Ջրային համակարգերի «վնասված թոքերն» ու ծաղկած Սևանը՝ մտահոգության առարկա

Հավասարակշռություն սիրող ֆիտոպլանկտոնը

Բույսերը՝ ցամաքում, միկրոջրիմուռները՝ ջրում, կատարում են նույն գործառույթը՝ անօրգանական միացություններից սինթեզում են օրգանական միացություններ։ Ջրային համակարգի առաջին ավտոտրոֆ օրգանիզմներին սկսեցին մեծ կարևորություն տալ 1800-ականներից սկսած, քանի որ ֆիտոպլանկտոնի (համակեցություն, որի մեջ ջրիմուռների տարբեր խմբեր են մտնում) ուսումնասիրությունը թույլ է տալիս գնահատել ջրային համակարգի վիճակը։ Օրինակ՝ եթե նրանում գերակայում են կապտականաչ ջրիմուռները՝ ցիանոբակտերիաները, ուրեմն առկա է էվտրոֆացման երևույթ, ինչը կարող է բերել ջրամբարի ճահճացման, իսկ եթե դիատոմայիններն են մեծ թիվ կազմում, նշանակում է՝ ջուրը որոշ չափով մաքուր է, ինչը բնորոշ էր Սևանա լճին նախքան մակարդակի իջեցումը։

«Հատկապես վերջին տարիներին՝ կլիմայի գլոբալ տաքացման արդյունքում ջրային համակարգերում բացասական դինամիկա է նկատվում. ինտենսիվ գոլորշիացման հետևանքով ջրի մակարդակն իջնում է, ցիանոբակտերիաներն՝ ակտիվանում և սկսում են գերակայել ֆիտոպլանկտոնում, ինչը հանգեցնում է ջրամբարների ծաղկման։ Բացի այդ, ծաղկման ընթացքում ցիանոբակտերիաներն արտանետում են թունավոր նյութեր՝ տոքսիններ։ Այսինքն՝ ինտենսիվ ծաղկումները կարող են աղտոտել ջրային միջավայրը, ինչպես նաև շատ կայուն տոքսինները արտանետել մթնոլորտ»,-մտագոհված է ԵՊՀ էկոլոգիայի և բնության պահպանության ամբիոնի դոցենտ, ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ Լուսինե Համբարյանը։

Ցիանոբակտերիաների ակտիվ գործունեության համար 1930-ականներից նպաստավոր պայմաններ ստեղծվեցին նաև Սևանա լճում։ Ջրային ոլորտի մասնագետը նկատում է՝ առայսօր չենք կարողացել վերականգնել լճի նախկին՝ մինչև 1933 թ. ունեցած մակարդակը։ Ինչպես գիտենք, 1933-2000թթ. Սևանի ջրի մակարդակն իջեցվել էր ավելի քան 20 մետրով։ Սևանա լճի, ՀՀ գետերի ու տարբեր էկոհամակարգերի ուսումնասիրությամբ զբաղվող Լուսինե Համբարյանը համոզված է՝ այն, ինչ ունենք, պետք է պահպանենք, քանի որ, եթե կորցնենք Սևանը, այն այլևս հնարավոր չի լինի վերականգնել։ Որպես վառ օրինակ՝ էնդեմիկ ձկնային տեսակներն է մատնանշում. « Նախքան ջրի մակարդակի իջեցումը, Սևանի Իշխանը՝ Salmo ischchan-ը, ուներ չորս ենթատեսակներ, որոնք, ի դեպ, էնդեմիկ տեսակներ էին։ Հիմա մնացել է երկու ենթատեսակ ՝ Ցեղարքունին և Ամառային բախտակը, մյուս երկուսն անվերադարձ կորցրել ենք ջրի մակարդակի իջեցման և էկոլոգիական պայմանների փոփոխման արդյունքում, ինչը, որպես հիմնական պատճառ, նշում են ձկնաբանները: Այսօր փորձեր են արվում լճում վերականգնել իշխանի պոպուլյացիայի մայրական կազմը»:

Ջրային համակարգերի բազմաֆունկցիոնալ «փրկարարները»

Էկոհամակարգերի վրա մարդածին գործոնի ազդեցությունը միայն ջրառով չի սահմանափակվում. պակաս տխուր չի լինում պատկերը, երբ ջրային համակարգը դառնում է արդյունաբերական թափոնների «կրիչ»։ Այս դեպքում ջրային համակարգի ամենավստահելի «փրկարարները» միկրոջրիմուռներն են լինում՝ անգամ կապտականաչները։ Սա բացատրվում է նրանով, որ այս խմբի մեջ բացի ջրի որակի ինդիկատորային տեսակներից կան տեսակներ, որոնք կլանում են ծանր մետաղները։ Ահա թե ինչու Լուսինե Համբարյանը պնդում է՝ պետք է առանձնացնել մետաղակլան միկրոջրիմուռներն ու դրանցից կենսազանգված ստանալ, որի օգնությամբ կմաքրվեն աղտոտված ջրամբարները։

Արդեն մի քանի տարի է, ջրակենսաբանն աշխատում է այդ ուղղությամբ. խոստովանում է՝ ժամանակատար աշխատանք է, բայց վերջնական արդյունքը շատ կարևոր ու զգալի կլինի։ «Այն ջրային համակարգերը, որոնք գտնվում են հանքարդյունաբերական շրջաններում, օրինակ՝ Դեբեդ և Ողջի գետերը, տարբերվում են իրենց միկրոջրիմուռային կազմով. դրանք, իրոք, ինդիկատորներ են, կարող ենք լաբորատոր պայմաններում օգտագործել՝ միկրոջրիմուռների մաքուր կուլտուրաներ ստանալու համար։ Եթե կարողանանք գտնել, թե որ տեսակներն են ավելի լավ կլանում այս կամ այն մետաղը, ապա կարող ենք համագործակցել արդյունահանողների հետ, դրանք օգտագործել ջուրը մաքրելու համար։ Քանի որ դա կլինի կենսաբանական մաքրման միջոց, ուստի և´ էժան կլինի և´, որ շատ կարևոր է, էկոհամակագին որևէ վնաս չի տա»։

Ծանր մետաղների ազդեցությունը չեզոքացնելուց բացի, միկրոջրիմուռների որոշ տեսակներ կլանում են նաև մարդու տնտեսական գործունեության այլ թափոններ. կլանելով ջրային համակարգ թափված տարբեր լվացանյութերի բաղադրության մեջ մտնող ազոտն ու ֆոսֆորը՝ ջուրը մաքրում, իսկ իրենք սնվում են դրանցով։ Ցեանոբակտերիաներն էլ մթնոլորտից են կլանում ազոտն ու ապահովում հողի բնական պարարտացումը։

Միկրոջրիմուռների գործունեության դրական կողմերն այսքանով չեն սահմանափակվում. դրանց մեծ մասը հարուստ է օգտակար նյութերով և ունի արագ վերականգնելու հատկություն։ Ահա թե ինչու միկրոջրիմուռները լայնորեն կիրառվում են թե´ կոսմետիկ միջոցների արտադրության, թե´ սննդի մեջ՝ որպես սննդային հավելումներ։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում