Ռուսաստանի եկեղեցու դիրքորոշումն անփոփոխ է Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ

Ռուսաստանի եկեղեցու դիրքորոշումն անփոփոխ է Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ

Ռուսաստանի եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի առնչությամբ անփոփոխ է: Այս մասին հայտարարել է Մոսկվայի և Համայն Ռուսաստանի Կիրիլ Պատրիարքի մամուլի քարտուղար Ալեքսանդր քահանա Վոլկովը հայկական ԶԼՄ-ների համար արված մեկնաբանությունում:

««Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում սրբագույն պատրիարք Կիրիլը խոսել է վերջին տարիներին Սիրիայում և Իրաքում քրիստոնյաների սարսափելի և աննախադեպ իրավիճակի մասին: Այդ կոնտեքստում սրբազանը բերել է Օսմանյան կայսրության պատմության օրինակը, որտեղ եղել են այնպիսի շրջաններ, երբ ներմուծվող կարգն ապահովում էր համեմատական անվտանգություն և կայունություն կրոնական փոքրամասնությունների կյանքում:

Նման կարգի բացակայությունը միշտ, ինչպես Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ, այնպես էլ ժամանակակից Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, բերում է դեպքերի ողբերգական զարգացման: Ահա թե ինչու ենք մենք ժամանակակից իրադարձությունները կոչում ցեղասպանություն: Մեր եկեղեցու դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցով բազմիցս պարզ հնչեցվել է պատրիարքի մեծաթիվ պաշտոնական հայտարարություններում և ուղերձներում: Մեր դիրքորոշման վառ օրինակ է Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու` ամենաբարձր մակարդակով մասնակցությունը Հայ Առաքելական եկեղեցու ամենակարևոր իրադարձություններին. Նորին Սրբության մասնակցությունը Մոսկվայում հայկական եկեղեցու օծմանը, նախորդ տարի Երևան ռուսական եկեղեցու պատվիրակության այցը` մասնակցելու հիշատակման միջոցառումներին, որոնք նվիրված են եղել ցեղասպանության 100-ամյակին:

Ռուսական եկեղեցու դիրքորոշումը մնում է անփոփոխ: Մենք մշտապես բաց, հրապարակային ձևով պաշտպանել և շարունակելու ենք պաշտպանել այդ դիրքորոշումը միջազգային, միջքրիստոնեական և միջկրոնական հարթակներում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշված է մեկնաբանությունում, որը տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում