Սերբիայի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի պայմանագրի նախագիծը պատրաստ կլինի հոկտեմբերին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի հոկտեմբերի սկզբին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բելգրադում հայտարարել է ՌԴ-ի դեսպան Ալեքսանդր Չեպուրինը:

Նա այդ մասին հայտնել է Սերբիայի կառավարության փոխնախագահ, առեւտրի, զոոսաշրջության եւ հեռահաղորդակցությունների նախարար Ռասիմ Լյաիչի հետ օգոստոսի 30-ին կայացած հանդիպմանը: Մայիսի վերջին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը որոշում է ընդունել Սերբիայի հետ բանակցություններ սկսել առեւտրական ռեժիմի միասնականացման շուրջ, որի արդյունքը կդառնա ազատ առեւտրի ընդհանուր գոտին միության բոլոր երկրների եւ Բալկանյան երկրի համար: Այն ժամանակ նշվել է, որ ԵԱՏՄ-ի միայն երեք երկրներ Սերբիայի հետ ունեն ազատ առեւտրի համաձայնագիր: Այդ երկրներն են՝ Ռուսաստանը, Ղազախստանը եւ Բելառուսը, ընդ որում այդ համաձայնագրերի առանձին դրույթներ տարբերվում են: Սերբիայի, Հայաստանի եւ Ղրղզստանի միջեւ համանման արտոնյալ ռեժիմ սահմանված չէ, բայց այդ երկրների միջեւ ապրանքների երկկողմ առեւտրում առավել բարենպաստման ռեժիմ է գործում:

«Ռուսական կողմը, իր գործընկերների հետ համագործակցությամբ, մինչեւ հոկտեմբերի սկիզբն ազատ առեւտրի մասին համաձայնագրի նախագիծ կպատրաստի Սերբիայի եւ Եվրասիական միության միջեւ, որիը մեջ մտնում են ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը եւ Ղրղզստանը, այդ ժամանակ Էլ կարող են բանակցություններ սկսվել դրա կնքման շուրջ»,- Ռուսաստանի դեսպանի խոսքը մեջբերում է Լյաիչի մամուլի ծառայությունը:

Սերբիայի փոխվարչապետը եւ Չեպուրինը հույս են հայտնել, որ այս համաձայնագիրը կստորագրվի որքան հնարավոր է շուտ, ինչը կբերի ազատ առեւտրի ռեժիմին ենթակա ապրանքների ցուցակի ընդլայնման, ինչպես նաեւ Սերբիայի արտահանողների համար վաճառահանման շուկայի ընդարձակման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում