Թատրոնը հասարակական տրամադրությունների արձագանքն է. Արա Խզմալյանը և Վարդան Մկրտչյանը` տոնի մասին

Թատրոնը հասարակական տրամադրությունների արձագանքն է. Արա Խզմալյանը և Վարդան Մկրտչյանը` տոնի մասին

Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը և Կամերային երաժշտական թատրոնի գեղարվեստական խորհրդի նախագահ, թատերագետ Արա Խզմալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախապես շնորհավորեցին թատրոնի գործիչների տոնը և խոսեցին Հայաստանում անցկացվող թատերական փառատոնների մասին: «Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել թատրոնի միջազգային օրվա, մարտի 27-ի առիթով,  բոլոր թատերական գործիչներին և ամենակարևորը մաղթել բեղմնավոր գործունեություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մկրտչյանը:

Արա Խզմալյանը միացավ գործընկերոջ շնորհավորանքներին և հավելեց. «Այսօր ցանկանում եմ հանդես գալ որպես Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ: Շատ մեծ ցանկություն ունեմ, որ բոլորը չկորցնեն իրենց մեջ հետաքրքրությունը, սեփական մասնագիտության նկատմամբ»,- ասաց Խզմալյանը: Բանախոսները անդրադարձան Հայաստանում անցկացվող թատերական փառատոններին և արտերկրում անցկացվող փառատոններին հայկական թատրոնների մասնակցությանը:

«Փառատոնները միտված են շփման դաշտը մեծացնելուն և այդ իմաստով շատ օգտակար են, բայց դրանք չպիտի լինեն ինքնանպատակ, փառատոնները պիտի լինեն բովանդակալից: Այսինքն` փառատոնները մեզ տալիս են հնարավորություն շփվելու և խոսելու պարզ, մասնագիտական լեզվով: Մեր թատրոնի կարևորագույն խնդիրներից մեկն է, որ մենք միջազգային լուրջ թատերական փառատոններում մրցակցային դիրք ունենանք», – նշեց համազգային թատրոնի տնօրենը:

«Կցանկանայի նշել Մնջախաղի միջազգային փառատոնը, որը հասանելի դարձրեց արժեքներ, որոնք հասարակությունը չէր կարող տեսնել, ինչպես նաև և Հայ-Ֆեստ փառատոնը: Յուրաքանչյուր փառատոն իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Կոնկրետ «Թատրոն Իքս»-ը խնդիր ուներ ներկայացման շուրջ ծավալելու մասնագիտական բանավեճ, քանի որ ներկայացման շուրջ ծավալվող զրույցը, ներկայացման մի մասն է: Թատրոնը հասարակական տրամադրությունների արձագանքն է»,- ասաց Արա Խզմալյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում