Կապի եւ տրանսպորտի փոխնախարարը խոստացավ գյումրեցի տաքսիստների բողքը ներկայացնել նախարարին

Կապի եւ տրանսպորտի փոխնախարարը խոստացավ գյումրեցի տաքսիստների բողքը ներկայացնել նախարարին

ՀՀ կապի տրանսպորտի նախարարի տեղակալ Արամ Արսենյանը խոստացավ գյումրեցի տաքսու վարորդների բողոքը ներկայացնել նախարարին, իսկ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն առաջարկեց վարորդներին շարունակել աշխատանքը՝ մինչեւ հարցի քննարկումը:

Նշենք, որ անհատ տաքսիստները մարտի 2-ին կրկին հավաքվել էին Գյումրու կենտրոնական հրապարակում: Վարորդները բողոքում են 2015 թվականի հունվարի 6-ից գործող, մարդատար-տաքսիներով ուղեւորափոխադրման կազմակերպումը կանոնակարգող «Լիցենզավորման մասին» ՀՀ նոր օերնքով սահմանված պետական տուրքի՝ ամսական 8 հազար դրամ հաստատագրված արժեքի վճարման, ինչպես նաեւ մեքենաներում հաշվիչների տեղադրման որոշումների դեմ: Որպես հիմնավորում` վարորդները պնդում են, որ նախ Գյումրիում փողոցները գտնվում են սարսափելի վիճակում, երկրորդ՝ մեծ է գործազրկության մակարդակը, որի պատճառով Գյումրիում ուղեվարձն արժե ընդամենը 500 դրամ, իսկ լավագույն դեպքում վարորդները օրեկան կատարում են 3 ուղեւորափոխադրում:

ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպում ունելու ակնկալիքով, վարոդներն այսօր կրկին հավաքվել էին կենտրոնական հրապարակում. 2 օր առաջ տաքսիսիտների հետ հանդիպման ժամանակ Շիրակի մարզպետը խոստացել էր հանդիպում` նախարարության ներկայացուցիչների հետ, որի ժամանակ վարորդները հնարավորություն կունենային փոխանցելու իրենց դժգոհությունները:

Խակայն, հանդիպումը, որը բողոքի մասնակիցների եւ նախարարության ներկայացուցիչների միջեւ կայացավ Գյումրու քաղաքապետարանում, ըստ փոխնախարարի, անարդյունավետ էր, քանի որ ցույցի մասնակիցները կտրուկ հրաժարվում էին լսել փոխնախարարի պարզաբանումները: Փոխնախարարն արձանագրեց, որ այսօրվա իր առաքելությունը ձախողված է, թեեւ խոստացավ վարորդների բողոքը ներկայացնել նախարարին: Վարորդներն էլ վստեհեցին՝ իրենք պատրաստ են ցանկացած քայլի դիմել՝ ընդհուպ մինչեւ Գյումրի-Երեւան մայրուղու փակումը: Վարորդները նախարարությանը հարցի քննարկման համար 3 օր ժամանակ տվեցին:

Արմենուհի Մխոյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում