Ներքին Կարմիրաղբյուրում Ցեղասպանության զոհերի հիշատակին հուշակոթող է բացվել (ֆոտո)
Նմանատիպ
Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներից անմասն չի մնացել Տավուշի մարզի սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր գյուղը:
Times.am-ին Ներքին Կարմիրաղբյուրից փոխանցեցին, որ այսօր՝ ապրիլի 24-ին, հայ-ադրբեջանական սահմանից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող գյուղում տեղի բնակիչների և արտերկրում բնակվող հայրենակիցների ջանքերով բացվել է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակման հուշակոթող: Միջոցառմանը ներկա են եղել ինչպես Ներքին Կարմիրաղբյուրից, այնպես էլ բազմաթիվ հյուրեր Տավուշի մարզի մյուս բնակավայրերից և արտերկրից, այդ թվում՝ զինվորականներ: Հուշակոթողի բացման արարողությունից հետո հիշատակի միջոցառում է կազմակերպվել նաև գյուղի դպրոցում: Իսկ ուշ երեկոյան հուշակոթողի մոտից երիտասարդները խորհրդանշական հարյուր օդապարիկ բաց կթողնեն երկինք:
Մինչ այդ գյուղացիները նշել են, որ հուշարձանը լոկ քար չէ, այլ զգոնություն պարտավորեցնող կոթող. «Մեր գյուղն այսօր փորձեց մաքրել արցունքը, հերի՛ք է լացենք: Մեր 100 տարվա ցավն այսօր մեզ համար դարձավ ոգեկոչման ու վերածննդի խորհրդանիշ, այսօրվա միջոցառումներով մենք ողջ աշխարհին ուզեցանք հասկացնել, որ մենք ապրում ենք և թուրքին չհաջողվեց իրականացնել իր ցանկությունը՝ թողնել մեկ հայ, այն էլ թանգարանում: Այսօր բոլորս համախմբված էինք ու հատկապես՝ սահմանում, ինչն ամենակարևորն է, մենք ուրիշ տարբերակ չունենք»,-շեշտում է Կարմիրաղբյուր գյուղի դպրոցի փոխտնօրեն Նարա Պապյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում