Ավելացել են Հայաստանի առևտրաշրջանառության, արտահանման և ներմուծման ծավալները
Նմանատիպ
Հայաստանից 2016 թվականի հունվար-դեկտեմբերին արտահանման ծավալը կազմել է 1 մլրդ 782 մլն 924.7 հազար ԱՄՆ դոլար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այն ավելացել է 20 տոկոսով: 2016 թվականի հունվար-դեկտեմբերին 1.6 տոկոսով ավելացել է Հայաստան ներմուծման ծավալը` կազմելով 3 մլրդ 292 մլն 425.3 հազար ԱՄՆ դոլար:
Առևտրաշրջանառությունը 2016 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 5 մլրդ 75 մլն 349.9 հազար ԱՄՆ դոլար` աճելով 7.4 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության առումով ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի առաջատար գործընկեր երկիրը: Հայաստանի և ՌԴ-ի միջև 2016 թվականի հունվար-դեկտեմբերին իրականացվել է 1 մլրդ 366 մլն 974.7 հազար ԱՄՆ դոլարի առևտրաշրջանառություն` աճելով 15.1 տոկոսով: Առևտրաշրջանառությամբ երկրորդ խոշոր գործընկեր երկիրը Հայաստանի համար Չինաստանն է, որի հետ իրականացվել է 454 մլն 36.4 հազար ԱՄՆ դոլարի առևտուր, սակայն այդ ցուցանիշը նվազել է 5.7 տոկոսով:
Հայաստանի և Գերմանիայի միջև իրականացվել է 325 մլն 610.9 հազար դոլարի առևտուր` նվազելով 4.9 տոկոսով:
Մեր հարևան երկրի՝ Վրաստանի հետ առևտրաշրջանառության ծավալներն ավելացել են 27.7 տոկոսով. իրականացվել է 245 մլն 261.5 հազար դոլարի առևտուր: Մյուս հարևանի` Իրանի հետ առևտրաշրջանառությունը նվազել է 14.7 տոկոսով` կազմելով 238 մլն 877.4 հազար դոլար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում