«4-րդ ինդուստրիալ հեղափոխություն` ուղի դեպի արդյունավետ և ինովացիոն կառավարում» համաժողովը միավորել է պետական ու մասնավոր սեկտորներին

«4-րդ ինդուստրիալ հեղափոխություն` ուղի դեպի արդյունավետ և ինովացիոն կառավարում» համաժողովը միավորել է պետական ու մասնավոր սեկտորներին

Երևանում կայացել է «4-րդ ինդուստրիալ հեղափոխություն` ուղի դեպի արդյունավետ և ինովացիոն կառավարում» համաժողովը, որին ներկա է գտնվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Համաժողովի նպատակն էր ներկայացնել բարձր տեխնոլոգիաների և նորարական լուծումների կիրառման համաշխարհային փորձը ինչպես կառավարման ոլորտում գործող պետական մարմինների, այնպես էլ պետական հատվածի կազմակերպությունների համար։ Այն իրականացվել է ՀՀ կառավարության աջակցությամբ և «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության և Դոմ-Դենիել ընկերության կողմից` ներառելով ոլորտի բարձրաստիճան փորձագետների ելույթներ առողջապահության, կրթության, հանրային անվտանգության թեմատիկ ուղղություններով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնից:

«ՀՀ կառավարությունը ջանքեր է գործադրում ՏՏ ոլորտի զարգացման համար՝ քաջ գիտակցելով, որ դա զարկ կտա նաև տնտեսության մյուս ճյուղերի, այդ թվում՝ ռազմաարդյունաբերության զարգացմանը։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտը նաև բացահայտում է հայերիս բնատուր տաղանդը»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը։

«Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Լիանա Կորկոտյանը նշել է, որ ներկայիս՝ 4-րդ ինդուստրիալ հեղափոխությունը նախորդ 3-ից էականորեն տարբերվում է։ «4-րդ հեղափոխությունը հանգեցրել է նրան, որ այսօր աշխարհում օգտագործվում են արդեն 75 միլիարդ էլեկտրոնային սարքեր, իսկ օգտագործվող տվյալների ծավալը գերազանցում է 40 զետաբայթը»,- հայտնել է նա։

«Մայքրոսոֆթ»-ի գլխավոր տնօրեն Սատյա Նադելլան ավելի վաղ հայտարարել է, որ տարբեր երկրներում հասարակական կազմակերպություններ ու գիտական կառույցներ անվճար կստատան ընդհանուր առմամբ 1 մլրդ դոլար արժողությամբ ծրագրային ապահովում, և այդ ծրագրին կկարողանա մասնակցել նաև Հայաստանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում