Երևանի բնակչի տանն ԱԱԾ-ն մեծ քանակությամբ ռազմամթերք է հայտնաբերել (ֆոտո)

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է հրապարակել Երևան քաղաքի բնակիչ Գ.Ս.-ի բնակարանում մեծ քանակությամբ ռազմամթերք հայտնաբերելու մասին: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից:

Հայտարարության մեջ ասվում է. «Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու փաստի կապակցությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական գործողությունների, այդ թվում՝ խուզարկությունների արդյունքում, Երևան քաղաքի բնակիչ Գ.Ս.-ի բնակարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ռազմամթերք: Մասնավորապես, առգրավվել և փորձաքննության են ուղարկվել շուրջ 6000 հատ փամփուշտ, 15 հատ նռնակ, նռնակի ճայթիչներ, տրոտիլ պայթուցիկ նյութեր, կապսուլ-դետոնատորներ, ազդանշանային հրթիռներ, ինքնաձիգի լիցքավորված փամփշտակալներ, հակատանկային ականանետ, ռադիոկապի միջոց, ականորսիչ և այլն:

Ձերբակալվել է երկու անձ: Ստացված դատավարական և օպերատիվ տվյալների համաձայն՝ հայտնաբերված ռազմամթերքը կարող է առնչություն ունենալ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած զինված խմբի հանցավոր գործունեության հետ: Նախաքննության ընթացքում ստուգվում են ինչպես այս, այնպես էլ հավանական այլ վարկածները:

/disc/05-08-16/002c54e487468b937cd00e26478fc067.jpg

/disc/05-08-16/0d98fe8ccb6a605b82a568f52f05e3fb.jpg

/disc/05-08-16/e28bdd9109b005288125ee5d3a588080.jpg

/disc/05-08-16/c90f24576adff9ae5290a43cf5575a5d.jpg

Հետևեք մեզ նաև Telegram-ում