Էթյեն Մահչուփյան. «Հայ լինելով հանդերձ` ես ինձ ավելի շատ օսմանցի եմ զգում»

Էթյեն Մահչուփյան. «Հայ լինելով հանդերձ` ես ինձ ավելի շատ օսմանցի եմ զգում»

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանն անդրադարձել է իր հայկական ծագման, իր անձի ու պաշտոնի նկատմամբ հայերի դրսևորած վերաբերմունքին:

Այս մասին հայտնող թուրքական իշխանամետ «yenisafak.com.tr» պարբերականի կայքը, նշում է, որ Բելգիայի Գենտ քաղաքում  ելույթ ունենալով «Նոր Թուրքիա» խորագրով սեմինարում` Մահչուփյանը մասնավորապես ասել է. «Հայերն ինձ դավաճան են ասում, թե ոչ, ես դա բնավ չեմ կարևորում: Ի վերջո, հայերի մեջ տարբեր կարծիք ունեցող մարդիկ կան: Շատ հնարավոր է, որ այդպես ասող հայեր էլ կան, բայց դա կարևոր չէ»:

Մահչուփյանը նաև նշել է, որ Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո (1923թ.) այնտեղ ապրող հայերը զգալի դժվարությունների են բախվել` կապված քաղաքացիության հետ: Բայց, ըստ իր դիտարկման, վերջին 10 տարվա ընթացքում հայերը Թուրքիայում ակնհայտորեն իրենց ավելի ազատ են զգում:

«Ես իմ հայ լինելն ապացուցելու կարգավիճակում չեմ: Հայ լինելով հանդերձ՝ ես ինձ ավելի շատ օսմանցի եմ զգում: Մենք այս տարածքում ապրել ու մեր մշակույթը զարգացրել ենք օսմանյան, դեռ ավելին՝ օսմանցիներին նախորդած բյուզանդական ժամանակներից ի վեր: Իմ կարծիքով կարևորը հենց սա է», -ասել է Դավութօղլուի խորհրդականը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում