«Զգուշացնում էինք ադրբեջանական կողմին՝ պետք չէ մեր համբերությունը չափել».ՊՆ մամուլի խոսնակ
Նմանատիպ
Երեկ ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծի մարտական հենակետերից մեկում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցին պատասխանեց այս օրերին նրանց և ազգաբնակչությանը հուզող հարցերին՝ սահմանային լարվածության, սահմանամերձ գյուղերում տիրող իրավիճակի և հայկական կողմի պատասխան գործողությունների հետ կապված:
«Այո, որոշակի լարվածություն կա, հակառակորդը հաճախ է կրակում, բայց դիրքերի ուղղությամբ ավելի շատ, քան գյուղերի: Չնայած սրան դուք տեսաք, որ զինվորները քմծիծաղով պատասխանցին մեր այն հարցին, թե ինչպե՞ս են ընդունում հակառակորդի կրակոցները: Տավուշցին արդեն 20 տարուց ավելի ընտելացել է այս ամենին և հաճախ առիթ ունեցել ենք հարցնելու՝ հակառակորդը շա՞տ է կրակում, իրավիճակն ինչպե՞ս է և ստացել պատասխան՝ դա ձեզ համար է արտառոց բան, մեզ մոտ սա սովորական կյանք է»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինն այս համատեքստում նկատեց, որ տարվա ընթացքում կան որոշակի սեզոնային փուլեր՝ գարնանացան և բերքահավաք, երբ հակառակորդը ակտիվություն է դրսևորում, իհարկե, սա պատճառներից մեկն է:
Times.am-ի հարցին՝ գլոբալ առումով հակառակորդի նպատակը ո՞րն է: Որոշ քաղաքագետներ ասում են, որ ուզում են դատարկել սահմանամերձ գյուղերը, հասնել բնակչության տեղահանմանը, ոմանք էլ, թե փորձում են միջազգային կառույցներին ինչ-որ բան ցույց տալ, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նկատեց.
«Կարծում եմ՝ բոլորը միասին, չի կարելի առանձնացնել խնդիրները: Այն, որ հակառակորդն այս կերպ փորձում է ճնշել հայ մարդուն, հայ զինվորին՝ ակնհայտ է: Մյուս կողմից և՛ ներքին, և՛ արտաքին պատճառներ կան: Հիմա Ադրբեջանի բանակում ծառայում է մի սերունդ, որը հայի կողմից պարտություն անձամբ չի տեսել, այսինքն՝ ինքը լսել ու լսում է այսօրվա քարոզչական հեքիաթները և իրեն փորձում են հաղթողի կերպարով դաստիարակել՝ նախահարձակ գործողություններով, հրադադարի անընդհատ խախտումներով: Այլ հարցը է, որ երբեմն իրենց իսկ տեղեկատվական դաշտից այս քարոզչամեքենան ստանում է այնպիսի հակահարված, որ հասարակ բանական մարդիկ հարց են տալիս՝ բա եթե մենք այդքան հզոր ենք, ինչպես ներկայացվում է, այդ դեպքում ինչպե՞ ս են հայերը համարձակվում հարձակվել և մեզ այսքան կորուստ պատճառել»:
Times.am-ի հաջորդ հարցադրմանը, թե շատ հաճախ քննադատություններ են հնչում հայկական հենակետերի վիճակի վերաբերյալ՝ առաջ քաշելով նորագույն սարքավորումներով վերազինման անհրաժեշտությունը, մենք ինչ-որ նոր լուծումների գնո՞ւմ ենք այս առումով, Արծրուն Հովհաննիսյանը շեշտեց, որ ոչ մի օր հենակետերի, մարտական դիրքերի, խրամուղիների, խրամաբջիջների հանդերձավորումը չի դադարել.
«Դուք ինքներդ տեսաք դիրքում ինչքան շինարարական նյութեր կան, որոնք վաղը պիտի կիրառվեն: Այսինքն՝ նոր փշալարեր, նոր բետոնյա կառույցներ, նոր խրամափոսեր և շատ գաղտնիքներ չենք էլ կարող բացել: Այն միամիտ մեկնաբանությունները, թե կարելի է գերժամանակակից տեխնիկական սարքերով ամեն ինչ անել, այնքան էլ չենք կիսում: Չնայած երբեք չենք ասել, որ այդ սարքերը չեն կիրառվի մեզանում և պետք չեն: Շատ տեղերում մենք այդ սարքերից ունենք ու միշտ ասել ենք՝ թող ներկայացնեն հայտեր, առաջարկներ, փորձաշրջան անցնեն, կարդարացնե՞ն իրենց՝ կօգտագործենք: Բայց, այդ սարքերն էլ, զինվորի անհատական զգոնությունն էլ, պարզ տեխնիկական լուծումներն ու հնարամտություններն էլ պիտի համադրվեն և մեկ միասնության մեջ լինեն»:
Անդրադառնալով հայկական կողմի ռազմական կամ ռազմաքաղաքական մարտավարությանը, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հիշեցրեց, որ մարտավարության փոփոխություն տեղի չի ունեցել: Ավելի կոնկրետ՝ հակառակորդը կրակում է՝ մենք պատասխանում ենք, հակառակորդը շատ է կրակում՝ մենք ավելի ուժգին ու դիպուկ ենք պատասխանում:
«Մենք զգուշացնում էինք ադրբեջանական կողմին՝ պետք չէ մեր համբերությունը չափել: Պետք չէ անընդհատ փորձել դիվերսիաներով և հրադադարի ռեժիմի խախտմամբ մեզ ինչ-որ բան պարտադրել: Մենք մեկ անգամ պարտադրված վիճակում եղել ենք ու այդ վիճակում հաղթել, թող չմոռանան դա»,-ամփոփեց Արծրուն Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ հայ զինվորը երբեք ադրբեջանական գյուղերի ուղղությամբ թիրախային կրակ չի բացել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում