Իտալիայից հրավիրված մասնագետները վերականգնել են Կարմրավորի Սբ Աստվածածին եկեղեցու ներքին որմնանկարները

Արագածոտն մարզի Կարմրավորի Սբ Աստվածածին եկեղեցու ներքին հատվածում պահպանված որմնանկարների մաքրման եւ վերականգնման աշխատանքներն ավարտված են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իտալիայից ժամանած ճարտարապետ Արա Զարյանի ու որմնանկարի վերականգնող մասնագետ Քրիստին Լամուղեի ջանքերով Կարմրավոր եկեղեցու ներսում արդեն տեսանելի են ճարտարապետական փոքր գլուխգործոցի ներքին նկարազարդման բարձր արվեստի մասին վկայող տասը սրբապատկերները: Եկեղեցու հյուսիս-արեւմտյան պատին պատկերված է ձի հեծած ու թուրը ձեռքին Սբ Գևորգ զորավարը, իսկ հարավ-արեւմտյան պատին ձի հեծած, մանուկը գրկին, նետը ձեռքին պահած Սբ Սարգիս զորավարի պատկերագրությունը:

Գմբեթարդը կենտրոնական մասում զարդարված է «Քրիստոսը փառքի մեջ» որմնանկարով, իսկ կամարակապի հյուսիսային եւ հարավային հատվածներում համապատասխանաբար Մարիամ Աստվածածնի ու Սբ Հովհաննես Մկրտչի որմնապատկերներն են: Ժամանակի ընթացքում բոլոր որմնանկարները կորցրել են իրենց երանգները և այսօր ներկայանում են մեծամասամբ սև- սպիտակ գույներով: Զբոսաշրջիկները եւ ուխտավորներն այսուհետ կկարողանան տեսնել եւ գնահատել Կարմրավորի եկեղեցու ներքին գեղարվեստական մեծ արժեք ներկայացնող որմնանկարները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում