Ծիրանի «Vol 1»: Հայ մարդու տեսակ պատկերող վրձինը

Ծիրանի «Vol 1»: Հայ մարդու տեսակ պատկերող վրձինը

Ավետիք Իսահակյանի տուն֊թանգարանում երեկ երեկոյան մարդաշատ էր։ Այստեղ էին հավաքվել հայ ժողովրդական երգ֊երաժշտության սիրահարներ՝ համտեսելու Ծիրանի անսամբլի առաջին պտուղը՝ «Գործ 1» ձայնասկավառակը։ Ինչպես նշում են միջոցառման կազմակերպիչները, այս ձայնասկավառակում Ծիրանի անսամբլը փորձել է առավելապես բնական մատուցել հայ երաժշտության տարբեր շերտերից վերցրած գոհարները, իսկ կոմպոզիտոր Գրիգոր Առաքելյանի ձեռագիրն ամբողջացրել է մեր երաժշտության տարբեր գունային գամմաները՝ ընկալելի դարձնելով այն մերօրյա հանդիսատեսին:

Անսամբլի ներկայացուցիչները վստահ են, որ ոչինչ ավելի վառ չի բնորոշում հայ մարդուն ու նրա հոգևոր գենը, քան ծիրանի ծառը: Ուստի, դարեր առաջ հայ արքաները պիտի կրեին ծիրանագույն պատմուճան, Կոմիտասը և Աշուղ Ջիվանին պիտի գրեին «Ծիրանի ծառը» երգերը՝ ծիրանենին նույնացնելով ՝ Հայաստանի, պտուղները՝ հայ մարդու հետ: Ծիրանի անսամբլը՝ որպես այս անվան կրող, անդրադարձ է կատարում հայ երաժշտությանը` ներառելով հայ միջնադարյան, հոգևոր, ժողովրդական, գուսանական երաժշտությունը և կոմիտասյան արվեստը:

Times.am-ի հետ զրույցում Ծիրանի անսամբլի գեղարվեստական ղեկավար Արտակ Ասատրյանը նշում է, որ իրենց գործունեության ամենակարևոր շերտը համերգային ծրագրերն են։ Խմբի անդամները կարևորում են հանդիսատեսի հետ կենդանի շփումը։ Բայց «Գործ 1» ձայնասկավառակին կհետևեն նաև նոր ձայնագրություններ։ Պարզապես պտուղը պետք է հասունանա։ Ինչպես հայտնի է, ամեն տնկվող ծիրանենի հասու է բերք տալու երեքից չորս տարի հետո, ասում է Արտակ Ասատրյանը։

Այսօր Ծիրանիի առաջին համտեսն էր: Կպատմե՞ք, թե երբ հղացավ նման բերք ստանալու միտքը և ինչ ճանապարհ անցաք մինչ օրս:

Կարելի է ասել ոչ թե միտք, այլ ստեղծելու ցանկություն։ Ավելի շատ սա զգացական էր ու այլևս հնարավոր չէր լռել ու հույզերը չփոխանցել։ Սկզբից ստեղծվեց երաժշտությունը, որը որոշեցինք դարձնել նյութեղեն և շոշափելի։ Հետո ծնվեց նաև Ծիրանի համույթի «Vol 1» ձայնասկավառակը։

Ժողովրդական երգ֊երաժշտությունը շատ սիրելի է մեզանում։ Միևնույն ժամանակ, ժանրի գիտակներն ու քննադատներն էլ են շատ։ Ինչպե՞ս հայտնվեցիք այս ուղղու վրա։ Ի՞նչն էր ամենաշատը ոգևորում ձեզ։ Չվախեցա՞ք։

Այո, համաձայն եմ՝ դժվարությունները շատ են։ Ես միշտ ասում եմ՝ կարծես թե Աստծո կողմից շնորհ է եղել ծանոթ լինել ու ժամանակին հայտնվել լավ մարդկանց, Վարպետների ու իրենց գործի հմուտ գիտակների կողքին։ Նաև նման ունակություն ունենալու, նվերը տեսնելու և սովորելու, շատ սովորելու բախտ եմ ունեցել։ Եվ այսօր այն միտքը, թե ես կվախենամ քննադատությունից… Չէ, չի լինի։ Ես կվախենամ ավելի շատ այն մտքից, որ կարող է պատահել մեր երաժշտությունը չհուզի մոր ձեռքը բռնած մանուկին։ Ամենաթանկն ու կարևորը մեզ համար հենց դա է՝ հասնել մարդկանց հուզական դաշտին, հպվել նուրբ զգայարաններին ու որ հայու գենը կրող ամեն մարդու մոտ մեր երաժշտությունից արյունը մի քիչ գոնե խոսա ու ավելի թեժանա։

Առաջին սկավառակն այլևս հանդիսատեսի հարստությունն է։ Բայց նրա անվանումը հուշում է, որ կլինեն նաև երկրորդը, երրորդը և այլն։ Ի՞նչ ծրագրեր ունի Ծիրանին, ինչո՞վ կուրախացնեք երաժշտասեր հանրությանն առաջիկայուն։

Առաջիկայում կլինի համերգային գործունեություն և դա մեր աշխատանքի ամենակարևոր շերտը կարելի է համարել՝ լինել բեմում ու կենադնի ներկայացնել մեր երաժշտությունը, շփվել հանդիսատեսի հետ մեր պապերի լեզվով, մեր հազարամյա մշակույթի շնչառությամբ։ Այո, կարծում եմ կհասունանա նաև նոր ձայնասկավառակի ծնունդը, բայց, ինչպես հայտնի է, ամեն նոր տնկվող Ծիրանի հասու է բերք տալու 3-ից 4 տարի հետո։ Ուստի, կարծում եմ, գալիք տարվա մեջ կբավարարվենք առաջին աշխատանքով։

Վստահ եմ՝ Դուք արդեն լսել եք ձեր աշխատանքի գնահատականները։ Ինչպիսի՞նն են հայ հանդիսատեսի սպասելիքները ստեղծագործողներից։ Իսկ դուք ի՞նչ ակնկալիք ունեք լսարանից։ Ո՞րն է ձեր հիմնական ուղերձը։

Այո, արձագանքները շատ ջերմ են եղել ու նոր բանի ակնկալիքով, որը շատ պարտավորեցնող է։ Հայ հանդիսատեսը, կարծում եմ, աքիլեսյան գարշապարն է ցանկացած հայ արտիստի՝ խստապահանջ ու անզիջում։ Հատկապես, երբ խոսքը վերաբերվում է ոչ թե ժամանցային շոուներին, այլ պրոֆեսիոնալ ու դասական արվեստին։ Իսկ մեր ժողովրդի կողմից ստեղծածն անցել է ժամանակային փորձությունը և վստահ կարող է դասվել համայն մարդկության դասական արժեքների շարքում։ Նման արժեքը ներկայացնելը թե՛ պատասխանատվություն է և թե՛ պատիվ։ Իսկ մեր սպասելիքները հանդիսատեսից շատ պարզ են՝ լինել մեզ հետ, մեր երաժշտության հետ, կիսել մեր հույզերը և խթանել մեզ նորանոր Ծիրանենիների ծնունդի։ Որպես ուղերձ՝ սիրել մեր լեզուն ու խոսքը, իմանալ և սիրել մեր մշակույթը։ Նորից կրկնեմ՝ պարտադիր է իմանալ մեր պատմությունն ու մշակույթը, որովհետև առանց գիտակցական սիրո չենք կարող խոր արմատներ ունենալ։ Դա մեզանից Հայ մարդու տեսակ պատկերող վրձինը։

Լուսանկարները՝ Գագիկ Ագաբալյանի 

Հետևեք մեզ նաև Telegram-ում