Ո՞վ կասի «ոչ» միջազգային հանրությանն ու Ադրբեջանին։ Բանակը, թե՞ դիվանագիտությունը

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունն այն մասին, թե ղարաբաղյան հակամարտության հաղթահարման պայմաններ դեռ չեն ստեղծվել, Ադրբեջանում ընկալվել է որպես  Արցախի անկախությունը ճանաչելու պարտադրանք։ Նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իրենց վրա այդ հարցում ճնշում կա, բայց մինչ ինքն է ղեկավարում երկիրը, իսկ Ալիևը վստահ է, որ դեռ երկար է ղեկավարելու, նման բան չի լինի։

Իհարկե, Ադրբեջանի իշխանությունների նման խուճապային տրամադրությունները հայ հանրության շրջանում որոշակի հույսեր են արթնացրել։ Բայց այս հարցում չի կարելի ավելնորդ սպասումներ ունենալ։ Հայկական կողմի համար իրականում ամեն ինչ այդքան էլ լավ չէ, որքան ներկայացնում է Ալիևը։ Այո, Արցախի անկախության ճանաչման հարցը վաղուց է օրակարգում։ Դրա մասին մշտապես խոսում են Հայաստանի իշխանությունները, իսկ հաճախ` միջնորդ երկրների տարբեր ներկայացուցիչներ։ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներ ու նահանգներ անգամ սկսել են այդ ճանաչման գործընթացը։ Բայց հայկական կողմի համար մի կարևոր հարց բաց է մնում. Ի՞նչ սահմաններում է միջազգային հանրությունը պատրաստ ճանաչել Արցախի անկախությունը։ Չէ՞ որ պարզ է, որ ճնշում գործադրվում է ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի իշխանությունների վրա։ Եվ եթե մեկից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը, ապա մյուսից էլ, պետք է որ, համապատասխան տարածքային զիջումներ պահանջեն։

Այս իրողությունից էլ բխում է երկրորդ հարցը՝ պե՞տք է մեզ արդյոք նման ճանաչում։ Սա լուրջ խնդիր է, որի մասին Հայաստանում դեռևս նախընտրում են չխոսել։ Բայց խնդրի մասին չխոսելը դեռ խնդրի լուծում չի նշանակում։ Հասկանալի է, որ ուշ թե շուտ ստիպված ենք լինելու հստակ պատասխան տալ նույն Քերիին, Լավրովին և հարցի կարգավորմամբ հետաքրքրված այլ գործիչներին ու պետություններին։ Բնականաբար՝ ժողովրդի պատասխանը լինելու է շատ հստակ՝ «Ո՛չ»։ Եվ այդ «ոչ»-ը պետք է լինելու հնչեցնել մոսկվաներում ու վաշինգտոններում։ Առանց համապատասխան նախապատրաստական աշխատանքների դա շատ դժվար կլինի անել։ Հետևաբար արդեն այսօր պետք է պատրաստվել վաղվա իրողություններին։ Դա պարզապես անհրաժեշտություն է։

Բայց այս հարցում նույնպես ամեն ինչ միանշանակ չէ։ Այո, ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունն Ադրբեջանում այսօր ընկալվել է որպես ճնշում։ Բայց այն կարող է ընկալվել նաև որպես պատերազմ սկսելու թույլտվություն։ Իբր թե՝ քաղաքական լուծում չկա, ոնց կարող եք պաշտպանեք ձեր շահը։ Եվ այդ դեպքում Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը զսպելու միայն մեկ տարբերակ կմնա՝ հաղթել թշնամուն ռազմի դաշտում։

Այսինքն՝ հայկական կողմը տարածք հանձնելու պահանջներին «ոչ» ասելու երկու տարբերակ ունի՝ ռազմական և դիվանագիտական։ Ցավոք, մեկը մյուսից դժվար։ Բայց երկուսն էլ անհրաժեշտ։ Մենք չգիտենք, թե կոնկրետ երբ և որ սցենարը պետք կլինի կիրառել։ Բայց որ դեպքերի զարգացման երկու հնարավորություններին էլ պետք է պատրաստվել, դա փաստ է։

Հրանտ ՄԵԼԻՔ֊ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում