«Ինչո՞ւ պետք է տեղական արտադրանքն այդքան թանկանա». Այվազյանը Շաբոյանից բացատրություն է պահանջելու

«Ինչո՞ւ պետք է տեղական արտադրանքն այդքան թանկանա». Այվազյանը Շաբոյանից բացատրություն է պահանջելու

«Ինչո՞ւ պետք է տեղական արտադրանքն այդքան թանկանա»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը պատրաստվում է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի Արտակ Շաբոյանին հրավիրել և բացատրություն պահանջել:  Ըստ նրա՝  գործ  ունենք ոչ մրցակցային պայմաններում սպեկուլյատիվ գնաճի հետ:

«Գնաճը միայն դրամ-դոլար տատանումների հետ չի կապված, այստեղ խնդիր կա, ուստի պետք է ամբողջ դաշտն ուսումնասիրել: Այդ թվում` սպեկուլյատիվ դաշտը` սկսած բանկերից, տեղական արտադրողից: Կանոնակարգված ձև կա, թե երբ կարող է ապրանք թանկացնել, այն է՝ երբ  գտնվում է գերիշխող դիրքում կամ հակամրցակցային պայմաններում: Ինչո՞ւ պետք է տեղական արտադրանքի գինն այդքան բարձրանա: Կենտրոնական բանկը կարող էր զսպել միայն դոլար-դրամ հարաբերությունը: Ես Շաբոյանին  կհրավիրեմ ԱԺ, որպեսզի այս հարցը պարզենք, և իրենց դիրքը չարաշահողները պատժվեն»,-ասաց Այվազյանը` հավելելով, որ Կենտրոնական բանկի զսպման գործիքները սահմանափակ են:

Հանդիպմանը ներկա ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանը հակադարձեց, թե պետք է  նեոլիբերալ համակարգը  փոխվի, քանի որ մրցակցային հանձնաժողովը ոչինչ չի կարող  անել, եթե վերևից հրահանգ չկա.   «Իրենք նույն բիզնեսի տղերքն են, եթե մի բան ասի, կասեն՝ բա դու ինչ ես անում»: Միաժամանակ, Սարգսյանը նկատեց, որ օրենսդիր մարմինը գործադիրին պետք է պարտադրի կարգավորիչ գործառույթներ:

ՀՀԿ-ական պատգամավորը նախ առաջին մտքի մասով  շեշտեց, թե մրցակցային հանձնաժողովն անկախ մարմին է, ուստի նրան հրահանգելն ու պարտադրելը սխալ է.

«Կոմունիստական մտքեր եք  արտահայտում»,-շարունակեց Այվազյանը:

«Եթե լավ բան է, թող էլ կոմունիստական լինի»,-արձագանքեց Սարգսյանը:

«Դրանում վատ բան չկա. ես էլ  նախկինում կոմունիստ  եմ եղել, ասեմ, որ հետո չփորփրեք: Բայց ասում ենք, թե  կառավարությունն ինչու չի անում: Կառավարությունը ստեղծել է մի քանի անկախ հանձնաժողով, որոնց իրավասությունն է կարգավորիչ դեր կատարելը»,-պատասխանեց ՀՀԿ ներկայացուցիչը: Ինչին ի պատասխան Արամ Սարգսյանը պարզաբանեց՝  պետք է օրենքը պառլամենտը փոխի և պարտադրի կառավարությանն այդ գործողությունն անել:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում