Սրբոց Քառասնից մանկանց եկեղեցու ավերումն ստվերում է իսլամ և քրիստոնյա ժողովուրդների խաղաղ համակեցությունը

Սրբոց Քառասնից մանկանց եկեղեցու ավերումն ստվերում է իսլամ և քրիստոնյա ժողովուրդների խաղաղ համակեցությունը

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ապրիլի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Քասիմիին: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ողջունելով նորանշնակ դեսպանին և Հայաստանում բարի առաքելություն մա ղթելով նրան՝ Վեհափառ Հայրապետը նշել է, որ դեսպանի ներկայությունն ավելի պիտի զորացնի երկու ժողովուրդների պատմական կապերը և ընդլայնի երկրների միջև համագործակցությունը: Նորին Սրբությունը երախտագիտությամբ է ընդգծել, որ արաբ ժողովուրդը Հայոց ցեղասպանության տարիներին եղեռնահար հայ ժողովրդի զավակներին ապաստան է տվել, հնարավորություն ընձեռել իրենց ազգային-եկեղեցական ավանդույթներով ազատորեն վերակազմակերպելու իրենց կյանքը, կառուցելու եկեղեցիներ ու դպրոցներ և վայելելու արաբական պետությունների հոգատար վերաբերմունքը:

Ամենայն Հայոց կաթողիկոսը գոհունակությամբ հաստատել է, որ երկու ժողովուրդների հարաբերություններն այսօր հատկանշված են բարեկամությամբ, որի բարի դրսևորումներից է նաև Շարժայի կառավարիչ շեյխ դոկտոր Սուլթան Բին Մոհամմադ Ալ Քասիմիի սրտաբուխ ներդրումը Հաղարծնի պատմական վանական համալիրի նորոգության գործում:

ՀՀ-ում ԱՄԷ դեսպանն իր հերթին ջերմ ընդունելության համար խորին շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ հավաստիացնելով, որ իր ջանքերն ուղղված են լինելու երկու պետությունների միջև տարբեր ոլորտներում առկա կապերի առավել ամրապնդմանը: Դեսպանն անդրադարձել է նաև Արաբական Միացյալ Էմիրություններում կրոնական հանդուրժողականությանը:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսն ու ԱՄԷ դեսպանն անդրադարձել են Մերձավոր Արևելքում տիրող ծանր իրավիճակին: Ամենայն Հայոց կաթողիկոսը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում տեղ գտած զարգացումների և ծայրահեղական ուժերի կողմից քրիստոնյաների և քրիստոնեական սրբավայրերի դեմ սանձազերծված վայրագությունների և ահաբեկչությունների առիթով: Խստորեն դատապարտելով օրեր առաջ Հալեպում 15-րդ դարի Սրբոց Քառասնից մանկանց հայկական եկեղեցու միտումնավոր պայթեցումը` Վեհափառ Հայրապետը նկատել է, որ այս քայլն Աստծու դեմ գործված արարք է, որն անընդ ունելի է բոլոր կրոնների համար: Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքով` այն ստվերում է իսլամ և քրիստոնյա ժողովուրդների դարավոր խաղաղ համակեցությունը: Նորին Սրբությունը նաև վստահություն է հայտնել, որ միայն համատեղ ջանքերով հնարավոր կլինի մարդկային կյանքում վերջ դնել և կանխարգելել բոլոր նման դատապարտելի արարքները:

Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում