Հայաստանը մինչև 18 տարեկանների համար ներդնում է ինսուլինային անալոգների կիրառումը

Հայաստանը մինչև 18 տարեկանների համար ներդնում է ինսուլինային անալոգների կիրառումը

Հայաստանի Հանրապետությունում դիաբետով հաշվառված երեխաների 30 տոկոսը սոցիալապես անապահով է, 5 տոկոսըˋ միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ, իսկ 3 տոկոս երեխաների ընտանիքներում կա մեկից ավելի դիաբետով հիվանդ: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանըˋ ներկայացնելով շաքարային դիաբետով հիվանդների դեղապահովման բարելավմանն ուղղված նոր ծրագիրը:

Հուլիսի 16-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կարիքների համար ինսուլին լիզպրո և 100 մմ/մլ և ինսուլին մարդու իզոֆան (ռեկոմբինանտ) 100 մմ/մլ դեղերի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին: Առաջիկա 5 տարվա ընթացքում հանրապետությունում կիրականացվի «Վերահսկի´ր դիաբետը, ապրի´ր լիարժեք կյանքով» միջոցառումների ծրագիրը, որի շահառուներն են առաջին տիպի շաքարային դիաբետ ունեցող 0-18 տարեկան երեխաները և 18-22 տարեկան երիտասարդները: Ծրագրով նախարարո ւթյունը ձեռք է բերում ուլտրակարճ ազդեցության ինսուլինի անալոգներˋ քարտրիջ դեղաձևով, որոնք անվտանգության շնորհիվ առանց տարիքային սահմանափակումների ավելի քան 18 տարի լայնորեն կիրառվում են աշխարհում: «Հումանիտար ծրագրի շրջանակներում կստեղծվի դիաբետի 4 ուսումնական կենտրոն, որոնք ապահովված կլինեն գլյուկոհեմոգլոբինի անալիզատորով: Փորձը ցույց է տալիս, որ դիաբետի դպրոցները կրճատում են բուժման ծախսերը 37 տոկոսով: Ծրագրի շահառուներին անվճար կտրվեն ինսուլինային գրիչ-ներարկիչներ, որոնց շնորհիվ երեխան կարող է ներարկումը կատարել առանց ծնողի օգնության ցանկացած վայրում: Ինսուլինային այս գրիչների օգտագործման դեպքում բացառվում են ինսուլինի կորուստները»,- ասաց Փաշայանը:

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկական էնդոկրինոլոգ Ելենա Աղաջանյանը նշեց, որ ծրագրի նպատակն է առաջին հերթին բարձրացնել դիաբետով հիվանդ երեխաների կյանքի որակը, հեշտացնել նրանց կյանքը և ադապտացումը հասարակությանը:

«Մեր երեխանները մինչ այժմ էլ ինսուլինով ապահովված են եղել: Այժ կատարվում է քայլ, որը հնարավորություն կտա ավելի առաջ գնալ և երեխաներին ապահովել ինսուլինային անալոգներով: Այդ անալոգներն ավելի մոտ են օրգանիզմում արատադրվող ինսուլինի բիոռիթմին, ուստի ունեն մի շարք առավելություններ: Բուժական բարձր արդյունավետության շնորհիվ ինսուլինի անալոգները թույլ են տալիս ունենալ ավելի ճկուն սննդակարգ և օրվա ռեժիմ, կանխարգելել խորը հիպոգլիկեմիաները, հետաձգել դիաբետի սուր և քրոնիկ բարդությունների զարգացումը բոլոր տարիքի երեխաների համար: Դրանք նաև շուտ են ազդում»,- բացատրեց Աղաջանյանը:

Միաժամանակ կիրականացվեն մասնագետների վերապատրաստումներ, ինչպես նաև կստեղծվի դիաբետով հիվանդ երեխաների տվյալների շտեմարան:

Կնքելով պայմանագրեր անմիջապես արտադրող կազմակերպությունների հետ, բարձրացել է դեղերով ապահովվածության մակարդակը, մատակարարումն իրականացվում է պատշաճ և անխափան:

ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի որոշման համաձայն՝ շաքարային դիաբետով տառապող հիվանդներին 100 տոկոսով, առանց ընդհատումների, պետության կողմից կենտրոնացված կարգով ինսուլիններով ապահովելու նպատակով հնգամյա պայմանագիր է կնքվել անմիջապես արտադրողի` «Նովո-Նորդիսկ Ա/Ս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ:

Նույն կարգով 5-ամյա (2015-2019թթ.) պայմանագիր կնքելու շնորհիվ ֆրանսիական դիաբետոն 60 մգ դեղը ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերում ավելի մատչելի գնով։ Ընդ որում, արտադրող կողմը յուրաքանչյուր տարվա համար պայմանագրով նախատեսված դեղի քանակի 10 տոկոսը հատկացնելու է որպես մարդասիրական օգնություն։ Հնգամյա պայմանագիրը հնարավորություն է ընձեռում նախկին տարիների 30 տոկոս ապահովվածության մակարդակը հասցնել մինչև 100 տոկոսի։

Դիաբետոն 60 մգ դեղի առաջին խմբաքանակը ձեռք է բերվել և հուլիսի 1-ին սահմանված կարգով հատկացվել բժշկական բոլոր հաստատություններին:

Հայաստանում հաշվառված է շաքարային դիաբետ ունեցող շուրջ 80 հազար հիվանդ, նրանցից 450-ը երեխաներ են, որից 177-ը` 18-22 տարեկան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում