող Սթարիջի գլուխ հանել: «ՍԱՍ»-ի օգնությունից զրկված «Լիվերպուլն» անցյալ տարվա թիմի գունատ ստվերն է:

Ալեսանդրո Դել Պիերո և Դավիդ Տրեզեգե

Լավագույն զույգերը հաճախ բաղկացած են շատ տարբեր խաղաոճեր ունեցող ֆուտբոլիստներից: Ալեսանդրո Դել Պյերոն դարձավ Դավիդ Տրեզեգեի գրոհների փայլուն եզրափակողը:  Դել Պիերոն այժմ 40 տարեկան է ու  խաղում է հնդկական «Դելի Դինամոսում»: Իտալացին երբեք նախընտրությունը ֆիզիկականին չի տվել` ձգտելով իրենը վերցնել ֆուտբոլային ինտելեկտի շնորհիվ:  Նրա հին ընկեր Տրեզեգեն հաջողակ էր «Յուվենտուսում»` իր կողքին: Վերջերս ֆրանսիացին հայտարարեց կարիերայի ավարտի մասին:

Ալան Շիրեր և Լես Ֆերդինանդ

«Նյուքասլ» տեղափոխությունն Ալան Շիրերին տվեց իր ֆուտբոլային կյանքի լավագույն խաղընկերոջը: Քևին Քիգանի թիմում Շիրերը խաղում էր Լես ֆերդինանդի հետ: Այդ դուետը դարձավ ամենահետաքրքիրներից մեկն Անգլիայի առաջնության պատմության մեջ: 1996-97թթ. մրցաշրջանը նրանք երկրորդ տեղով ավարտեցին` հետ մնալով «Մանչեսթեր Յունայթեդից», իսկ Շիրերը 25 գնդակով դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն:

Անդրեյ Շևչենկո և Սերգեյ Ռեբրով

Ե՛վ Անդրեյ Շևչենկոն, և՛ Սերգեյ Ռեբրովն այդպես էլ չկարողացան փայլել Անգլիայի առաջնությունում, բայց Կիևի «Դինամոյի» կազմում դուետն անկասելի էր: Շևչենկո-Ռեբրով կապը կիևցիներին օգնեց 5 անգամ անընդմեջ չեմպիոն դառնալ: 1996-ից մինչև 2001 թվականը Ուկրաինայի լավագույն ֆուտբոլիստն այդ երկուսից մեկն էր դառնում: 1999-ին Շևչենկոն լքեց «Դինամոն» և տեղափոխվեց «Միլան»:

Ռաուլ և Ֆերնանդո Մորյենտես

«Գալակտիկոսի» դարաշրջանում «Ռեալի» հարձակման գծում քիչ չէին լավ հարձակվողները, բայց նրանցից որևէ մեկը չէր կարող ստվեր գցել Ռաուլ-Ֆերնանդո Մորյենտես զույգի վրա: Ռոնալդուի հաջողությունների ֆոնին Ռաուլի մասին այնքան էլ հաճախ չեն խոսում, սակայն նա շարունակում է մնալ «Ռեալի» լեգենդը: Նրա գոլային հոտառությանը գումարվում էր Մորյենտեսի հիանալի խաղը «երկրորդ հարկում» ու հակառակորդի կյանքը վերածվում էր մղձավանջի:

Ռոմարիո և Բեբետո

Այս երկուսը ինչ-որ բանով յուրահատուկ էին, ճիշտ չէ՞: Ռոմարիոն արդեն հայտնվել է մեր ցուցակում Ստոիչկովի հետ դուետի շնորհիվ, սակայն դա բրազիլացի ռմբարկուի կարիերայի միայն մի մասն էր: Իսկական սամբա էր, երբ նա գոլ էր խփում Բեբետոյի փոխանցումից հետո:  Երբ 1994-ին ամբողջ Բրազիլիան հաղթանակ էր պահանջում Մունդիալում, երկրպագուների հույսը հիմնականում կապված էին հարձակվողների այս դուետի հետ: Ֆուտբոլում նրանց ներդրումը միայն գոլերը չեն: Մի՞թե կարելի է մոռանալ Բեբետոյի հայտնի «օրորը» Հոլանդիայի դարպասին խփած գոլից հետո:

Ռուդ Գուլլիտ և Մարկո Վան Բաստեն

Արիգո Սակիի «Միլանի» ամենաուժեղ կողմը պաշտպանությունն էր, բայց այդ թիմին չի կարելի պատկերացնել առանց Գուլլիտ-վան Բաստեն հոլանդական դուետի: Այդ տղաներն ապահովում էին թիմի գոլերը:  Նրանք կենսական, կարևոր նշանակություն ունեին «Միլանում»: «Սան-Սիրոյում» հոլանդացիներն առաջին մրցաշրջանում հաղթեցին առաջնությունում 8 տարվա ընդմիջումից հետո, այնուհետև չեմպիոնական ևս երկու գավաթ նվաճեցին: Գուլլիտն ու վան Բաստենը Հոլանդիայի հավաքականին օգնեցին հասնել Եվրո-1988-ի հաղթանակին

Էմիլիո Բուտրագենյո և Ուգո Սանչես

Հնարավոր է` Մադրիդի «Ռեալն» աշխարհի խոշորագույն ակումբն է: Որևէ այլ ակումբ չունի տեղական ու եվրոպական այդչափ տիտղոսներ, սակայն 80-ականներին իսպանական հսկան 6 տարի առանց չեմպիոնական տիտղոսի էր մնացել: Ցամաքին վերջ տվեց Էմիլիո Բուտրագենյո-Ուգո Սանչես դուետը: Այդ հարձակվողների հետ «Ռեալը» 5 անգամ անընդմեջ տիտղոսակիր դարձավ: 1989-90թթ. մրցաշրջանում «Արքայական ակումբը» առաջնությունում ֆենոմենալ քանակությամբ գոլ խփեց` 107: Դրանցից 48-ը  շնորհիվ Բուտրագենյո-Սանչես դուետի:

Իան Ռաշ և Կեննի Դալգլիշ

Երիտասարդ Իան Ռաշը «Լիվերպուլում» հայտնվեց 80-ականներին սկզբին, երբ թվում էր, որ Կեննի Դալգլիշի կարիերան արդեն կործանման էր գնում: Հարձակվողի` թիմում հայտնվելը վերակենդանացրեց վետերանին: Այդ երկուսը կարողանում էին միմյանցից լավագույնը ստանալ: Ռաշը հիանալիորեն օգտվում էր Դալգլիշի կրեատիվ խաղից, իսկ շոտլանդացին օգտագործում էր ազատ տարածությունները, որոնք ստեղծվում էին շնորհիվ հարձակման գծում ակտիվ գործընկերոջ: Այդ դուետը «Լիվերպուլին» չեմպիոնական երեք տիտղոս բերեց և եվրոպական առաջնությունների երկու գավաթ: 1982-83թթ. մրցաշրջանում զույգը 50 գնդակ խփեց:

Ալֆրեդո Դի Ստեֆանո և Ֆերենց Պուշկաշ

Երբ 1958-ին «Ռեալը» պայմանագիր կնքեց Ֆերենց Պուշկաշի հետ, թիմի կազմում այդ ժամանակների լավագույն հարձակվողներն ի հայտ եկան: Զարմանալի չէ, որ դուետը հիանալի արդյունք ցույց տվեց: Դի Ստեֆանոն և Պուշկաշը չեմպիոնական 4 անընդմեջ տիտղոս նվաճեցին, երկու անգամ չեմպիոնների գավաթին արժանացան: Նրանց կարիերայի ամենագունավոր պահը 1960 թվականի Եվրոպական չեմպիոնների գավաթի եզրափակիչն էր, երբ «Ռեալը» հաղթեց «Այտրախտին» 7:3 հաշվով. 4 գոլ Պուշկաշը խփեց, 3-ը` Դի Ստեֆանոն:

Գարի Լիենկեր և Պիտեր Բերդսլի

Այս զույգը միասին խաղացել է 80-ականների վերջերին և 90-ականների սկզբներին: Բերդսլին մի փոքր շարժվում էր դեպի դաշտի կենտրոն ու փնտրում գնդակը: Այդ ժամանակ Լինեկերն իրեն իսկական հրեշի պես էր պահում տուգանայինի մատույցներում: Նրանք միասին 36 գնդակ խփեցին հավաքականի կազմում: Այդ արդյունքը նրանց դարձրեց Անգլիայի ֆուտբոլի պատմության ամենաարդյունավետ հարձակվողները:

Օգտագործված աղբյուր` Squawka News:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում