Հրազենային վիրավորում ստացած ծննդկանի վիրահատությունն ավարտվել է բարեհաջող

Հրազենային վիրավորում ստացած ծննդկանի վիրահատությունն ավարտվել է բարեհաջող

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում քիչ առաջ ավարտվեց Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժած կնոջ վիրահատությունը։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, երեք ժամ տևած վիրահատության ընթացքում կատարվել է հրազենային գանգուղեղային վնասվածքի առաջնային վիրաբուժական մշակում։ Պարզվել է, որ կնոջ մոտ առկա է ծոծրակոսկրի բեկորային ներհրված կոտրվածք, միջաձիգ սինուսի վնասվածք, ուղեղիկի ձախ կիսագնդի ներուղեղային արյունակույտ և կոնտուզյոզ օջախ։ Արյունահոսությունը դադարեցվել է, հեմատոման` հեռացվել։ Վիրահատությունն ավարտվել է բարեհաջող, մասնագետները կնոջ վիճակը գնահատում են կայուն ծանր։ Հետվիրահատական շրջանում պահպանվում է արհեստական շնչառությունը։ Այս պահին գիտակցության մակարդակը գնահատել հնարավոր չէ, քանի որ հիվանդը գտնվում է քնաբերների ազդեցության տակ։  

ՀՀ ոստիկանությունը հունիսի 30-ին` ժամը 10:15-ին, ահազանգ է ստացել, որ Երևանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնում ծննդաբերած կանանցից մեկի ամուսինը կրակել է իր կնոջ վրա, այնուհետև` ինքնասպան եղել: Վիրավորը Արարատի մարզի Դվին գյուղի բնակչուհի 27-ամյա Միլենա Ասատրյանն է, իսկ ամուսինը՝ 33-ամյա Հայկ Վարդանյանը: Հիվանդն «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն էր ընդունվել ծանր վիճակում` հրազենային միջանցիկ սեգմենտալ վնասվածքով։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ`երիտասարդ կնոջ վրա սպանության փորձ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով ապօրինի կերպով հրազեն պահելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում