Ցեղասպանության հարցում Բունդեսթագը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը

Ցեղասպանության հարցում Բունդեսթագը պետք է հստակեցնի իր դիրքորոշումը

«Եթե Գերմանիան ցանկանար, ապա կարող էր կանխել հայերի հանդեպ իրագործած ոճրագործությունը»,- երեկ Բեռլինի խորհրդարանի նիստերի դահլիճից հայտարարեց Փոցդամի համալսարանի «Մոզես Մենդելսոն» հրեագիտության կենտրոնի պրոֆեսոր Յուլիուս Շյոփսը:

Փետրվարի 26-ին Բեռլինի պատգամավորների պալատում` խորհրդարանում, Գերմանիայում ՀՀ դեսպանատունը, Բեռլինի հայ համայնքը, «Ցեղասպանություն 1915- Գերմանիա» նախաձեռնությունը կազմակերպել էին Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառում:

«Գերմանացի միսիոներները, զինվորականները տեղյակ էին երիտթուրքերի ծրագրերի մասին, սակայն չկանխեցին դարասկզբի այդ հանցագործությունը», -նշեց Շյոփսն իր ելույթում: Ըստ նրա` տնտեսական, քաղաքական ու ռազմական շահերից ելնելով` շատ երկրներ այսօր էլ շարունակում են լռել Ցեղասպանության մասին: 2005 թ-ին Գերմանիան հայերի կոտորածները դատապարտող բանաձեւ ընդունեց, սակայն դրանք չանվանեց Ցեղասպանություն: Գերմանացի գիտնականը նշում է, որ պատճառը Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ում` այսինքն ռազմական նույն դաշինքում գտնվելն էր, եւ Գերմանիայում ապրող շուրջ երեք միլիոն թուրքական համայնքի առկայությունը:

«Այս հարցում Բունդեսթագը պետք է հստակեցի իր դիրքորոշումը` 1915 թին հայկական կոտորածները ցեղասպանություն որակելով»-ընգծեց Շյոփսը:
Գերմանիայում ՀՀ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Աշոտ Սմբատյանը եւս հույս հայտնեց, որ այս տարի Գերմանիայի Բունդեսթագը մի գուցե կկարողանա վերանայել 2005թ. իր ընդունած բանաձեւը` Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրագործած բռնություններն ու կոտորածներն անվանելով Ցեղասպանություն:

Սմբատյանը հիշեցրեց, որ մինչ օրս միայն Բրանդենբուրգ դաշնային երկրամասն է Հայոց ցեղասպանության փաստը ներառել դպրոցական դասագրքերում, ինչը օրինակ կարող է հանդիսանալ դաշնային մյուս երկրամասերի համար, որոնք որոշակիորեն զգուշավորություն են ցուցաբերում` պայմանավորված թուրքական գործոնով:

Գերմանական կողմից հստակություն է ակնկալում նաեւ Բեռլինի հայկական համայնքի վարչության անդամ Վարդգես Ալյանակը, ով իր ելույթում անդրադարձավ մասնավորապես Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:

Հիշատակի հուշ-երեկոյին ներկա էին Գերմանիայի Արտգործնախարարության ներկայացուցիչներ, Բունդեսթագի եւ Բեռլինի խոհրդարանի պատգամավորներ, հայկական, ասորական, քրդական, ալեւիական համայնքի անդամներ:

Հնչեցին անվանի ջութակահար Սերգեյ Խաչատրյանի, դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի եւ սաքսաֆոնահար Կորյուն Ասատրյանի կատարումները: Ծրագրում ներառված էր նաեւ Կոմիտաս:

Տիգրան Պետրոսյան, Բեռլին

Հետևեք մեզ նաև Telegram-ում