«Ավրորա» մրցանակն ամբողջ հայ ժողովրդի ծրագիրն է. մեզ փորձեցին ոչնչացնել, բայց չկարողացան

«Ավրորա» մրցանակն ամբողջ հայ ժողովրդի ծրագիրն է. մեզ փորձեցին ոչնչացնել, բայց չկարողացան

«Ավրորա» մրցանակն ամբողջ հայ ժողովրդի ծրագիրն է. մեզ փորձեցին ոչնչացնել, բայց չկարողացան, մենք հաղթեցինք:  Այսօր լրագրողների հետ հանդիպմանը  հայտարարեց 100 ԿՅԱՆՔ  և ԱՎՐՈՐԱ մրցանակ նախաձեռնության (100 LIVES/Aurora Prize for Awakening Humanity) գլխավոր տնօրեն Արման Ջիլավյանը:

«Ծրագրի խորը փիլիսոփայության մեջ այն համոզմունքն է, որ հայերս հաղթած ազգ ենք և այսօր հնարավորություն ունենք գործուն շնորհակալություն հայտնելու աշխարհին»,-շեշտեց նա՝ համոզմունք հայտնելով, որ Հայաստանը մի օր դառնալու է մարդասիրական կենտրոններից  մեկը. «Երազում եմ, որ այս ծրագրից հետո մարդասիրական կազմակերպություններն իրենց գլխավոր  հիմնադրամները տեղափոխեն Երևան,  որ Հայաստանը խոսի աշխարհի հետ մարդասիրական թեմաների շուրջ: Իսկ դրա իրավունքն ունենք` անցնելով դժվարին ճանապարհ»:

Արման Ջիլավյանն ակնարկեց, թե տարբեր շրջանակների հետ զրույցներում լսում է մի հարց՝ արդյո՞ք «Ավրորան» հավակնում է դառնալ հայկական Նոբելյան մրցանակը, իսկ իր կարծիքը հետևյալն է՝  «Ավրորա»-ի նպատակն այլ է, բայցև Նոբելյան մրցանակի հետ համեմատությունը սահմանում է մի նշաձող, որին պետք է հասնել:

«Ավրորա» մրցանակը հիմնել են 100 LIVES նախաձեռնության հիմնադիրները՝ ի երախտագիտություն նրանց, ովքեր Հայոց ցեղասպանության տարիներին փրկության ձեռք մեկնեցին հայերին: Ամենամյա այս մրցանակը ստեղծվել է մարդկության ուշադրությունը եւս մեկ անգամ ուղղելու աշխարհում այսօր տեղի ունեցող աղետներին եւ ոճրագործություններին եւ խրախուսելու այն հերոսների ջանքերը, որոնք մարդկային կյանքեր են փրկում:

Համաշխարհային մրցանակն ամեն տարի շնորհվելու է նրան, ով անձնվիրաբար օգնում է մարդկանց։ Դափնեկիրները ճանաչման են արժանանալու իրենց արարքների բացառիկ ազդեցության եւ նշանակության համար։ Հաղթողը ստանալու է 100.000 ԱՄՆ դոլարի պարգեւ, որը կարող է տնօրինել ինքնուրույն, և ևս 1 միլիոն դոլար կտրվի նրան ոգեշնչած մարդասիրական կազմակերպությանը:

Արդեն իսկ հայտնի են մրցանակի  չորս հավակնորդների անունները` Մարգարիտ Բարանկիցեն՝ Բուրունդիից, դոկտոր Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից եւ Հայր Բեռնար Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից: Նրանցից միայն մեկն է սակայն համարվելու «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի հաղթող: Այն կհանձնվի ապրիլի 24-ին՝  Ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունիիի կողմից:

«Ավրորա» մրցանակի հավակնորդները

/disc/16-03-16/83399fbcb2071b9412c584c533722eea.jpg

Մարգարիտ Բարանկիցեն աշխատում է Բուրունդիի Խաղաղության տուն (Maison Shalom) խնամքի տանը եւ REMA հիվանդանոցում: Բուրունդիի քաղաքացիական պատերազմի տարիներին հազարավոր կյանքեր է փրկել՝ խնամելով որբերին ու փախստականներին։ Ազգությամբ թութսի Բարանկիցեն պատերազմի սկզբում հետապնդումից փրկելու նպատակով փորձել է թաքցնել ազգությամբ հուլու 72 ամենամոտ հարեւաններին, սակայն երբ նրանց գտել են, բոլորին տեղում սպանել են՝ դրա բռնի ականտեսը դարձնելով նաեւ Բարանկիցեին։ Այս դաժան միջադեպից հետո Մարգարիտն իր կյանքը նվիրել է փախստականներին ու երեխաներին խնամելու գործին։ Նա փրկել է ընդհանուր առմամբ 30. 000 երեխայի եւ 2008 թվականին հիվանդանոց հիմնել, որտեղ մինչ օրս բժշկական օգնություն է ստացել 80. 000 մարդ։

Դոկտոր Թոմ Քաթինայից բացի Սուդանի Նուբա լեռների «Գթության Մայր» հիվանդանոցում ուրիշ բժիշկ չկա։ Ամերիկացի մասնագետը Հարավային Սուդանի հետ սահմանամերձ այս գոտում մշտական ներկայություն ունեցող միակ բժիշկն է, ուստիեւ անձամբ է պատասխանատու տարածաշրջանի 500.000 բնակչի բուժսպասարկման համար։ Չնայած Սուդանի կառավարության կողմից տարածքի բազմակի ռմբոկոծումներին, դոկտոր Քաթինան մարդկանց օրուգիշեր հասանելի լինելու համար մշտապես ապրել է հիվանդանոցի տարածքում։ Նրա անձնվեր գործունեությունը լուսաբանվել է բազմաթիվ լրատվամիջոցների եւ մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպությունների կողմից: TIME պարբերականը  2015թ. նրան ճանչել է  ամենաազդեցիկ անհատներից մեկը։

Սայիդա Ղուլամ Ֆաթիման իր կյանքը նվիրել է պարտքի դիմաց ֆիզիկական շահագործման ենթարկվողներին փրկելուն՝ փորձելով վերացնել մերօրյա ստրկության վերջին ձեւերից մեկը։ Ֆաթիման Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղարն է։ Կազմակերպության ջանքերով փրկվել են աղյուսի թրծման գործարաններում պարտքի դիմաց բռնությամբ աշխատող հազարավոր մարդիկ, այդ թվում՝ 21.000 երեխա։ Նրանց պարտքի տոկոսներն այնքան բարձր են, որ այդ մարդիկ ամբողջ կյանքում, ըստ էության, հարկադրված են աշխատել ծայր աղքատություն եւ հաճախ նաեւ դաժան պայմաններում։ Ֆաթիմայի դեմ բազմաթիվ մահափորձեր են իրականացվել։ Գործունեության ընթացքում նա բազմիցս ենթարկվել է ֆիզիկական բռնության։

Հայր Բեռնար Կինվին հոգեւորական է դարձել 19 տարեկանում, երբ երկարատեւ բռնությունների ու հիվանդության հետեւանքով կորցրել է հորն ու չորս քույրերին։ Հեռանալով հայրենի Տոգոյի Լոմե քաղաքից՝ Հայր Կինվին տեղափոխվել է Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն: Սահմանամերձ փոքրիկ Բոսսեմտելե քաղաքում նա գլխավորել է տեղի կաթոլիկ միսիան` դպրոցը, եկեղեցին եւ Հովհաննես Պողոս Բ պապի անունը կրող հիվանդանոցը։ Սակայն 2012 թվականին Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում մուսուլմանական Սելեկա դաշինքի ապստամբների եւ Հակաավտոմատավորների քրիստոնյա աշխարհազորի միջեւ (Anti-balaka) քաղաքացիական պատերազմ է բռնկվում։ Տեղի ունեցող բռնությունների ընթացքում Հայր Կինվիի միսիան ապաստարան ու բժշկական օգնություն է տրամադրել հակամարտության երկու կողմերի տուժածներին՝ հետապնդումից ու մահից փրկելով հարյուրավոր մարդկանց։

100 LIVES և «Ավրորա» նախաձեռնության հաղորդակցության հարցերով տնօրեն Արմինե Աֆեյանի խոսքով՝ «Ավրորա» մրցանակը շնորհվելու է Ցեղասպանությունը վերապրողների անունից՝ որպես երախտիքի նշան փրկողներին:

Հավելենք, որ Ավրորա» մրցանակի դափնեկրի կոչմանն արժանանալու համար 27 երկրից 113 թեկնածու էր առաջադրվել, որոնց  թվում եղել են նաև հայեր Հայաստանից ու Սփյուռքից: 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում