Դրամահավաք է հայտարարված Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի կառուցման համար
Նմանատիպ
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը կոչով դիմել է իր համաքաղաքացիներին՝ Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի կառուցմանն աջակցելու խնդրանքով: Times.am-ը ներկայացնում է Ստեփանակերտի քաղաքապետի ուղերձն ամբողջությամբ.
«Արցախյան ազգային-ազատագրական շարժումը, որը մեր ժողովրդի ինքնագիտակցության դրսևորման ու հոգևոր վերազարթոնքի գագաթնակետը հանդիսացավ, մեզ հնարավորություն ընձեռնեց ձերբազատվել անցյալ նախապաշարումներից, ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը, վերաարժևորել ապրած տարիները և իմաստավորելով ներկան` ամուր ու անսասան պահել մեր հավատքը:
Անկախության կերտման տարիներին, հայ առաքելական եկեղեցին, որպես ժողովրդին համախմբող և միաբանող ուժ, մշտապես գտնվել է պետության կողքին, իր աստվածահաճո ձեռնարկումներով նպաստել հայրենիքի զորացմանը: Այսօր էլ, այդ պատվաբեր առաքելությունը ստանձնած Արցախի հոգևոր թեմը` Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի առաջնորդությամբ, շարունակում է ազգանպաստ իր գործունեությունը, հանրապետության բնակավայրերում կառուցելով նոր եկեղեցիներ, նորոգելով և վերաբացելով տարիներով գոցված մեր հոգևոր տները:
Սիրելի հայրենակիցներ
Ուզում եմ Ձեզ դիմել, իմ համոզմամբ, ստեփանակերտցիներիս համար կարևոր նշանակություն ունեցող մի հարցով: Արձագանքելով ԼՂՀ իշխանությունների, մայրաքաղաքի բնակչության խնդրանքին, 2006թ. հուլիսի 15-ին Ստեփանակերտում կատարվեց Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի հիմնարկեքը, որն օծվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անմիջական ձեռամբ: Եկեղեցու շինարարության համար, որն իրականացվում է ինչպես հայ Առաքելական եկեղեցու, այնպես էլ անհատ նվիրատուների հանգանակած միջոցների հաշվին, արդեն ծախսվել է ավելի քան 600 հազար ԱՄՆ դոլար: Այդ նպատակով շոշափելի գումարներ են նվիրաբերել պետական այրեր, հոգևոր առաջնորդներ, հայտնի բարերարներ, մշակույթի և արվեստի գործիչներ, շարքային քաղաքացիներ:
Գաղտնիք չէ, որ նման նշանակության կառույցների իրագործումը հնարավոր է լինում միայն հասարակության լայն շերտերի մասնակցությամբ: Հաշվի առնելով այդ հանգամանքը, համոզված եմ, որ ստեփանակերտցիները` մեծ ու փոքրով, փոխըմբռնումով կմոտենան խնդրին և հնարավորության սահմաններում, որոշակի գումար նվիրաբերելով կնպաստեն մայրաքաղաքի եկեղեցու կառուցմանը:
Հայրենակիցներ
Հավատացած եղեք, որ Ձեր օգնությունն անգնահատելի ներդրում կլինի մայր տաճարի շինարարությանը: Ուրեմն ակտիվորեն մասնակցենք դրամահավաքին և համատեղ ուժերով կառուցենք Աստծո տունը:
Նվիրատվության նպատակով փոխանցումները կարելի է կատարել`
Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմ, “Ամերիբանկ”-ի
Ստեփանակերտի մասնաճյուղ, AMD
հ/հ 1570001158220100
հեռ. 374 97279999, 374 93401419»
Հետևեք մեզ նաև Telegram-ում