Պետական ծառայողի կերպարի կերտումը կապված է ապագայի պետության նկատմամբ հանրային վստահության հետ. Մ. Բադալյան

Պետական ծառայողի կերպարի կերտումը կապված է ապագայի պետության նկատմամբ հանրային վստահության հետ. Մ. Բադալյան

 ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը մայիսի 20-24-ին աշխատանքային այցով գտնվում էր Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաքում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՔԾԽ-ի լրատվական բաժնից, Մանվել Բադալյանը մասնակցել է Աստանայի 8-րդ տնտեսական ֆորումի շրջանակներում անցկացված «Մերիտոկրատիան և ծառայողական էթիկան որպես պետական ծառայության արդյունավետության ա ռանցքային գործոններ» թեմայով գլոբալ համաժողովին, ինչպես նաև պետական ծառայության ոլորտում տարածաշրջանային հաբի և Սինգապուրում ՄԱԿ զարգացման ծրագրերի Հանրային ծառայության կատարելության միջազգային կենտրոնի համատեղ հրավիրած «Ռազմավարական կանխատեսում. 2030-ի քաղծառայողի ապագայի ուրվագծում» թեմայով նիստին:

Միջոցառումներին մասնակցել են եվրոպական, ասիական և ԱՊՀ բազմաթիվ երկրների պետական ծառայության համակարգող մարմինների պատվիրակություններ, ոլորտային փորձագետներ:

Տարածաշրջանային հաբի շրջանակում կազմակերպված քաղաքացիական ծառայողի ապագա կերպարի ձևավորմանը նվիրված նիստին Մանվել Բադալյանը հանդես է եկել խոսքով: Նշելով, որ պետական ծառայողի կերպարի կերտումն ուղղակիորեն կապված է ապագայի պետության նկատմամբ հանրային վստահության, պետական ծառայության իմիջի ձևավորման, կառավարման համակարգի զարգացման ուղղությունների ընտրության հետ, նա ելույթում կանգ է առել հանրային ծառայողի ցանկալի կերպարի ձևավորմանը խոչընդոտող մարտահրավերների և խնդիրների վրա:

Գլոբալ համաժողովի շրջանակում ՀՀ ՔԾԽ նախագահն ունեցել է նաև երկկողմ ձևաչափով հանդիպումներ:

Պետական ծառայության ոլորտում տարածաշրջանային հաբի կառավարման կոմիտեի նախագահ Ալիխան Բայմենովի հետ մտքեր են փոխանակվել պրոֆեսիոնալ փորձագիտական ցանցի ներուժի ամրապնդման, փորձի փոխանակման ու բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարելավման հարցերում հաբի ռեսուրսների օգտագործման արդյունավետությունն ավելի բարձրացնելու մեխանիզմների շուրջ:

Ղազախստանի պետական ծառայության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով գործակալության նախագահ Կայրաթ Կոժամժարովի հետ քննարկվել են նախորդ տարի երկու երկրների գործընկեր կառույցների միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում փորձագիտական խորհրդատվության, քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրերի իրականացման ոլորտներում ծավալվող համագործակցության ներկա մակարդակին և հեռանկարներին առնչվող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում