Ղազախստանը կճանաչի ԵԱՏՄ երկրների քաղաքացիների կրթության մասին փաստաթղթերն առանց սահմանափակման

Ղազախստանում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիների կրթության մասին փաստաթղթերի ճանաչման հետ կապված սահմանափակումները վերացվել են:

Ինչպես տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, ԵԱՏՄ երկրներում տրված կրթության վերաբերյալ փաստաթղթերի ճանաչման հարցը նախատեսված է ԵԱՏՄ Համաձայնագրով (97-րդ հոդվածի 3-րդ կետ) և համարվում է միությունում աշխատուժի միասնական շուկայի ձևավորման կարևոր բաղադրիչներից մեկը:

Համաձայն հաղորդագրության` Եվրասիական տնտեսական հանձնաժողով բողոքներ են ստացվել իրավաբանական անձանցից Ղազախստանում միության երկրների աշխատուժի ավարտական վկայականների ուղղակի ճանաչումը մերժելու վերաբերյալ: Համապատասխան Ղազախստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության դիրքորոշման` ԵԱՏՄ պայմանագրի 97-րդ հոդվածի 3-րդ կետի գործողությունը տարածվում է կրթության վերաբերյալ փաստաթղթերի վրա, որոնք տրվել են միության երկրների կրթական կազմակերպությունների կողմից 2015 թվականի հունվարի 1-ից հետո, այսինքն` այն օրվանից, երբ ուժի մեջ է մտել ԵԱՏՄ Համաձայնագիրը, ինչը հակասում է ԵԱՏՄ Համաձայնագրի նորմերին:

Հարցը քննարկվել է Հանձնաժողովում Ղազախստանի կրթության և գիտության նախարարության հետ: Մայիսի 27-ին Ղազախստանի նշյալ գերատեսչությունից հայտնել են, որ ներկայում ԵԱՏՄ Համաձայնագրի վերոնշյալ նորմն իրականանում է ամբողջ ծավալով` առանց սահմանափակումների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում