Ադրբեջանցիներն «արտագաղթում» են հայկական լրատվադաշտ, իսկ մեր որոշ կայքեր տարածում Հեյդար Ջեմալի «միջուկային» սադրանքը

Ադրբեջանցիներն «արտագաղթում» են հայկական լրատվադաշտ, իսկ մեր որոշ կայքեր տարածում Հեյդար Ջեմալի «միջուկային» սադրանքը

Հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին սրացումը երևան բերեց հայկական  մեդիադաշտի խնդիրները. անցած տարվա  հուլիս-օգոստոսի համեմատ հայկական լրատվական դաշտի «սահմանային» պատկերը մեդիափորձագետ  Սամվել Մարտիրոսյանին հիշեցրել է 2013-ի նախընտրական տարին, երբ համացանցում հայտնվեցին նորաստեղծ կայքեր, որոնք զբաղված էին ներքաղաքական ապատեղեկատվությամբ:

Սահմանային վերջին զարգացումների օրերին քլիքամոլ կայքերը, որոնք մինչ այս տիեզերքի մասին չափազանցությունների տարածման վրա էին աշխատում, սկսեցին հայկական «պատժիչ գործողությունների» վերաբերյալ տեսանյութեր շրջանառել, որտեղ   իրականում ուկրաինական  իրադարձություններն էին:

«Դաշտում գոյություն ունեն ադրբեջանցիների կողմից  ստեղծված armenianreport.com, և vestiarmenii.info կայքերը, որտեղ տեղադրված էին տեսանյութեր, թե իբր ականանետով հարվածում են հայ զինվորներին, ինչն  իրականում ծխածածկույթով բեմադրված տեսանյութ էր»,-լրագրողների հետ հանդիպմանը լրացրեց Սամվել Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանում միջուկային զենքի գոյության մասին ապատեղեկությանը, ապա դրա հեղինակը  ռուսաստանաբնակ   Հեյդար  Ջեմալն  էր,  որին  այս   անգամ միացել էին   հայկական  որոշ կայքեր:

Այս ամենը կանխելու  համար ըստ տեղեկատվական անվտանգության մասնագետի, քիչ «դեղամիջոցներ» կան:

Ըստ նրա՝ օրենսդրական  դաշտում խնդրի լուծումը ռիսկեր է պարունակում, քանի որ որոշ չինովնիկներ կօգտվեն այդ գրաքննության հնարավորությունից՝  արգելափակելու հակակոռուպցիոն  նյութերը, որոնք  դեմ են  իրենց շահերին:

Այս պարագայում մնում է միայն հասարակությանը կրթելու ճանապարհը, օրինակ՝ դպրոցներում պետք է մեդիագրագիտության դասեր մտցվեն, ի վերջո, ըստ Մարտիրոսյանի, տեղեկատվությունը սնունդի նման մի բան է. մարդը երբեք չի գնի փչացած սնունդ, նույնը տեղեկատվական դաշտում, մարդիկ պետք է վստահեն այն կայքերին, որոնք ունեն  հասցե,  հայտնի է խմբագիրը, պատասխանատվություն են կրում հրապարակած  նյութերի  համար:

Պատասխանելով հարցին, թե տեղեկատվական պատերազմում  հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական  դիրքերն են ամուր,  Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ վերջին տարիներին ադրբեջանցի ընթերցողների «արտագաղթ» կա դեպի  հայկական լրատվական դաշտ, որովհետև  ադրբեջանական լրատվական դաշտը  խիստ վերահսկելի է և գրեթե  չի մնացել ընդդիմադիր լրատվամիջոց, բացի Meydan TV-ից, որը վտարանդի է ու  չի գործում Ադրբեջանում: Այստեղ մեդիափորձագետը շեշտեց, որ Ադրբեջանը միջազգային մամուլի թիրախում է, ուստի հատուկ միջոցներ պետք չէ, որ նրանց դիրքերը թուլանան:

Իսկ թե միջազգային հարթակում  սահմանային սրացումների ժամանակ հայկակա՞ն, թե  ադրբեջանական տեղեկատվությունն է  արագ հասանելի, Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ այստեղ ՀՀ ՊՆ-ի և ԼՂՀ ՊԲ-ի տեղեկությունների սինխրոնացման խնդիր կա, տարանջատումը քաղաքական տեսանկյունից արդարացված է, բայց ոչ մեդիապայքարի տեսանկյունից, քանի որ «Հայաստան» բառի բացակայությունը ստիպում է կարդալ ադրբեջանականը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում