Ինչո՞ւ Պուտինը ռազմավարական դաշնակցին մոռացավ. դա լա՞վ է, թե՞ վատ. պատգամավորական կարծիքներ

«Պուտինը ոչ թե մոռացավ, կամ չցանկացավ ասել, այլ այդ պահին չկարևորեց դա: Չեմ կարծում, որ նորմալ է դրանից եզրակացնել, թե մեր հանդեպ վերաբերմունք է փոխվել և մենք դաշնակիցներ չենք»,-այսօր  լրագրողների հետ հանդիպմանը նկատեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն՝ անդրադառնալով  հարցին՝ ինչո՞ւ իր ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չանդրադարձավ ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազային:

Հանդիպմանը ներկա «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հակադարձեց՝ ռազմավարական գործընկերոջը  չեն մոռանում, նրան առաջինն են հիշում:

«Մի կողմից էլ երևի  լավ է, որ չի հիշել, քանի որ երբ Ռուսաստանը մեզ հիշում է, հաճախ դա դրական հետևանքներ չի ունենում»,-շարունակեց նա: 

Ինչ վերաբերում է ՌԴ-Թուրքիա գործընկերային հարաբերությունների մասին Պուտինի շեշտադրումներին, ապա այս անգամ  ըստ Կարինե Աճեմյանի, պարզունակ տրամաբանություն է, թե  մեր դաշնակիցն այլ երկրի հետ չպետք է շփվի, կառուցի հարաբերություններ: Այլ հարց է, որ պետք է փորձել այդ հարաբերություններում մեր շահը տեղավորել:

Այս հարցում Թևան Պողոսյանը համակարծիք է՝ պետք է այնպես անել, որ ռուս-թուրքական մերձեցումից չտուժենք, այլ շահենք. «ՌԴ-ն Թուրքիայում պիտի ատոմակայան կառուցի, ինչո՞ւ չենք պահանջում, որ այդ ատոմակայանի ինչ-ինչ խնդիրներ հայկական կողմը կատարի և ստանա դերակատարություն»,-շեշտեց նա:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում