Արամ Ա կաթողիկոսը Նյու Յորքում այցելել է Ս. Սարգիս եկեղեցի և ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչական կենտրոն

Արամ Ա կաթողիկոսը Նյու Յորքում այցելել է Ս. Սարգիս եկեղեցի և ՄԱԿ-ի հայաստանյան ներկայացուցչական կենտրոն

Ն.Ս.Օ.Տ.Տ . Արամ Ա կաթողիկոսը մայիսի 19-ին ԱՄՆ-ի Արևելյան թեմի այցելության շրջանակներում այցելել է Ս. Սարգիս եկեղեցի: Նրան ընկերակցել են ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ Գերշ. Տ. Օշական Արք. Չոլոյանը, առաջնորդական փոխանորդ Գերշ. Տ. Անուշավան Եպս. Դանիելյանը և այլ անդամներ:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից: Առաջնորդ Սրբազանը ներկաներին ողջունելուց հետո իր պատգամն է փոխանցել ժողովրդին: Նա անդրադարձել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հիմնական առաքելությանը` նշելով. «Մենք բոլորս, ինչ հանգամանք էլ ունենանք մեր եկեղեցում, մեր կյանքում մեկ ճամփա ունենք, որը ծառայությունն է: Ծառայություն Աստծուն, մեր եկեղեցուն, ծառայություն մեր ժողովրդին»: Իր խոսքում նա նշել է եկեղեցու կարևորության մասին` շեշտելով, որ եկեղեցին Աստծո տունն է և եկեղեցում մենք զգում ենք Աստծո ներկայությունը:

Եկեղեցական արարողությունից հետո տեղի է ունեցել աջհամբույր, ապա ընթրիք: Ընթրիքի ընթացքում Վեհափառ Հայրապետին խնդրել են խոսել Սիսի պատմական կաթողիկոսարանի վերադարձնելու դատի, սիրիահայության և Դպրեվանքի առաքելության մասին:

Նույն օրը Գարեգին Բ և Արամ Ա Վեհափառ Հայրապետները հանդիպում են ունեցել, որի ընթացքում քննարկվել են հայ եկեղեցուն հուզող հարցեր: Արամ Ա կաթողիկոսն այցելել է ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչական կենտրոն և հանդիպել հայաստանյան ներկայացուցիչ Զոհրապ Մնացականյանի հետ: Նորին Սրբությունը բարձր է գնահատել նրա աշխատանքը և շեշտել է ՄԱԿ-ի շրջանակում Ղարաբաղի և ազգային պահանջատիրության հարցով աշխատանքները շարունակելու անհրաժեշտությունը:

Շարունակելով իր այցելությունները` Վեհափառն այցելել է ծերանոց` Հայ տուն, որտեղ հանդիպել է Ցեղասպանությունը վերապրած 103-ամյա Տիգրան Դավիթյանի, ինչպես նաև մյուս տարեց մարկանց հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում