Մառախուղին 1000-1500 մ հեռավորության վրա դիտարկել թշնամու տեխնիկայի շարժը, Դ-30 հրանոթը դարձնել հիդրավլիկ. «ArmHiTec-2016» (լուսանկարներ)
Նմանատիպ
Չարենցավանի հաստոցաշինական գործարանում պահեստամասերի սեփական արտադրությունը, դրանց տեսակարար քանակը գնալով մեծանում է: Այս մասին Times.am-ին հայտնեց «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ-ի արտադրության պետ Գ. Զաքարյանը, որը նույնպես մասնակցում էր Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսին:
«Հիմա զբաղվում ենք նաև արդիականացման աշխատանքներով: Օրինակ՝ Դ-30 հրանոթը մեխանիկական դանկրատից դարձնում ենք հիդրավլիկ, որը հաշվարկին թույլ է տալիս ավելի արագ մարտական դիրքի բերել: ԲՄ 21 «Գրադ» կայանքները, բազային մասով մեքենայի բենզինային շարժիչները ձևավափոխում ենք դիզելայինի, որը բարձրացնում է մեքենայի հզորությունը: Բավականին մեծ պահեստամասեր ենք արտադրում, գործիքներ բանակի տեխնիկաների սպասարկման համար: Գործարանի ուժերով կատարվում են աշխատանքներ զորային պայմաններում: Մասնավորապես՝ ապրիլյան պատերազմից հետո ՊԲ-ում մոտ 1.5 ամիս մեր նորոգման խմբի ուժերով կատարվել է 35 միավոր տեխնիկայի վերանորոգում, որոնք նորից տարվել են առաջնագիծ: Տղաներն աշխատել են առաջնագծից 4-5 կմ հեռավորության վրա: Մենք հիմնականում դրսից բերում ենք հատուկ մասերը, խոսքը վերաբերում է նշանոցներին, կապի միջոցներին, որոշ շարժիչների պահեստամասերին, որոշները վերջիններից մենք անում ենք: Ասեմ, որ ՀՀ-ում արդեն սկսել ենք կատոկների վերականգնում, առաջներում մենք դա ստանում էինք»,-մանրամասնեց նա՝ պնդելով, որ ոլորտի զարգացումներից հետ են մնում. ներդրումներ են անհրաժեշտ:
Հայկական «Արագած» ընկերությունը հակատանկային «Ֆագոտ» համակարգի համար նախագծել և պատրաստել է ջերմադիտարկման սարք, որը հնարավորություն կտա 3500 մետր հեռավորության վրա նկատել հակառակորդի զրահատեխնիկան և խոցել այն:
«ArmHitec-2016» զենքի և սպառազինության ցուցահանդեսին մեզ հետ զրույցում ասաց «Արագած» ՍՊԸ ընկերության տնօրեն Հովհաննես Ղարիբյանն ընդգծեց, որ սարքը արդեն 5500 մետրի վրա ցույց է տալիս հակառակորդի տեղաշարժը, իսկ 3500 մետր հեռավորության վրա արդեն սարքը ցույց է տալիս, որ զրահատեխնիկա է տեղաշարժվում:
Ընկերությունն արտադրել է նաև շուրջօրյա դիտարկման սարք, որը ևս հնարավորություն է տալիս արդեն 3500-4000 մետր հեռավորության վրա դիտարկել հակառակորդի տեղաշարժը, հասկանալ՝ հակառակորդը զինված է, թե ոչ:
«Օրինակ, այս սարքով մառախուղի ժամանակ ամենափոքր հեռավորության վրա՝ 1000-1500 մետր, կարող ենք դիտարկել հակառակորդի տեխնիկայի տեղաշարժը, իսկ մարդկանց տեղաշարժն՝ ավելի մեծ հեռավորությունից կարող ենք տեսնել: Այս սարքերով մեր բանակը դեռևս համալրված չէ: Այս պահին փորձարկումներ են ընթանում, երբ դրանք ավարտվեն, կարծում եմ, մեր զինված ուժերը կհամալրվեն նաև այս սարքերով: Իրան կարանք խրամատի տակը դնենք և հետո ինչքան պետք է բարձրացնենք նայենք»,– եզրափակեց Մանուկյանը՝ հավելելով, որ համանման սարքավորումները դրսում 4 անգամ թանկ են, բայց մերն իր որակով չի զիջում:
Անօդաչու թռչող սարքեր ու անօդաչու 3 տիպի ինքնաթիռ էլ մշակվել, պատրաստվել եւ շահագործվում են մեր երկրի Ռազմական ավիացիոն համալսրանի կողմից: Դրանք մրցունակ են միջազգային շուկայում եւ չեն զիջում համանման արտադրանքներին, վստահեցրեց ռազմաավիացիոն համալսարանի պետ Դանիել Բալայանը:
«Դրանք թույլ են տալիս մեզ իրականացնել մոնիտորինգներ, հարկ եղած դեպքում՝ հետախուզական թռիչքներ: Միջազգային շուկայում մերը չի զիջում համանման արտադրանքներին»,-լրացրեց նա:
ArmHiTec-2016 ցուցահանդեսին մասնակցող «Ռոստեխ» պետական կորպորացիայի եւ «ՌոսօբորոնԷքսպորտ» բաժնետիրական ընկերության միացյալ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Գոնչարովը էլ տեղեկացրեց, որ Ռուսաստանը կշարունակի զարգացնել ռազմատեխնիկական համագործակցությունը Հայաստանի հետ:
«Լավ ավանդույթ Է դառնում «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի մասնակցությունը զենքի ու ռազմական տեխնիկայի դեբյուտային ցուցահանդեսներին: Մեզ համար սա հիանալի առիթ Է՝ ցուցադրելու ժամանակակից ռուսական զենքի լավագույն նմուշները, ընդլայնել արտասահմանյան մեր գործընկերների շրջանակը, շարունակել Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդումը Հայաստանի և այլ երկրների հետ»,-ասաց Գոնչարովը:
Ի դեպ, «Տրուդ» ռուսական գործարանը ցուցահանդեսին առաջարկում էր ՀՀ ԶՈՒ-ի համար արտադրել ռազմական համազգեստ, որը ներկայում կրում են մեր զինծառայողները:
Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսում Ռուսաստանը ներկայացնում է 16 ձեռնարկություն, որոնք պոտենցիալ պատվիրատուներին այս օրերին կցուցադրեն ժամանակակից զրահատանկային, հրթիռահրանոթային սպառազինություն ու տեխնիկա, «Ուրան» ընտանիքի ռոբոտատեխնիկական համալիրներ, ռազմական ավիացիա, հրաձգային զենք ու զինամթերք և այլն: Բացի ռուսական ընկերությունից, ցուցահանդեսին մասնակցում են նաև ռազմաարդյունաբերական ոլորտում աշխատող կազմակերպություններ Ղազախստանից, Չինաստանից, Իտալիայից, Լեհաստանից:
Բացի ծավալուն ցուցադրական մասից, «ArmHiTec-2016» միջազգային ցուցահանդեսի շրջանակում անցկացվելու է նաև բազմազան գործարար ծրագիր, ինչը բացառիկ հնարավորություն կընձեռի անվտանգային ոլորտի առաջատար փորձագետների հետ հանդիպումների և խորհրդատվությունների անցկացման, խնդիրների քննարկման համար:
Ցուցահանդեսի գործարար ծրագիրը կմեկնարկի լիագումար նիստի և «21-րդ դարի տեխնոլոգիաները ՀՀ զինված ուժերի զարգացման գործում. միջազգային համագործակցություն» խորագրով գիտագործնական համաժողովի անցկացմամբ, որին նախատեսված է ինչպես ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ, այնպես էլ ՌԴ ԶՈւ և ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի ղեկավար կազմի, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների ներկայացուցիչների մասնակցությունը:
Ցուցահանդեսի շրջանակում կանցկացվեն գործարար ծրագրի մաս կազմող այլ միջոցառումներ ևս. գիտագործնական քննարկումներ, նիստեր և կլոր սեղաններ:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում