Ուսման տարիներին անհրաժեշտ կրեդիտներ ձեռք բերելու դեպքում ուսանողը կարող է ստանալ երկրորդ մասնագիտություն

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն օգոստոսի 30-ին տեղեկացրեց, որ աստիճանաբար փորձելու են կրեդիտային համակարգը ներմուծել նաեւ ավագ դպրոցներ:

«Այն հնարավորություն կտա բակալավրում 4 տարին, երբեմն, իջեցնել 3 տարվա, որը նույնպես խնայողություն է ծնողների համար: Եթե նայում ենք համաշխարհային փորձին, ապա տեսնում ենք, որ կրեդիտների որոշակի քանակություն աշակերտը տեսականորեն կարող է ստանալ ավագ դպրոցի վերջին տարիներին: Բարձրագույն կրթության համակարգում նախատեսում ենք եւս մեկ հետաքրքիր փոփոխություն, այն է` հնարավորություն տալ ուսման տարիներին հավաքել անհրաժեշտ կրեդիտներ եւ ձեռք բերել երկրորդ մասնագիտություն, որպեսզի, օրինակ, ճարտարագիտական կամ Բրյուսովի անվան համալսարանում սովորող ուսանողը կարողանա հավաքել 80 կրեդիտ եւ նաեւ մանկավարժի որակավորում ստանալ: Սա մեծ հարցեր կլուծի մեր շրջաններում, որոնց դպրոցներում թափուր աշխատատեղեր կան, եւ շատ մասնագետներ չեն կարողանում աշխատել, քանի որ չունեն մանկավարժի որակավորում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց ԿԳ նախարարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում