ԱՄՆ-ն և Ռուսաստանը վերսկսում են սպառազինությունների մրցավազքը

ԱՄՆ-ն և Ռուսաստանը վերսկսում են սպառազինությունների մրցավազքը

Միացյալ Նահանգներն օրերս առաջին անգամ Եվրոպայում իրականացրել է ծովային հակահրթռային պաշտպանության փորձարկում: Անտլանտյան օվկիանոսի հյուսիսում ամերիկյան ռազմանավի վրա տեղակայված համալիրը հաջողությամբ որսացել է զորավարժությունների ժամանակ արձակված բալիստիկ հրթիռը, որը ոչնչացվել է տիեզերական տարածությունում: Այսպիսով` Ամերիկան ի կատար է ածում Եվրոպայում գլոբալ հակահրթիռային պաշտպանության կառուցման իր ծրագիրը, ինչը առաջացրել է Ռուսաստանի զայրույթը:

Ինչպես հայտնի է` Վաշինգտոնը ցանկանում է Եվրոպայում տեղակայել ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համալիրներ (ՀՕՊ), որի նպատակն էր հռչակվում պաշտպանվել Իրանի հրթիռային և միջուկային հնարավոր հարվածներից: Հունիսին գերտերությունների վեցյակի և Իրանի միջև համաձայնություն կայացավ միջուկային խնդրի շուրջ: Դեռ 2009թ.-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ իրանական միջուկային խնդրի կարգավորումից հետո Եվրոպայում ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ի տեղակայման անհրաժեշտություն այլևս չի լինի: Սակայն Իրանի հետ կայացած համաձայնությունից հետո Վաշինգտոնից հայտարարեցին, որ մտադիր չեն դադարեցնել Եվրոպայում ՀՕՊ համալիրների տեղակայման ծրագիրը, քանի որ Իրանի բալիստիկ հրթիռներ կառուցելու ծրագրի նկատմամբ պատժամիջոցները մինչև 8 տարի մնալու են ուժի մեջ:

Այլ կերպ ասած`ԱՄՆ-ն համարում է, որ Իրանից ռազմական սպառնալիքները դեռևս չեզոքացված չեն: Մոսկվան մշտապես հայտարարել է, որ Իրանը չունի միջուկային զենք և մեծ հեռահարութան բալիստիկ հրթիռներ, հետևաբար Եվրոպայում այդ համալիրների տեղակայումն իրականում ուղղված է Ռուսաստանի դեմ: Եվրոպայում ամերիկյան այդ զորավարժությունից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ, որով մեղադրել է Միացյալ Նահանգներին ամբողջ աշխարհին ստելու մեջ:

Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համալիրների տեղակայման հարցը մշտապես եղել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի ամենասուր հակասություններից մեկը: Խորհրդային միության փլուզումից հետ արևելաեվրոպական երկրները դարձան ՆԱՏՕ-ի ու Եվրամիության անդամ: Մինչ այդ «սոցիալիստական ճամբարի» այդ երկրները, բնականաբար, գտնվում էին Ռուսաստանի ռազմական գերակայության ներքո: Երբ այդ երկրները դարձան ՆԱՏՕ-ի անդամ, միևնույն է, Ռուսաստանը շարունակում էր իր հրթիռային վահանով վերահսկել ամբողջ Արևելյան Եվրոպան: Ըստ էության` ՆԱՏՕ-ի համար Արևելյան Եվրոպայում ստեղծվեց անվտանգության վակում, որն էլ Միացյալ Նահանգները փորձում է լցնել սեփական ռազմական ներկայությամբ` առաջին հերթին հզոր հակահրթիռային համալիրների տեղակայմամբ: Պարզ է, որ դրանով պարզապես կչեզոքացվի Ռուսաստանի միջուկային և միջմայրցամաքային հրթիռների խոցման հնարավորությունը:

Ստացվում է, որ Միացյալ Նահանգներն իր ռազմական ներկայության ընդլայնումով փոխում է ուժերի հավասարակշռությունն ամբողջ Եվրոպայում, նվազագույնի հասցնում ռուսական ռազմա-քաղաքական ազդեցությունը: Այս իրողությունը, բնականաբար, Մոսկվային դուր գալ չի կարող: Դեռ 1972թ. –ին ԱՄՆ-ի և Խորհրդային միության միջև ստորագրվել էր Հակահրթիռային պաշտպանության մասին պայմանագիր, որով կողմերը պարտավորվել էին սահմանափակել և չընդլայնել համալիրների տեղակայումը: Սակայն 2002թ.-ի Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս եկավ այդ համաձայնագրից և սկսեց Լեհաստանում ու Չեխիայում հրթիռների, ռադիոլոկացիոն կայանի տեղակայումը:

Թվում է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև իսկապես վերսկսվել է նոր «սառը պատերազմ», որի ֆորմալ մեկնարկը տրվեց ուկրաինական ճգնաժամից հետո: Երբ Ռուսաստանն իրեն միացրեց Ղրիմը և փաստացի աջակցություն ցուցաբերեց Դոնբասի անջատմանն Ուկրաինայից, ՆԱՏՕ-ն Միացյալ Նահանգների գլխավորությամբ օգտվեց ընձեռված հնարավորությունից` Ռուսաստանին համարելով սպառնալիք եվրոպական անվտանգությանը: Արևելաեվրոպական երկրներն իրենց հերթին, հատկապես` Լեհաստանը, Միացյալ Նահանգներին կոչ են անում մեծացնել ռազմական ներկայությունը` Ռուսաստանից պաշտպանվելու համար:

Հարկ է նկատել, որ ԱՄՆ-ն այդ հակարթիռային պաշտպանության փորձակումն իրականացնում է այն բանից հետո, երբ Ռուսաստանն ուղղակի ռազմական գործողություններ սկսեց Սիրիայում և Կասպից ծովի իր նավատորմից մեծ հեռահարութան հրթիռներով հարված հասցրեց Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին: Փաստորեն` ականատես ենք լինում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սպառազինությունների նոր մրցավազքի: Ռուսաստանը, մկաններ ցույց տալով, փորձում է ապացուցել, որ գերտերություն է, որի հետ պետք է հաշվի նստել, իսկ ԱՄՆ-ն, օգտվելով առիթից, ցույց է տալիս, որ Ռուսաստանը Խորհրդային միության նման մի նոր սպառնալիք է, որին ամեն կերպ պետք է զսպել և պաշտպանել եվրոպական դաշնակիցներին ռուսական ագրեսիայից:

Սակայն այս ամենի մեջ մտահոգիչն այն է, որ այսօր միջազգային անվտանգության նախկին համակարգն, ըստ էության, փլուզման եզրին է կանգնած: Փաստացի այլևս չեն գործում անվտանգության նախկին երաշխիքները: ԱՄՆ-ն որոշում է դուրս գալ 1972թ.-ին կքնված համաձայնագրից` իրեն վերապահելով միջազգային անվտանգությունը սեփական հայեցողությամբ ապահովելու մենաշնորհ` հաշվի չառնելով, որ գուցե խախտվում է ուժային մյուս բևեռի անվտանգության համակարգը: Իր հերթին Ռուսաստանը, համարելով, որ Ուկրաինան ուզում են իրենից խլել, միակողմանի անտեսում է 1994թ.-ին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ուկրաինայի հետ ստորագրած Բուդապեշտյան հուշագիրը, որով պարտավորվել էր երաշխավորել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ինչի դիմաց Ուկրաինան հրաժարվել էր միջուկային զենքից:

Սիրիական հակամարտության դեպքում նույնպես ականատես ենք լինում միջազգային և անվտանգության երաշխիքների գրեթե իսպառ բացակայության: Սիրիայի ընտրված նախագահ Բաշար Ասադը դուր չի գալիս Արևմուտքին, հետևաբար արևմտյան պետությունները նրան հեռացնելու համար երկրում սանձազերծում են քաղաքացիական պատերազմ, ռմբակոծությունների ենթարկում: Հարց է առաջանում: Ո՞ւր մնաց միջազգային իրավունքը: Այդպե՞ս են արևմտյան երկրներում փոխում անցանկալի ղեկավարներին: Ինչո՞ւ չեն հարցնում սիրիական ժողովրդին` Ասադը պետք է մնա՞, թե՞ ոչ: Չէ որ իշխանությունը պատկանում է ժողովրդին և միայն նա կարող է որոշել, թե ով լինի իր ղեկավարը: Անտեսվում է նաև միջազգային իրավունքը. ռմբակոծում են Սիրիան` առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սանկցիայի:

Այս ամենը հիմք է տալիս` ենթադրելու, որ հակամարտությունների լուծման համար այսօրվա միջազգային իրավունքը չի տալիս երաշխիքներ, փաստացի գործում է ուժի և հաղթողի իրավունքը: Սա շատ կարևոր է ի նկատի ունենալ, քանի որ մենք էլ ունենք Արցախյան հակամարտություն: Հաշվի առնելով միջազգային իրողությունները` պետք է փաստել. այսօր չկան միջազգային անվտանգության գործուն երաշխիքներ: Մեզ ասում են, որ Արցախում պետք է լինեն խաղաղապահներ, որ Արցախին կտրվեն միջանկյան կարգավիճակի ինչ-ինչ երաշխքիներ: Սակայն Ուկրաինայի և Սիրիայի օրինակներով տեսնում ենք, որ միջազգային անվտանգության երաշխքիները շատ հաճախ պարզապես չեն գործում:

Տիգրան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում