Հաստատվել են մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ընդունելության տեղերը

Հաստատվել են մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ընդունելության տեղերը

ՀՀ կառավարությունը հաստատել է բուհերի 2016/2017 ուստարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը՝ ըստ մասնագիտությունների, ինչպես նաև 2016/2017 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը: Հայաստանի հանրապետության կրթության և գիտության նախարարությանը թույլատրվել է պահուստային տեղերի բաշխումը և ըստ հաստատությունների թափուր մնացած տեղերի վերաբաշխումն իրականացնել բուհերին տրամադրված տեղերի շրջանակում: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

ՀՀ բուհերի 2016/2017 ուստարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով հատկացվել է 1690 տեղ, որից 1279 տեղ` առանց տարկետման իրավունքի /այդ թվում բանակից զորացրվածների համար 112 տեղ/ և 411 տեղ` տարկետման իրավունքով, որը ներառում է պահուստային 14 տեղ` 5-ը առանց տարկետման իրավունքի և 9-ը` տարկետման իրավունքով:

2016/2017 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը կատարվել է հետևյալ կերպ.

1. Ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝
ա. պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 144 տեղ՝ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով:

բ. Նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 228 տեղ:
գ. Պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 20 տեղ:

2. Օրդինատուրա ընդունելության տեղերը` պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 95 տեղ:

3. Հայաստանի հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ինտերնատուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 12 տեղ:

4.Դոկտորանտուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 13 տեղ:

Ուսումնական տարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա, ինչպես նաև օրդինատուրայի ըն դունելության ուսուցմամբ թափուր մնացած տեղերը բարձրագույն ուսումնական հաստատություններում ու գիտական կազմակերպություններում վերաբաշխում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ համաձայն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերի՝ տրամադրված տեղերի շրջանակներում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում