Թանգարանների միջազգային օրը տոն է կառույցների աշխատողների համար. Գագիկ Գյուրջյան

Թանգարանների միջազգային օրը տոն է կառույցների աշխատողների համար. Գագիկ Գյուրջյան

Թանգարանների միջազգային օրը տոն է կառույցների աշխատողների համար, քանի որ թանգարանների աշխատողները նվիրյալներ են: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը համոզված է՝ մայիսի 18-ին նշվող օրն առիթ է խոսելու ոչ միայն ձեռքբերումների, այլև խնդիրների մասին:

«Օրվա խորհուրդն օգտագործելով՝ փորձում ենք բարձրաձայնել խնդիրները՝ ակնկալելով լուծումներ: Թանգարաններն այն կառույցներն են, որոնք մութ ու ցուրտ տարիներին կարողացել են պահպանել թանգարանային նմուշները: Թանգարանների աշխատողները նվիրյալներ են՝ չնայած նրան, որ նրանց աշխատավարձը ցածր է»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց Գագիկ Գյուրջյանը:

Գյուրջյանի խոսքով՝ Թանգարանների մասին օրենքի բացակայությունը խնդիր է, բայց այժմ օրենքը քննարկումների ընթացքում է: «Այն կօգնի մեզ, բայց թանգարանների խնդիրներին լիարժեք լուծում չի տա»,-ընդգծեց նա:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի խոսքով՝ Թանգարանների միջազգային օրվան նախորդող շաբաթ օրը «Թանգարանների գիշեր ն» էր, և իրենք այցելուներին են ներկայացել մի շարք միջոցառումներով Արգելոց-թանգարանն իր հարկի տակ ընդունել է բազմաթիվ այցելուների, ովքեր, բացի հիմնական ցուցադրությունը դիտելուց, ծանոթացել են նաև «Արևմտյան Հայաստանի ուրարտական ժառանգությունը» ժամանակավոր ցուցահանդեսին, մասնակցել համերգների և դասախոսությունների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում