Ադրբեջանը եկող տարվա բյուջեում նավթի գինը կհաշվարկի գրեթե երկու անգամ ցածր

Ադրբեջանը եկող տարվա բյուջեում նավթի գինը կհաշվարկի գրեթե երկու անգամ ցածր

Ադրբեջանի 2016 թվականի պետբյուջեն կձեւավորվի նավթի գինը մեկ բարելի դիմաց 50 դոլար հաշվարկով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թրենդ» լրատվական գործակալությունը, այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը:

Նա ասել է, որ նախարարությունն արդեն պատրաստել է եկող տարվա պետբյուջեի նախնական տարբերակը` հաշվի առնելով նավթի համաշխարհային գների կանխատեսումները:

«Նախնական սցենարները կառուցված են նավթի 50 դոլար գնի մակարդակի հաշվարկով: Դրա հետ միասին, մենք շարունակելու ենք հետեւել տեղի ունեցող գործընթացներին», -ասել է նա:

Նավթի համաշխարհային գների կտրուկ էժանացման պատճառով 2015 թվականի առաջին ամիսներին պետբյուջե Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) եւ Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի կողմից հարկային փոխանցումները գրեթե 40 տոկոսով պակասել են, ինչի հետեւանքով Ադրբեջանի ազգային արժույթը` մանաթը 34,6 տոկոսով արժեզրկվել է: Մանաթի փոխարժեքը ներկա մակարդակին պահելու համար Ադրբեջանի կենտրոնական բանկն ամիսը միլիարդավոր դոլարներ է ծախսում:

Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 87 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին:

Ադրբեջանի 1915 թվականի պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 44 դոլարով ցածր է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում