Ճապոնիայի Կյուսյու կղզում անընդմեջ տեղի ունեցող երկրաշարժերի թիվը հասել է 1190-ի

Ճապոնիայի Կյուսյու կղզում անընդմեջ տեղի ունեցող երկրաշարժերի թիվը հասել է 1190-ի

Ապրիլի 14-ից ի վեր ավելի քան 1190 երկրաշարժ է գրանցվել ճապոնական Կյուսյու կղզու արեւմուտքում, որը երերում է ստորգետնյա անընդմեջ ցնցումներից: Միայն մայիսի 4-ին Երեւանի ժամանակով ժամը 00:00 ժամի դրությամբ այնտեղ տեղի Է ունեցել ավելի քան 1 մագնիտուդ ուժգնությամբ վեց երկրաշարժ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ազգային Օդերեւութաբանական վարչությունը, որը սեյսմիկ ծառայության գործառույթ է կատարում:

Ակտիվության բարձրակետը բաժին է ընկել ապրիլի 15-ից մինչեւ 17-ն ընկած ժամանակաշրջանին, երբ ամեն օր աղետի գոտում տեղի է ունեցել մարդկանց կողմից զգացվող հարյուրից ավելի երկրաշարժ: Ապրիլի 14-ին եւ 16-ին գրանցված երկու ստորգետնյա ցուցումներն ավելի քան 7 մագնիտուդ ուժգնություն ունեին: Ամբողջովին կամ մասնակիորեն ավերվել է շուրջ 16 հազար բնակելի շինություն: Ավելի քան 30 հազար բնակիչներ, վախենալով վերադառնալ իրենց տներ, մնում են տարհանման կենտրոններում:

Դրանց մեծ մասը կազմակերպված է դպրոցներում, ինչի պատճառով տասնյակ հազարավոր երեխաներ չեն կարողանում վերսկսել ուսումնական պարապմունքները:

Երկրաշարժերի հետեւանքով զոհվել է 49 մարդ, մեկն անհայտ կորել է: Ավելի քան 200 բնակիչներ հոսպիտալացվել են վնասվածքներով:

Բացի այդ, 17 մարդ տարհանման կետերում մահացել է սթրեսներից ու հիվանդություններից, որոնք սրվել Էին աղետի կապակցությամբ:

Մայիսի 4-ին Կյուսյու կղզում երկրաշարժերի պատճառով դադարեցվել է երթեւեկությունը մի շարք երկաթուղիներով, փակ են մի քանի ավտոմոբիլային մայրուղիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում