Մեր երկիրը, տնտեսությունը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի՝ ՀՀ վարչապետ

Մեր երկիրը, տնտեսությունը պետք է պատրաստ լինի յուրաքանչյուր սցենարի՝ ՀՀ վարչապետ

Աշխարհում ընթանում է տնտեսական պատերազմ, և մեր երկիրը, տնտեսությունը պետք է պատրաստ լինեն յուրաքանչյուր սցենարի: Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ընդգծելով, որ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը տարբեր միջոցառումներ է ներկայացնում կառավարությանը՝ հնարավոր խնդիրները լուծելու համար:

«Մենք քննարկել ենք բազմաթիվ միջոցառումներ՝ տնտեսության դիմադրողականությունը և պաշտպանողականությունը մեծացնելու համար: Այս առումով, խիստ կարևոր է արտարժութային ներհոսքերի ապահովումը: Մասնավորապես, արտահանման խթանման վերաբերյալ օրենքի նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով: Մենք դա համարել ենք նաև հրատապ, որպեսզի քննարկվի արդեն իսկ եկող քառօրյայում: Մեր կարծիքով՝ դա հնարավորություն կտա որոշակիորեն խթանում ապահովել, որպեսզի ունենանք արտահանման աճ: Դրանից բացի, մի շարք քայլեր ենք նախատեսում նաև միջոցներ ներգրավելու համար»,- ասաց «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ քննարկվել են նաև արտարժութային շուկայի կանոնակարգումներին առնչվող հարցեր: Շուտով կառավարությունում քննարկման կդրվի Կենտրոնական բանկի կողմից մշակված և աշխատանքային խմբում մանրամասն քննարկված արտարժութային փոխանակման կետերի նոր հայեցակարգ: Դրանից բացի, քննարկվել է նաև Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի հետ հնարավոր գների փոփոխություններին արագ արձագանքելու խնդիրը: Այս տեսակետից, Գաբրիելյանի խոսքով, դիտարկում են ինչպես անել, որպեսզի դրսից եկող էական տատանողականություններն անմիջապես չազդեն Հայաստանի արժույթի վրա: ՀՀ փոխվարչապետի խոսքով՝ այս միջոցառումը շատ կարևոր ազդակ է հատկապես մասնավոր ներդրողների կողմից միջոցներ ներգրավելու՝ Հայաստանում կապիտալ ծրագրեր իրականացնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում