Հակառակորդին պետք է տալ համարժեք պատասխան. Աղվան Վարդանյան

Հակառակորդին պետք է տալ համարժեք պատասխան. Աղվան Վարդանյան

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը գտնում է, որ Ադրբեջանը պետք է համարժեք պ ատասխան ստանա նոյեմբերի 12-ին ուսումնական թռիչք իրականացնող ԼՂՀ ՊԲ ուղղաթիռը խոցելու համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատգամավորն ընդգծեց, որ Ադրբեջանի քաղաքականությունը տարիների ընթացքում չի փոխվել` անընդհատ լարվածություն ստեղծել, անընդհատ փորձել խոսել ուժի դիրքերից, ցույց տալ, որ դա իր տարածքն է: «Ադրբեջանի նման պահվածքը և պարբերական բնույթ կրող սադրիչ գործողությունները մեզ համար սովորական են դարձել, բայց պատասխանն այս անգամ գոնե պետք է այլ լինի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վարդանյանը:

Նա հավելեց, որ շատ չի հավատում միջազգային հանրության համարժեք արձագանքին, քանի որ տարիների ընթացքում նաև դա ենք տեսել: Պատգամավորը շեշտեց, որ դրական չի վեաբերվում միջազգային հանրության կրկնակի ստանդարտներով հերթական հայտարարություններին ու զսպվածության փոխադարձ կոչերին:

Աղվան Վարդանյանի համոզմամբ` շատ լուրջ անելիք ունի ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` առնվազն իր պարտականությունների առումով, իսկ մնացյալը ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի զինված ուժերի խնդիրն է: «Մինչև հակառակորդը չզգա, որ մեկին տասը պատժվում է, այդ սադրանքները շարունակվելու են»,- ընդգծեց պատգամավորը:

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի է, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Երեք տարի շարունակ մենք փորձում ենք ապահովել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը, խաղաղ թռիչքներ ապահովել և մյուս կողմից` այսպիսի դիրքորոշում: Խնդիրը նուրբ է: Անվտանգության խորհրդի նիստում, վստահ եմ, նաև այս հարցերն են քննարկվել, բայց սա ևս մեկ անգամ ապացուցում է` հակառակորդի հետ պետք է խոսել իր լեզվով: Ցանկացած թուլության նշան, զիջելու ցանկացած պատրաստակամություն, իրենց կողմից կբերի իրավիճակ ի եռակի-քառակի սրման: Մի տեղ մենք պետք է իսկապես հասկանանք` որքան էլ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ուղղված է դիվանագիտական ճանապարհով հարցի խաղաղ կարգավորմանը, միջազգային հանրության հետ աշխատելուն, պիտի հակառակորդին տալ համարժեք պատասխան»,- եզրափակեց Վարդանյանը:

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում իրավիճակը լարված է: Սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղել մա յոր Սերգեյ Սահակյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտել է, որ հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք, եւ ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից:

Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը:

Նոյեմբերի 13-ին Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ է արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը:

Հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ԱՄՆ պետքարտուղարությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում