Արևմտյան Հայաստանը ազատելու կոչ. մարդիկ յուրովի են ոգեկոչում ցեղասպանության 100-րդ տարելիցը

Արևմտյան Հայաստանը ազատելու կոչ. մարդիկ յուրովի են ոգեկոչում ցեղասպանության 100-րդ տարելիցը

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մարդիկ յուրովի են ոգեկոչում: Չնայած անձրևին ու եղանակային անբարենպաստ պայմաններին` դեպի հուշահամալիր մարդկանց հոսքը չի դադարում: Հայերի կողքին էր նաև արմատներով Ավստրալիայից ու Նոր Զելանդիայից Լեն Վիքսը: Նա կրում էր այս գրությամբ պաստառ. «Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի ժողովրդի անունից ներողություն եմ խնդրում ողջ հայ ժողովրդից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու քաջությունը չունեցող իմ ղեկավարների համար: Ես այստեղ եմ ասելու ձեզ, որ մենք մտածում ենք` չնայած մեր քաղաքական գործիչների ամոթալի քայլին»:

 « Արմենպրես»-ի փոխանցմամբ` Լեն Վիքսը գիրք է գրել Հայաստանի մասին և ցանկանում է դրա հիման վրա ֆիլմ նկարահանել: Ի դեպ` Լեն Վիքսի կինը հայ է:

Բոստոնի հայ համայնքի ներկայացուցիչ Գյուլնար Սահակյանն էլ իր ընտանիքի անդամների և ընկերների հետ Հայաստան է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար: Նրանք իրենց հետ բերել են «Ազատություն Արևմտյան Հայաստանին» կոչը, որով հանդես են գալիս նաև Բոստոնյան միջոցառումների ժամանակ: Գյուլնար Սահակյանի երկու կողմի տատիկ-պապիկներն իրենց մաշկի վրա են զգացել Հայոց ցեղասպանության դաժանությունը:

 Տատիկներից մեկը թոռնուհուն տվել է այս պատգամը. «Թուրքը մեր հողը, տները վերցրել է, բայց մեր մարդկությունը չի կարողացել առնել, ուր կգնաք, նույն մարդկայնությամբ ու հպարտությամբ ապրեք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում