Նարեկ Գալստյանը բամբասանք է որակում ՍԴՀԿ-ում խմորումների մասին խոսակցությունները

Նարեկ Գալստյանը բամբասանք է որակում ՍԴՀԿ-ում խմորումների մասին խոսակցությունները

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայաստանյան վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը հերքում է մամուլում տարածված տեղեկատվությունը, թե կուսակցության ներսում խմորումներ են, իսկ հայաստանյան վարչությունը լուրջ ֆինանսական խնդիրների առջև է կանգնած: «Արմենպրես»-ի հետ զրույցում Նարեկ Գալստյանն ընդգծեց, որ նման հրապարակումները բամբասանք են և իրականության հետ կապ չունեն: «Դրանք ընդամենը բամբասանքներ են, կուսակցությունում ամեն ինչ նորմալ է: Ես ապացուցելու խնդիր չունեմ, որ, օրինակ, ուղտը կոկորդիլոս չէ: Շատ կերազեն, բայց չեմ մեկնաբանում»,- ասաց Նարեկ Գալստյանը:

Մամուլի հրապարակման համաձայն` ՍԴՀԿ-ն 2009թ. տեղի ունեցած պառակտումից հետո ուշքի չի գալիս: Նշվում է, որ ժամանակ առաջ հրաժարական է տվել ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը, որը ծագումով լիբանանցի է: Այս հրաժարականը հնաբնակ ՍԴՀԿ-ականները տարօրինակ են համարում, քանի որ կուսակցության պատմության մեջ եզակի դեպք է: Որպես կանոն, ատենապետի պաշտոնում միշտ ձգտում են վերընտրվել գործող ատենապետները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում