Հասարակությունը նույնպես պետք է պատասխանատու լինի Ազգ-Բանակ գաղափարի կայացման համար
Նմանատիպ
Times.am-ի զրուցակիցն է ազատամարտիկ, «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիարական-երիտասարդական կենտրոնի հիմնադիր Գևորգ Գևորգյանը:
-Պարոն Գևորգյան, հաշվի առնելով Ձեր անցած մարտական ուղին և ներկայիս գործունեությունը, որն ուղղված է երիտասարդների մարտական պատրաստվածությանն ու ռազմահայրենասիրական դաստիարակությանը, ի՞նչ տեսլականներ ունեք զինված ուժերի դերը հասարակության շրջանում ևս մի նշաձողով բարձրացնելու համար:
-Նախ ասեմ, որ գիտակցական ամբողջ կյանքս կապված է մեր բանակի, երկրի պաշտպանության գործի հետ, նույնիսկ մեծ ցանկության դեպքում ես այլ կերպ արդեն չեմ էլ կարողանում պատկերացնել ինձ: Այն կենտրոնը, որը ես հիմնել եմ ամբողջ իր գործունեությամբ և ծրագրերով, նպատակաուղղված է երիտասարդների ազգային դաստիարակությանը, մարտական արվեստի տիրապետմանը, ռազմական հմտությունների ուսուցանմանը… Պարզապես մեր գործունեության և ծրագրերի մասին մի այլ առիթով խոսենք:
Անդրադառնամ Ձեր կոնկրետ հարցին. Առաջին հերթին հասարակությունը պետք է ունենա այն գիտակցությունը, որ բանակը, մեր զինված ուժերը, մեր երկրի ողնաշարն է, և որքան ամուր է այն, այնքան մենք ուժեղ ենք, իսկ այդ գիտակցության արմատացումը մեզանից յուրաքանչյուրիս գործն է և միայն տեղի և անտեղի քննադատելով երբեք ոչ հարց կլուծես, ոչ էլ էական բան արած կլինես, խոսելը հեշտ է, կոնկրետ ծրագրերով գործ է պետք անել:
Իմ տեսլականը հետևյալն է: Հասարակությանը, մասնավորապես՝ երիտասարդությանը, հարկավոր է ներգրավել տարբեր ռազմակրթական ծրագրերին, կազմակերպել ավագ և երիտասարդ սերունդների միջև ազատ քննարկման, շփման ռազմահայրենասիրական հավաքներ, ռազմական կրթական հաստատությունների դերը և հեղինակությունը բարձրացնել երիտասարդների շրջանում՝ իհարկե կրթական որակի բարձրացմանը զուգահեռ:
Գիտեք մի կարևոր նրբություն կա, ռազմական կրթության որակը էլ ավելի բարձրացնելով և զինված ուժերի սպառազինության մակարդակը էլ ավելի բարձրացնելով մենք՝ այո, շատ կարևագույն հարցեր լուծած կլինենք, բայց դրան զուգահեռ պետք է հասարակության ուշադրությունը դրական առումով էլ ավելի կենտրոնացնել դեպի բանակը, դեպի ռազմական կրթությունը, դեպի հայ զինվորը, դեպի սահմանը, իսկ այդ անելիքները մեզանից յուաքանչյուրինս է, մասնավորապես այն կառույցներինը, որոնք ստեղծվել են այդ նպատակով…
Գիտեք, երբ ես ասում եմ ռազմահայրենասիրկան դաստիարակություն ամենևին նկատի չունեմ այն վերամբարձ և պաթետիկ ճառերը, որոնք հաճախ ենք լսում տարբեր հարթակներից, այլ խոսում եմ կոնկրետ քայլերի, գործի մասին: Մենք պետք է իրապես հասնենք նրան, որ հայ երիտասարդի համար մեծ պատիվ լինի բանակում ծառայելը, ռազմական կրթությունը զարգանա այն աստիճան ու այնքան հեռանկարային լինի և նաև հեղինկություն տա մարդուն, որ երիտասարդները ձգտեն ռազմական կրթություն ստանալ, որ զինծառայողների և ազատամարտիկների սոցիալական հարցերը այնքան հետևողականորեն լուծում ստանան, որ այդ թեմաների շուրջ այլևս տարաբնույթ շահարկումների ականտես չինենք:
Իհարկե այս և այլ հարցերի մասին կարելի է շատ խոսել, սակայն մի բան հստակ է, որ քաղաքական կամքի և մասնագիտական որակների հաշվին հնարավոր է լուրջ ձեռքբերումներ արձանագրել և ես հուսով եմ, որ այդպես էլ կլինի: Ավելին՝ այս պատասխանատվությունը միայն բանակի ղեկավարության վրա չէ, հասարակությունն էլ պետք է պատրաստ լինի աջակցելու, ինչ որ տեղ նաև պատասխանատվություն կրելու, գործ անելու՝ ռազմահայրենասիրությունը մրցունակ գաղափար դարձնելու ուղղությամբ, յուրաքանչյուրն իր ոլորտում՝ իր մասով , իր ծրագրերով, որովհետև Հայոց բանակը յուքանչյուրիս զավակն է: Ոչ միայն նվիրյալները այլև ողջ հասարակությունը պետք է սիրի բանակը իր զավակի պես, եկեք այս ուղղությամբ աշխատենք, իրապես, ռեալ առանց պաթետիզմի, գործով…
-Թույլ տվեք նկատել, որ վերջին շրջանում ռազմամարտական բազմաթիվ դասընթացների կազմակերպիչներ են հայտվել, իրականում ինչպե՞ս է դա արվում և որքանո՞վ է իրապես ծառայում ռազմամարտական բազային գիտելիքների փոխանցման նպատակին, մենք տեսնում ենք , որ երիտասարդներից շատերը ներգրավված են այդպիսի խմբերում:
– Չեմ կարող հերքել, կա նման տենդենց, երիտասարդին միշտ էլ բոլոր ժամանակներում էլ գրավել է զենքը, մարտական հնարքներին ծանոթանալը, բայց մենք պետք է հաշվի առնենք մի բան, որ ոչ զենքը, ոչ էլ մարտական գիտելիքը դա ժամանց չէ, այստեղ պետք է առավելագույնս խստապահանջ լինել բոլոր այդպիսի նախաձեռնությունների հանդեպ: Նախ հարկավոր է որոշակի ֆիզիկական պատրաստվածության բերել մարդուն, հետո տեսական անհրաժեշտ գիտելիքներով զինել, բարոյահոգեբանական պատրաստվածության բավարար մակարդակի հասցնել և այս ամենից հետո միայն անցնել գործնական դասընթացների: Սա լրջագույն և շատ պատասխանատու գործ է:
-Ձեր հիմնադրած կենտոնի ծրագրեը բազմազան են, ո՞րն է այն գաղափարը, որը առաջնորդում է ԳՄԴ հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի շուրջ համախմբված երիտասարդներին:
-Եթե դու չհարգես քո ազգային ինքնությունը, ոչ ոք չի հարգի, եթե դու քո պետականության նկատմաբ կառուցողական մոտեցումներով չառաջնորդվես, դու չես ունենա ամուր պետականություն-երկիր, եթե դու ինքդ քո նկատմաբ խստապահանջ, և նաև քո քայլերի մեջ հետևողական չլինես, նույնը չես կարող պահանջել ոչ մեկից…և ի վերջո ազգային դաստիարակությունը դա համակարգ է, ոչ թե պաթետիկ ճառեր ու ակադեմիական արտահայտություններ:
Մեր կենտրոնում ուսանում են հայկական մարտարվեստ՝ մարտ վարելու հայկական արվեստ, հայ մշակույթ, հայ ռազմարվեստի պատմություն, ընդհանուր ռազմագիտություն, կրոն…մենք շարունակական ծրագրեր, բաց դասեր են կազմակերպում, երիտասարդների և արցախյան ազատամարտի անվանի, ինչպես նաև հասարակությանը ոչ այդքան հայտի նվիրյալներ հետ, ազատ քննարկումներ: Կենտրոնում մի քանի տարի է արդեն գործում է «Ազատամարտի մասնակիցների միավորում» կրթական կառույցը, շատ են անելիքները: Մենք հիմա տարածքի վերանորոգման աշխատանքներ ենք իրականացնում, շուտով բացվելու է նաև նոր բազմաֆունկցիոնալ լսարան, որտեղ կհամատեղվեն ռազմագիտության տեսական և գործնական դասերը:
-Պարոն Գևորգյան, դուք Ձեր կենտրոնի իրականացրած ծրագրերի և առհասարակ գործունեության մասին քիչ եք խոսում, ո՞րն է պատճառը:
-Միշտ հիշեք, երբ մարդը սկսում է շարունակ խոսել, թե ինքը ինչ շատ, մեծ ու կարևոր գործ է անում, նա այլևս դադարում է այդ պահից գործ անել, տարվում է իր եսով, որը աստիճանաբար վերածվում է փուչիկի, ինչն էլ մի օր պայթում է և վերջ…եթե իսկապես ուզում ես գործ անել, քիչ խոսիր, տարվիր գործով, գործիդ մեջ գաղափար և հոգի դիր, զարգացիր և զարգացրու…
Հետևեք մեզ նաև Telegram-ում