Երևանում կկայանան Մարիա Ղամբարյանի 90-ամյակին նվիրված միջոցառումներ

Երևանում կկայանան Մարիա Ղամբարյանի 90-ամյակին նվիրված միջոցառումներ

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մարտի 25-31-ը Հայաստանում տեղի կունենան մի շարք հոբելյանական միջոցառումներ` նվիրված Հայաստանի և Ռուսաստանի վաստակավոր արտիստ, դաշնակահար Մարիա Ղամբարյանի ծննդյան 90-ամյակին: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Անվանի դաշնակահար Մարիա Ղամբարյանը հայրենական կատարողական դպրոցի փայլուն ներկայացուցիչներից է, ում արվեստն աչքի է ընկնում դաշնամուրային ոսկերչական ձեռագրով և հարուստ զգացմունքայնությամբ: Այն բանաստեղծական է և, միևնույն ժամանակ, վառ արտիստիկ: Իր կատարողական ու մանկավարժական գործունեությամբ երաժիշտը ժառանգել և ստեղծագործաբար զարգացնում է իր մեծանուն ուսուցիչների` Կ․ Ն․ Իգումնովի և Հ․ Գ․ Նեյհաուզի ավանդույթները, արժանիորեն շարունակում նրանց ազնիվ առաքելությունը: Պատահական չէ, որ Կ. Իգումնովը բարձր է գնահատել Մ. Ղամբարյանի բացառ իկ օժտվածությունը:

Ծնվել է 1925 թվականին Երևանում: Երաժշտական կրթությունն ստացել է Երևանի «Պրոֆդպրոցում», ապա` Մոսկվայի կոնսերվատորիային կից Կենտրոնական երաժշտական դպրոցում (Ա․ Շացկեսի դասարան): 1948 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (պրոֆ․ Կ․ Ն․ Իգումնովի դասարան), 1951-ին` ասպիրանտուրան (ղեկավարներ` Հ․ Նեյհաուզ, Լ․ Օբորին): Ուսումն ավարտելուց հետո, Ղամբարյանը մրցութային կարգով ընտրվել է որպես Լենինգրադի պետական ֆիլհարմոնիայի մենակատար: Այդ ժամանակվանից էլ սկսվել և մինչ օրս շարունակվում է նրա համերգային գործունեությունը` ելույթներ Ռուսաստանում, համամիութենական ռադիոյի` 70-ից ավելի ֆոնդային ձայնագրություններ և այլն:

Ղամբարյանին ծափահարել են նաև մի քանի տասնյակ երկրներում` Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Ավստրիայում, Իսպանիայում, Չեխիայում, Ճապոնիայում, Կորեայում, Իսրայելում, Հունաստանում և այլուր: Նվագացանկը բազմազան է` դասական ու ռոմանտիկ հեղինակներից մինչև ժամանակակից և ազգային երաժշտություն, մասնավորապես, Կոմիտաս:

Համերգային գործունեությանը զուգընթաց, Մ․ Ղամբարյանն ակտիվորեն զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ: Սկզբում` Լենինգրադի կոնսերվատորիայում, ապա 1960 թվականից մինչ օրս` Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտության ռուսաստանյան ակադեմիայում, նա դասավանդում է մասնագիտական դաշնամուրի ամբիոնում: 2003-ից հանդիսանում է նաև Մոսկվայի մշակույթի և արվեստի պետական համալսարանի մասնագիտական դաշնամուրի ամբիոնի հիմնադիրը: 1998 թվականից Պրահայի Կառլովի համալսարանի պատվավոր պրոֆեսոր է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում