Հարկային և մաքսային պատասխանատվության մեխանիզմները պետք է վերանայվեն

Այսօր կառավարությունը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքում­յանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հարկերի մաuին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի եզրակացությունը:

Առաջարկվող փոփոխությունը վերավերում է հարկի վճարումը ուշացնելու դեպքում հաշվարկվող տույժի նվազեցմանը: Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է սահմանել, որ հարկի վճարումը սահմանված ժամ­կետ­ներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար օրենքով սահմանված տույժը հաշվարկվի ոչ թե ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15, այլ 0.075 տոկոսի չափով:

Հեղինակը իր առաջարկությունը հիմնավորել է նրանով, որ գործող դրույքաչափը էապես տարբերվում է ինչպես զարգացած երկրների, այնպես էլ ՀՀ-ի հետ տնտեսական սերտ ինտեգրման մեջ գտնվող ԵԱՏՄ անդամ պետությունների պրակտիկայից:

Պետք է նշենք, որ ԵԱՏՄ անդամ մյուս պետություններում օրենքով սահմանված ժամկետում չկատարված հարկային եւ այլ պարտավորությունների համար տույժի տարեկան դրույքաչափը որոշվում է ելնելով դրա հաշվարկման պահին գործող Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման դրույքաչափից կամ հաշվարկային դրույքից:
Ուշագրավ է, որ ԵՏՄ անդամ պետու­թյուն­ների, ինչպես նաև տարածաշրջանի այլ պետություններում գործող տույժերի հաշ­վարկ­ման ընթա­ցակարգերը Հայաստանի Հանրապետությունում սահմանված ընթացակարգերից տարբերվում են ոչ միայն նրա­­նով, որ այդ պետություններում տույժերը հաշվարկվում են ավելի փոքր դրույքա­չա­փե­րով, այլ նաև նրանով, որ այդ երկրներում տույժերի հաշվարկման առումով ժամկետային սահ­­մա­նա­փակումներ սահմանված չեն: Ինչը նշանակում է, որ այդ պետություններում հարկի գումարը ժամա­նա­կին չվճարելու դեպքում տույժերը հաշվարկվում են ոչ թե առա­վելա­գույնը 365 օրվա համար, այլ անսահմանափակ օրերի համար՝ մինչև հարկի գումարի գծով առկա հարկային պար­­տավորության վերջնական մարումը:

Պետք է արձանագրենք, որ անկախությունից հետո անցած տարիների ընթացքում ՀՀ հարկային եւ մաքսային համակարգում, քաղաքականության մեջ տեղի են ունեցել էական բարեփոխումներ, ներմուծվել է նոր, ժամանակակից գործիքակազմ, կատարելագործվել են օրենսդրությունը եւ վարչարարությունը, այնուամենայնիվ, հարկային պատասխանատվության կիրառման դաշտում որոշ կարգավորումներ, ինչպիսին, օրինակ` ժամկետանց հարկային պարտավորությունների նկատմամբ կիրառվող տույժերն են, վերանայման կարիք ունեն և չեն համապատասխանում միջազգային հարկային վարչարարության հիմնարար սկզբունքներին:

Կառավարությունը կարևորելով խնդրի համակարգային լուծումը, գտել է , որ գործող հարկային օրենսդրությամբ սահմանված տույ­ժերի հաշվարկման ընթացակարգերի վերանայման հարցն առավել նպատակահարմար է քննար­կել հարկային օրենսգրքի նախագծով հարկային համակարգում առաջարկվող արմա­տա­կան մի շարք փոփոխություններին զուգահեռ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում