Պետական ռեպրեսիայի «օուրելյան» դրսևորումները

Պետական ռեպրեսիայի «օուրելյան» դրսևորումները

Փորձենք առանց էմոցիայի, սառը գլխով ներկայացնել Հայաստանում վերջին 10-օրյակում տեղի ունեցած պետական տեռորի հետ կապված մի քանի դիտարկումներ, որոնք ցույց կտան, որ Փաշինյանի կողմից իրականացրածը դասական պետական ռեպրեսիա է՝ ուղղված եկեղեցու և իր քաղաքական կուրսին դեմ խոսող մարդկանց դեմ։

Ինչու ենք «գետնի վրա»։ Փաշինյանը օրեր շարունակ բացահայտ հարձակում է գործում եկեղեցու, Վեհափառի ու բարձրաստիճան այլ նվիրապետների վրա՝ նրանց պիտակավորելով, հայհոյելով ու զրպարտելով՝ առանց որևէ փաստի։ (Ճանաչելով Փաշինյանի տեսակը՝ կասկած չկա, որ եթե նրա ձեռքի տակ որևէ փաստական ապացույց լիներ, այն միանգամից կհանրայնացվեր։ Ինչևէ։)

Փաշինյանը սպառնում է ազատել Վեհարանը, խոսում պարականոններից, մեջբերումներ անում «Կանոնագիրք Հայոց»-ից, իսկ դրան զուգահեռ՝ լիովին «պատահականորեն», իշխանական քարոզչական հարթակներից մեկը հրապարակում է փաշինյանական «Բարբարոսա պլան»-ը, ինչից հետո սկսվում են բռնությունները։

Ի դեպ՝ մասկի շոուի նման իրականացված խուզարկություններից և հրապարակված անհասկանալի ձայնագրություններից հետո տարածվում են տեսանյութեր, որտեղ մի քանի թռուցիկ-ճայթուկներից ու գրանցված որսորդական հրացաններից բացի՝ ոչինչ չի հայտնաբերվում։

Հաջորդ փուլում, մամուլը գրում է, որ հունիսի 26-ի գիշերը դիմակավորված խմբեր պատրաստվում են գրոհել Վեհարանը։ Թեման կրկին վերածվում է էյֆորիայի, ծաղրանքի և ապատեղեկատվության։ Իսկ հունիսի 27-ի վաղ առավոտից «իրավապահները» նախ խուզարկում են Շիրակի թեմի առաջնորդարանը, ապա մի քանի հարյուր հոգով՝ մի մասը դիմակավորված, գրոհում են Վեհարանը, քաշքշում բարձրաստիճան հոգևորականներին, այդ թվում՝ Վեհափառին։ Այս գործողություններից հետո երկամսյա կալանքի են ենթարկվում Հայ Առաքելական Եկեղեցու երկու բարձրաստիճան նվիրապետ։ (Նշեմ, որ կալանավորողն էլ, դարձյալ «պատահականորեն», նույն դատավորն է։)

Այս դեպքում ևս կա կարևոր հանգամանք։ Այն, ինչում մեղադրվում է Միքայելը Սրբազան ՝ «երկրում սահմանադրական կարգը տապալելու և ռազմական հեղաշրջման կոչ կազմակերպելու» մասով, ոչ միայն ունի մի քանի տարվա վաղեմություն, այլև նախորդ տարի ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել էր այդ կապակցությամբ քրեական վարույթ հարուցելու դիմումը՝ նշելով, որ Աջապահյանի հարցազրույցում «չկան այնպիսի գործողություններ, որոնց ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքի նախնական իրավական գնահատական»։

Ստացվում է՝ Փաշինյանը նախանշում է իրեն անհանգստացնող թիրախները, մատնանշում, թե որտեղ է իր խնդիրը, և դրանից անմիջապես հետո՝ առանց որևէ իրական, փաստական հիմքի, Սրբազաններն ու մի շարք անձինք կալանավորվում են։ Մեկ դեպքում՝ «ահաբեկչություն կազմակերպելու», մյուսում՝ «ռազմական հեղաշրջում իրականացնելու» մեղադրանքով։

Այս վակխանալիայից հետո իշխանության՝ բառացիորեն բոլոր ներկայացուցիչները լծվում են «ահաբեկչություն կազմակերպելու» թեզը տարածելուն՝ լիովին անտեսելով անմեղության կանխավարկածի իրավական հիմնադրույթը, ևս մեկ անգամ ապացուցելով, որ տեղի ունեցածը պետական տեռոր է և Փաշինյանի հերթական քմահաճույքի իրականացում։ Այսինքն իրավապահ համակարգին ուղղակի հրաման է իջեցված՝ անել այն, ինչ ցանկանումէ  Փաշինյանը, անկախ այն հանգմաանքից՝ մեղավոր են, թե ոչ։ Մարդկիկ, առանց դատարանի վճռի արդեն համարվում են «ահաբեկիչ»՝ հանրության մոտ ստեղծելով պատրանք, որ դա հենց այդպես էլ կա, և մեղադրանքն ապացուցլեու կարիք փաստացի չկա։

Առկա զարգացումները՝ իրավական ընթացակարգերի խախտումների, իրավապահ համակարգի և գործադիրի միջև հնարավոր կոորդինացման, ինչպես նաև հասարակական ազդեցություն ունեցող կառույցի՝ եկեղեցու նկատմամբ ճնշումների համատեքստում, կարող են բնութագրվել որպես պետական իշխանության կողմից համակարգային ճնշում՝ ընդդիմախոսության և այլընտրանքային կարծիքի դեմ։ Սա արդեն դուրս է միայն քաղաքական գործընթաց լինելու սահմաններից և կարող է ստեղծել երկարաժամկետ ռիսկեր՝ ինչպես պետական հաստատությունների հանդեպ վստահության, այնպես էլ հասարակական համերաշխության առումով։

Արմեն Հովասափյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում