Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել գիշերը ՊՊԾ գնդի տարածքում իրադարձությունների վերաբերյալ

ՀՀ ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, որ պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հրաձգության ժամանակ ակտիվ կրահոցներ են արձակվել գունդը գրաված զինված խմբի անդամների կողմից: Այս տեսանյութով ոստիկանությունը հակադարձում է զինված խնբի անդամների կողմից շրջանառության մեջ դրված վարկածին այն մասին, որ խմբի անդամներից Պավլիկ Մանուկյանը վիրավորվել է, երբ հանձնելո ւ է գնացել զինված խմբի վիրավոր անդամին, իսկ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը ձերբակալվել են, երբ ցանկացել են պատգարակ հանել վիրավոր ընկերներին տանելու համար: Այնինչ, տեսանյութում հստակ երևում է զինված խմբի անդամներից մեկի հանձնվելու պահը` ձեռքերը վերև պարզած:

«Որոշ անձինք, իբր հղում անելով զինված խմբի անդամներին, կեղծ տեղեկություններ են տարածում ՊՊԾ գնդում և նրա շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ: Ներկայացվող տեսանյութում իրականությունն ու փաստերն են»,-նշել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պես Աշոտ Ահարոնյանը:

Պարեկապահակային ծառայության գնդի տարածքում հուլիսի 27-ին իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել Մանուկյանն ու նրա որդի Արամը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց: Հրաձգությունը դադարել է, և ընթանում են բանակցություններ՝ զինված անձանց հանձնվելու գործընթացը ավարտին հասցնելու համար:

Հուլիսի 27-ի առավոտյան զինված խումբը պատանդ է վերցրել վիրավորներին օգնության հասած բժիշկների խմբին` երեք տղամարդու և մեկ կնոջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում