Արցախի նախագահի խորհրդականը ԵԽ Նախարարների կոմիտեի նիստում ներկայացրել է ԱՀ դիրքորոշումը
Նմանատիպ
Տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստ, որի ընթացքում քննարկվել են մի քանի հարցեր, այդ թվում` «Չիրագովը և այլոք ընդդեմ Հայաստանի և Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռների կատարման ընթացքը: Նիստին մասնակցել է նաև Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նա ներկայացրել է Արցախի Հանրապետության ղեկավարության դիրքորոշումը Չիրագովի վճռի կատարման համար անհրաժեշտ նախապայմանների վերաբերյալ:
Փաստացի, միջազգային կառույցի պաշտոնական նիստի ընթացքում Արցախի ներկայացուցիչը ներկայացրել է Արցախի Հանրապետության դիրքորոշումը: Նա մասնավորապես նշել է, որ կարելի է քննարկման առարկա դարձնել որևէ վճռի կատարում բացառապես այն դեպքում, երբ ապահովված կլինեն առնվազն երեք կարևոր նախապայմաններ.
1. Անհրաժեշտ է նախ և առաջ Արցախում գտնվող ցանկացած անձի համար ներդնել ֆիզիկական անվտանգության երաշխավորման գործուն մեխանիզմներ,
2. Վերացնել Արցախի Հանրապետություն մուտք գործելու Ադրբեջանի կողմից կիրառվող անհեթեթ սահմանափակումը, այսպես կոչված «Սև ցուցակի» տեսքով,
3. Ներդնել սահմանային միջադեպերի քննության գործուն մեխանիզմ և սահմանից հեռացնել դիպուկահարներին:
Քննարկվել է նաև Սարգսյանի գործը: Ադրբեջանի կառավարությունը ներկայացրել է գործի կատարման ճանապարհային քարտեզ, որում զարմանալիորեն հրաժարվել է իր փաստացի իրավազորության տակ գտնվող տարածքի նկատմամբ իշխանություն իրականացնելու հնարավորությունից, նշելով, որ չնայած օրինակ` Գյուլիստան գյուղը գտնվում է փաստացի իր հսկողության տակ, սակայն ինքն ի զորու չէ այնտեղ իրականացանել իր իշխանությունը: Այսիքն` Ադրբեջանն ընդունում է իր անզորությունը իրականացնել իշխանություն իր իսկ տարածքի մի մասում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում