AM | RU | EN
USD
EUR
RUB

Երբե՛ք, երբե՜ք չի կարելի հանուն տնտեսական կայունության՝ զոհել տեսակի լինելիությունը

...Ուտել ապրելու համար, այլ ոչ թե ապրել՝ ուտելու համար...
Սոկրատես (մ.թ.ա 466-399թթ)

Եթե ձևակերպելու լինենք կյանքի կենսաբանական իմաստը, թերևս ամենակարճ բնութագրմամբ դա կհնչի այսպես. «տեսակի պահպանում և մշտական կատարելագործում»։
Սա, ըստ էության, իր մեջ ամփոփում է ցանկացած կենդանի օրգանիզմի կազմակերպման օրինաչափությունները։

Այս բանաձևն ուղղակիորեն ընդգծում է տեսակ հասկացության կարևորությունը։
Ցանկացած կենդանի օրգանիզմ, նույնիսկ պարզագույն կառուցվածք ունեցողները, բաղկացած են ենթակառուցվածքներից։ Ավելի բարդ օրգանիզմները կազմված են համեմատաբար ավելի պարզ, բայց իրենց բնույթով առանձին օրգանիզմի չափանիշներին բավարարող ենթակառուցվածքներից և այդպես շարունակ։

Հաշվի առնելով դարերի խորքից եկող գաղափարը՝ համաձայն որի՝ Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով, և որ Աստված, ըստ էության, Ամենն է, կարելի է ենթադրել, որ ամենն, ըստ էության, կառուցված են նույն սկզբունքով, և կատարելապես ըմբռնելով որևէ օրգանիմի կառուցվածքային և ֆունկցիոնալ օրինաչափությունները, կարելի է ընդհանրական պատկերացում կազմել և ամենի վերաբերյալ։

Եւ այսպես, մարդը... ստեղծման իսկ օրվանից կարիք ունի սննդառության։ Եւ ուրեմն հարց է առաջանում, արդյո՞ք ուտելն է կյանքի նպատակը, թե՞, այնուամենայնիվ, մշտական կատարելագործումը կենդանի օրգանիզմների առջև մի փոքր ավելի բարդ խնդիրներ է դրել...

Դարերի ընթացքում, նույն տարածքի վրա ապրող մարդիկ, դառնում են կրողն ընդհանուր գենոֆոնդի, արժեհամակարգի, լեզվի, մշակույթի... ըստ էության, սկսում ենք գործ ունենալ տեսակի հետ, որն անհատներից կազմված բարդ օրգանիզմ է՝ կենդանի օրգանիզմին բնորոշ բոլոր օրինաչափություններով։ Հասարակությունը, մարդկությունը մարդ տեսակից կազմված հավաքական օրգանիզմ է, որտեղ ազգերը, կարելի է համեմատել մարդկանց օրգանների հետ։ Կարծում եմ հայտնի է, թե որևէ օրգանի հիվանդությունն ինչպես կարող է անդրադառնալ ամբողջ օրգանիզմի վրա։

Ինչպես ցանկացած օրգանիզմ, հասարակություններն էլ ժամանակի մեջ սահմանում են համակեցության որոշակի օրինաչափություններ, և, միջավայրի պայմաններից դրդված՝ դրսևորում այս կամ այն աստիճանի կազմակերպվածություն։

Դպրոցական միջնակարգ ծրագրի շրջանակներում, սովորեցնում են, որ ազգերի, հասարակությունների կազմակերպման բարձրագույն ձևը պետությունն է։ Իդեալական տարբերակում ազգային պետությունը՝ նույն տեսակներից կազմված կազմակերպած այդ բարդ միավորը ինքնին ավելի բարդ օրգանիզմ է՝ դարձյալ կենդանի օրգանիզմին բնորոշ բոլոր գործառույթներով և օրինաչափություններով։ Եւ, եթե հաշվի առնենք վերոշարադրյալը, կարելի է ենթադրել, որ պետությունն էլ կանգնած է կենդանի օրգանիզմներին հատուկ խնդրի առջև, այն է՝ տեսակի պահպանում և կատարելագործում։

Բայց, ինչպես ցանկացած օրգանիզմ, պետությունները ևս բախվում են «ուտել ապրելու համար, թե ապրել ուտելու համար» հարցին, որի պատասխանը դեռևս մեր թվարկությունից առաջ տվել էր Սոկրատեսը. այնուամենայնիվ՝ ուտել՝ ապրելու համար, և ոչ հակառակը...

Սակայն, չգիտես ինչու, մեր նորանկախ պետականության գլխավոր խնդիրը և նպատակը ձևակերպվում էր(է) ճիշտ հակառակ սկզբունքով։ Չգիտես ինչու, քառորդ դարը բոլորող մեր պետականությունը գերնպատակ է համարում ուժեղ տնտեսությունը, տեսակին վերաբերվող արժեքային համակարգը ստորադասելով կուշտ ստամոքսին։ Մինչդեռ ամուր տնտեսությունն ընդամենը միջոց է՝ տեսակի պահպանման և կատարելագործման համար, ասել է թե՝ տեսակին բնորոշ արժեհամակարգը պետք է լինի գերակա խնդիրն ու զարգացման ուղղությունը ձևավորողը։

Սակայն մեր երկրում որևէ «փոփոխություն» կամ «նորարարություն» գերազանցապես հիմնավորվում է «ամբողջ աշխարհում այդպես են անում» սկզբունքով, առանց հաշվի առնելու տեսակային առանձնահատկություններն ու շահերը։

Հարգելիներս... ամբողջ աշխարհի անքակտելի և կարևորագույն մասը լինելուց զատ, չպետք է մոռանալ, որ մեր տեսակի պահպանումն է, որ հանդիսանում է գերակա պետական խնդիրը, որն, ի դեպ, բխում է համամարդկային շահերից։ Ասել է թե՝ մարդկության ներդաշնակ գոյությունն ապահովելու համար կարևոր է պահպանել ազգամիջյան բալանսը։

Ավելի պատկերավոր եթե ձևակերպենք, կարող եք պատկերացնել ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե սիրտը սկսի իրեն լյարդ կամ ստամոքս զգալ և սրտի ֆունկցիաները կատարելու փոխարեն, զբաղվի լրիվ այլ գործունեությամբ։

Մենք պետք է վերջապես հասկանանք, որ առկա բազմաթիվ խնդիրներն, ըստ էության, պատճառն են սխալ ձևակերպված նպատակի և սխալ ընտրված շարժման ուղղության (ավելի ճիշտ դրա իսպառ բացակայության)։

Որպես վառ ապացույց կարող ենք համեմատել հասարակության կազմակերպվածության աստիճանը՝ ազգային խնդիրների լուծման ժամանակ (Սպիտակի երկրաշարժ, Արցախյան ազատամարտ...): Բազմաթիվ խնդիրների պատճառով արթագաղթող հայրենակիցների՝ գերարագ ինքնակազմակերպումն ու որպես մեկ բռունցք հանդես գալը ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ, ևս մեկ անգամ վկայում է, որ նույնիսկ ա՛յս պայմաններում, դժգոհության ա՜յս մակարդակի դեպքում՝ կա բավարար ներուժ վերստին աշխատեցնելու առողջ համազգային համակարգը՝ որպես մեկ հզոր օրգանիզմ։ Դրա համար անհրաժեշտն է բավարար կամք և ազգային նպատակների հստակեցում՝ կենդանի օրգանիզմին բնորոշ օրինաչափությունների պահպանմամբ։

Ո՛չ ցեղասպանության միջազգային ճանաչումը, ո՛չ Արցախյան խնդիրը, ո՛չ, անգամ, կորսված Արևմտյան Հայաստանի ազատագրումն ինքնին գերնպատակ չեն, այլ պարտադիր, անհրաժեշտ պայման՝ ազգային նպատակն իրագործելու (իմա՝ տեսակի պահպանումն ու կատարելագործումն ապահովելու) համար։

Հետևաբար, երբե՛ք, երբե՜ք չի կարելի հանուն տնտեսական կայունության՝ զոհել տեսակի լինելիությունը։ Արցախյան պատերազմի տարիներին, կիսաքաղց ու զրոյական տնտեսությամբ՝ բայց կար կազմակերպված և հավատավոր հասարակություն, մինչդեռ հարաբերական խաղաղության և համեմատական տնտեսական բարելավման ֆոնին՝ մասսայական հիասթափություն և արտագաղթ։ Իսկ ո՞րն է պատճառը...

Մարդկային օրգանիզմն ունի կառավարման կենտրոնական (բարձրագույն նյարդային), հումորալ (հորմոններ և ակտիվ նյութեր) և աուտոռեգուլյացիոն (ինքնակարգավորման) համակարգեր։ Ինքնակարգավորման համակարգերը գործում են անգամ առանձին բջիջներում, դրանց վառ օրինակ է ապոպտոզի երևույը, ինչին ժամանակին անդրադարձել էի այս հոդվածում։

Վերը նշածս շարքն իսկ հուշում է, որ գերակա կարգավորման, կառավարման համակարգը՝ բարձրագույն կենտրոնական համակարգն է։ Շատերը, միգուցե, այն կասոցացնեն կառավարության հետ, մինչդեռ կառավարությունն իր բնույթով առավելապես ողնուղեղի ֆունկացիաներ է իրագործում՝ համեմատաբար պարզ ռեֆլեքսների մակարդակով, մինչդեռ բարդ անալիտիկ գործունեության համար պատասխանատու է ուղեղի կեղևը։ Իդեալական պայմաններում դա երկրի մտվորականությունը ներկայացնող ազգային ժողովն է։ Սակայն, ցավոք, այս հարցում ևս սխալ ենք ընթացել, մտավորականությանը հեռացնելով ազգային ժողովից, իսկ ազգային ժողովն իր հերթին գերազանցապես վերածելով միջկուսակցական «բազառների», քաղաքական և ֆինանսական աճպարարությունների, չկայացած անձնվորությունների ինքնահաստատման, չբավարարված ամբիցիաների դրսևորման մի հարթակի՝ այն աստիճան արժեզրկելով և բարոյազրկելով, որ բազմաթիվ մտավորականներ չեն կարող իրենց անգա՛մ պատկերացնե՜լ այդտեղ։

Ցավոք թյուրըմբռնում կա նաև մտավորական հասկացության նկատմամբ. սովետական տարիներից ժառանգված իներցիայով՝ մենք հաճախ մտավորական և մշակութային գործիչ հասկցություններն ասոցացնում ենք, ստանալով հիասթափություն՝ ակնկալիքների և իրականության բախման ֆոնին։

Խնդիրն այն է, որ սովետական տարիներին մշակութային գործիչները նաև մտավորականներ էին։ Ռեժիսորները, դերասանները, կոմպոզիտորները, գիտնականները... իրենց ընձեռնված ստեղծագործական հարթակներն ամեն կերպ փորձում էին օգտագործել ի նպաստ ազգային շահի։ Ավելորդ անգամ, կարող եմ հիշեցնել տարբեր ֆիլմերում ամեն գնով «խցկված» որևէ ֆիդայական երգ, որևէ միտք, նախադասություն, ձևակերպում, որն այնպես էր հարմարեցվում, որ անցնելով առկա կուսակցական ցենզի ֆիլտրով՝ միևնույն ժամանակ տեղ հասներ հայկական հոգուն, հպվելով ազգային ենթագիտակցության նուրբ լարերին՝ մշտարթուն պահեր ազգային գերնպատակները։

Մտավորականության վառ օրինակներ են Րաֆին, Թումանյանը, Պատկանյանը, Կոմիտասը, Նաթալին.... Վերնատունը... Սակայն խնդրեմ, տվեք մերօրյա (25 տարվա անկախ պետականության կերտած) մի այսպիսի անհատ, մի գրող, մի արվեստագետ... նման մասշտաբների աշխարհընկալմամբ, պատրաստվածությամբ, պրոֆեսիոնալիզմով և ամենակարևորը՝ հայկականությանը, ազգային գաղափարին նվիրմամբ...

Նշածներիցս և որևէ մեկը չէր դրել «ուտելու» գերնպատակ... Կարծում եմ, ավելորդ չէ հիշեցնել, Արամ Մանուկյանի կարկատված հանդերձանքը, Թամանյանի ծակ կոշիկները, Թումանյանի նամակն Անդրանիկին (իր չորս որդիներին ռազմաճակատ, չորս դուստրերին թիկունքում աշխատելու, և հավելյալ յուրաքանչյուր ամիս 100 ռուբլի ազգային ֆոնդին պարտադիր մուծում անելու պատրաստակամության մասին՝ հանուն ազգային խնդրի լուծման).... Բայց և նրա՛նք էին մեր նորօրյա պետականության կերտողները... այո՛, մինչև իսկ այսօ՛ր, անգամ այս արդեն քառո՜րդ դարյա մեր պետականությունը, ցավոք չունի այնպիսի մեծություններ, որոնց ձևակերպած տեսլականն է ընկած պետության զարգացման հիմքում։

Ո՞րն է խնդիրը... չկա՞ն... չե՞ն ծնվել... չե՞ն գնահատվել...

Իսկ միգուցե պատճառն ազգային նպատակի բացակայությունը կամ դրա ստորադասումն է ֆինանսական բարեկեցությանը... ասել է թե՝ ուտելը ազգային նպատակ սահմանելը...

Ի՞նչ հաջորդականությամբ է տեղի ունենում օրգանիզմի վախճանը. որպես կանոն, թթվածնի նկատմամբ ամենից զգայունն ուղեղի կեղևն է՝ անալիտիկ կենտրոնը, սկզբում կորցնում ենք վերլուծական կենտրոնը, հետո՝ ստորադաս պարզագույն ռեֆլեքսները, հետո՝ հումորալ կարգավորումը, և վերջում՝ աուտո (ինքնա) կառավարումը։ Այսինքն, զրկվելով համակարգային կառավարման ուղիղ գերակայությունից՝ օրգանիզմի առանձին բջիջները դեռևս որոշակի ժամանակահատված շարունակում են գոյատևել ինքնակարգավորման սկզբունքով։ Լոկալ ընկալմամբ՝ բջիջը դառնում է գերակա օրգանիզմի նկատմամբ։

Այսօրվա «ամբողջ աշխարհը» տանում է ագրեսիվ պրոպագանդա՝ մարդը ամեն ինչից վեր սկզբունքով, մարդկային ազատությունները, իրավունքները, ցանկությունները.... գերադրելով մարդու պարտականություններին՝ որպես մարդկության մեկ բջիջ, որպես հասարակության անդամ, որպես մեկ ամբողջ օրգանիզմի մի մասնիկ...

Կազմակերպված միավորներում «հասարակության շահը» ստորադասելով «անհատի շահին»՝ դրվում է տվյալ կազմակերպված միավորի բաղդատման հիմքերը։ Այդ ամենի համար նպաստող հանգամանք է՝ բարձրագույն կառավարման համակարգի կաթվածահար վիճակը։ Սակայն խնդիրի լուծումն ինքնին կապել բռնի կենտրոնական կառավարման հետ՝ արմատական սխալ է, քանի որ նույնիսկ ամենակատարյալ նյարդային բջիջն ի զորու չէ կծկվել և կատարել մկանային բջջի ֆունկցիա։ Ավելի պատկերավոր՝ ուղեղն առանց մկանների ի զորու չէ վազել որսի հետևից, և առանց ստամոքսի ի զորու չէ բավարարել տեսակի պահպանման և կատարելագործման համար անհրաժեշտ սնունդը (նույնը և անուղեղ վազող մկաններին է վերաբերվում)... Դարձանք նորից այն մտքին, որ այս բոլորի ներդաշնակ գործունեությունն է ապահովում ամբողջ օրգանիզմի անխափան գոյությունը...
Իսկ օրգանիզմի տարբեր բաղկացուցիչերի ներդաշնակ գործունեությունն ապահովելու կարևորագույն պայմանը՝ միևնույն տեսակին պատկանելու գիտակցումն է, որն էլ ենթադրում է միևնույն տեսակային խնդիրների հավաքական լուծման անհրաժեշտությունը։
Օրգանիզմի գոյության նպատակն իջեցնելով սննդառության, ուտելու մակարդակին՝ ստեղծվում են բոլոր նպաստավոր պայմանները, որպեսզի դրա բաղկացուցիչ մասերը սկսեն գործել «եղունգ ունես գլուխդ քորի» կամ «որտեղ հաց՝ այնտեղ կաց» սկզբունքով։

Ի՞նչ ունենք մենք.

Սովետական տարիներին անտակ մառանից տարատեսակ եղանակներով իրենց անհագ ստամոքսն հագեցնող «մինիշյուլլերների» մի միջավայր, որը զրկվելով համակարգային կոնտրոլից և միառժամանակ հայտնվելով տեսակի պահպանման լուրջ վտանգի առջև, մի որոշ ժամանակահատված ստիպված էր ենթարկվել ազգային գերակա շահին։ Պատերազմի ավարտին մոտ, երբ ուրվագծված էր հաղթանակը, միևնույն ժամանակ՝ երկիրը դեռ վերջնականապես դուրս չէր եկել հետցնցումային քաոտիկ վիճակից, պարզ դարձավ, որ ժառանգություն մնացած հսկայական ունեցվածքը, ըստ էության, «անտեր է» մնացել, և սկսվեց դրան «տիրանալու» ամենաակատաղի պայքար։

Բնականաբար, ջունգլիների օրենքներով գործող միջավայրում, հետսովետական արվեստագետ-ինտելիգենցիան ի զորու չէր մրցակցելու շուլերա-կրիմինալ օրենքներով ագրեսիվ տարրի հետ և իր տեղն աստիճանաբար զիջեց «առավել կենսունակ» «ուռուցքային բջիջներին»։ («Ուռուցքային բջիջ» եզրույթի կիրառությունը պատահական չէ ընտրված, քանի որ իրենց գործունեության բնույթով դրանք ևս էներգետիկ տեսանկյունից ավելի ագրեսիվ են (ունեն ավելի բարձր նյութափոխանակություն, մի քանի անգամ կարող են գերազանցել հարևան բջիջներին), ավելի արագ և անզուսպ բազմացման հակում ունեն, չի գործում ապոպտոզի (տեսակից շեղվելու դեպքում ինքնաոչնչացման) մեխանիզմը, որքան քիչ են պատկանում որևէ տեսակի, այդքան ավելի չարորակ են և կարճ ժամանակահատվածում կարող են թողնել իդեալական բջջի տպավորություն, մինչդեռ ժամանակի տևական հատվածում, քայքայելով ամբողջ օրգանիզմը, պատճառ են դառնում նրա մահվան)։ Ասպարեզից հեռացվեցին նաև պոտենցյալ հակառակորդ հանդիսացող կամ վտանգ ներկայացնող համեմատաբար կոշտ խաղի կանոնների սովոր անհատները։

Ժամանակի ընթացքում միմյանց և կրիմինալի հետ տարբեր կապերով աստիճանաբար սերտաճող զանգվածը, վեր ածվեց ուռուցքային պրոցեսի, որը չունենալով ու չպատկանելով որևէ կոնկրետ տեսակի (միևնույն ժամանակ իրենից ներկայացնելով արդեն նոր տեսակ)՝ գերակա նպատակ ուներ՝ էներգետիկ, նյութական ապահովության և անզուսպ աճի (ինչը բնորոշ է ուռուցքային պրոցեսին): Ժամանակի ընթացքում ստեղծված կոնգլոմերատը, հասարակական դժգոհության ալիքը պարբերաբար ջարդում է իր իսկ կողմից առաջ բերված դեմքերի վրա, նրանց «քավության նոխազ» դարձնելով, հրապարակայնորեն ձերբազատվում նրանցից՝ միևնույն ժամանակ ապահովելով իր լինելիությունը։ 

Պարզ է, որ գոյություն ունեցող նախնական օրգանիզմի տեսակին չհամապատասխանող խնդիրները երկուստեք վերացնում են մեկ տեսակին պատկանելու գիտակցությունը։
Այլ կերպ ասած, հասարակության առանձին անհատները, այլևս դադարում են իրենց ասոցացնել ամբողջական օրգանիզմի հետ, չունենալով նույն ուղղվածությամբ ընդհանուր տեսակային, արժեհամակարգային խնդիրներ։ Դրա հետևանքով օրգանիզմը կորցնում է կենտրոնական կառավարումը, որի արդյունքում ակտիվանում է աուտոռեգուլյացիան (ինքնակառավարումը), դրանից բխող բոլոր հետևանքներով (արտագաղթ, տեղային ընդվզումներ, հասարակության բևեռացում, ամբողջի գիտակցության անկում, հասարական համակարգային ինստիտուտի քայքայում, ներդաշնակ գործունեության կորուստ և ի վերջո՝ օրգանիզմի մահ):

Քառորդ դար, իր գոյության ընթացքում, մեր պետությունը չի զբաղվել տեսակի դաստիարակությամբ, ամբողջի գիտակցության և ազգային խնդիրների ձևակերպմամբ։
Արդյո՞ք պետության նպատակը բյուջե լցնելը, կամ բյուջե ձևավորելն է։ Արդյո՞ք «գերակա» ձևակերպված խնդիրներն իսկապես բխում են տեսակային արժեհամակարգից և ուղղված են ազգային նպատակների իրագործմանը։ Բավական չէ՞ արդյոք զբաղվենք «ամբողջ աշխարհին» կապկելով, և ժամանակը չէ՞ արդյոք հասկանալու, ինքներս մեզ, մեր ներսը նայելու և մեր տեսակային, արժեհամակարգային նպատակներից բխող ընթացք վերցնելու։

Վերջ ի վերջո նոր հեծանիվ հորինելու կարիք չկա, բավական է անգամ նախորդ դարի հայ մեծերին ընթերցել՝ հասկանալու համար տեսակի առջև ծառացած խնդիրները, դրանց բնորոշ երանգները և նրբությունները, ընդամենը ներկայիս համար ադապտացնել արդեն վաղուց առաջարկված լուծումները և զբաղվել դրանք կյանքի կոչելով։

Քառորդ դար, մեր հեռուստատեսությունն ապականում է ազգային տեսակը, մասսայական արտադրության (կամ պետականորեն խրախուսվող) «արվեստը» կապկում է «ամբողջ աշխարհին»՝ կորցնելով տեսակային բնութագրիչները, կորցնելով տեսակային էքսպանսիային բնորոշ կենսական օրինաչափությունները։ Մամուլն առավելապես հանցագործությունների վերաբերյալ տեղեկատու է հիշեցնում, կամ քաղաքական «թուղթ ու գրերի» աղբանոց։ Գրականությունն իջել է բնազդի մակարդակին, կինոարվեստը և թատերարվեստը՝ ամենաէժան կրկեսի։ Մերօրյա պետականության անկյունաքարեր հանդիսացող պայծառ անհատները, «վեր են ածվել» «շաուրմայանոցների», լավագույն դեպքում՝ թղթադրամների... 600 տարվա մեր ազգային բաղձանքը, ազգային նպատակը՝ Հայաստանի Հանրապետությունը վեր է ածվել ՀՀ-ի։ Մանրացել, մանրացել, մանրացրել ու էժանացրել ենք ազգային գերակա արժեքները՝ դրանք ստորադասելով միջոցներին։ Միջոցը վեր ենք ածել գերակա նպատակի և արժեքները «խուրդում ենք» հանուն միջոցի, երբ միջոցն անհրաժեշտ էր հենց արժեքները պահպանելու և կատարելագործելու սուրբ ու կենսական գործին ծառայելու համար։

Վերջ ի վերջո, մարդը, լինելով կենդանի օրգանիզմ, ունի և դրան բնորոշ բոլոր հատկությունները։ Մարդու՝ որպես օրգանիզմ վարքի ծրագրավորման հիմքում, պայմանական և ոչ պայմանական ռեֆլեքսներն են։ Ոչ պայմանական ռեֆլեքսները կամ բնազդները, ձևավորվում են կենդանի օրգանիզմի կյանքի կենսաբանական իմաստին համահունչ՝ տեսակի պահպանման և կատարելագործման սկզբունքով (բազմացման, պաշտպանական, սննդառության), պայմանական ռեֆլեքսները ձևավորվում են գերազանցապես պարբերականության (հաճախակի կրկնելու) սկզբունքով։
Եթե 25 տարի անընդմեջ մարդուն «կերակրում ես» «մշակութային», «հոգևոր», «արժեհամակարգային» աղբով, բնականաբար չե՛ս կարող ակնկալել առաքինի կենցաղավարություն։ Եթե 25 տարի շարունակ մարդուն սովորեցնում ես մուրացիկի հոգեբանությանը, որը մեկ այս, մեկ այն երկրին կամ դրանցից ստացված օժանդակություններին է ապավինում՝ սեփական մտքին և բազուկներին թերահավատորեն նայելով, չե՛ս կարող ակնկալել երկիր կառուցելու փափագով եռող հասարակություն։ Եթե 25 տարի քո՝ հազարամյակների փորձով հաստատված և լինելիությունդ ապահոված արժեքները, արժանիքները, որակներն ու մոտեցումները ստորադասում ես «ամբողջ աշխարհում, սենց են անում» չափանիշներին, չե՛ս կարող ակնկալել իր տեսակին հավատարիմ, ինքնավստահ և իր պետությունը «ամբողջ աշխարհից» գերադասող (ոչ վերադասող) քաղաքացի։ Եթե 25 տարի շարունակ Հայկական արժեքները ստորադասվել են, «Եվրոպական» (եւ էլ Աստված գիտի «ինչական») արժեքներին (երբ դեռ հարց է, թե որ օրվանից համամարդկայինը դարձավ եվրոպական, կամ ի՞նչ սկզբունքներով է որոշվում եվրոպական ճշտի գերակայությունը ճապոնական, չինական կամ, ասենք, հնդկական ճշտի նկատմամբ), չե՛ս կարող պահանջել Հայկականը գերադասող (ոչ վերադասող), քաղաքացի։
Եթե 25 տարի շարունակ ֆինանսական բարեկեցությունն ես սարքել գերակա արժեք և նպատակ, չե՛ս կարող պահանջել քո քաղաքացուց պետության անվտնգությունը վեր դասել՝ նեղ անձնական բարեկեցությունից (դրանից բխող բոլոր հետևանքներով)...

Ի՞նչ է պետք անել։

Կենսական կարևոր օրգանների գործունեությունը դադարած կամ խանգարված օրգանիզմի վերակենդանացման միջոցառումները ներառում են որոշակի ստանդարտ գործողություններ։ Որպես կանոն՝ վերականգնել արյան շրջանառությունը և շնչառությունը՝ ուղեղի կեղևը արյամբ և թթվածնով ապահովելու (և բարձրագույն ղեկավարման համակարգի ֆունկցիաները վերականգնելու) համար։ Վերականգնել սրտի աշխատանքը, ապահովել շնչուղիների անցանելիությունը։

Ինչպես վերը նշեցի՝ ուղեղի կեղևը երկրի մտավորականությունն է։ Մենք ունենք մտավորականներ՝ առանձին բջիջներ, բայց որպես համակարգ, գործնականում քառորդ դար կորցրել ենք մեր մտավորականությունը (եղած մտավորականների մի զգալի մասն էլ պարզապես «ցաք ու ցրիվ» է եղել աշխարհով մեկ)։ Ամենալայն դրսևորման հնարավորություններ ընձեռնել մտավորականությանը՝ վերականգնելով բարձրագույն կառավարման համակարգին համարժեք ազդեցության լծակները (կրկնում եմ, խոսքը բառի ամենաընդգրկուն ընկալմամբ մտավորական եզրույթին է վերաբերվում, որի համար պարտադիր կարևորագույն նախապայմաններից է տեսակային, ազգային գերակա շահը՝ տեսակի պահպանման և հավիտենական կատարելագործման սկզբունքը)։ Ապահովել շրջանառող արյան ծավալը՝ կազմակերպել ներգաղթ, խթանել ծնելիությունը, խրախուսել բազմազավակությունը (հատկապես գյուղական համայնքներում), ամենասեղմ ժամկետներում ապահովել բնակչության թվի կտրուկ աճ՝ չմոռանալով, տեսակային համատեղելիության գործոնը (կարիք չկա հիշեցնելու, որ կորցված արյան ծավալը լրացվում է նույն արյամբ, այլ՝ անհամապատասխան արյուն ներարկելիս՝ կկորցնենք օրգանիզմը)։ Ապահովել շնչուղիների անցանելիությունը՝ առավելագույնս սեղմ ժամկետներում գծել դեպի ծով ելքի (Արևմտյան Հայաստանի, «Վիլսոնյան Հայաստանի») վերականգնման ճանապարհային քարտեզը, դա ձևակերպել որպես ազգային մոտակա հրատապ խնդիր և սեղմ ժամկետներում հասնել դրա լուծմանը (ողջ աշխարհի հայությունն ունի բավարար ներուժ այդ խնդրի լուծման համար, այլ հարց է, որ այն չի կազմկերպվում և չի ծառայում իր նպատակին ինչպես հարկն է)։

Այս երեք կենսական անհրաժեշտության խնդիրները լուծելուն զուգահեռ՝ զբաղվել հասարակության կրթմամբ, տեսակի դաստիարակությամբ և տեսակային խնդրի ձևակերպմամբ՝ պայմանական ռեֆլեքսի կատարելության հասցնելով ազգային նպատակին ծառայելը։

Չմոռանանք նաև, որ կենդանի օրգանիզմն ունի երկու կարևոր պատնեշ (բարիեր)՝ ուղեղային և ընկերքային։ Թե՛ առաջինը, և թե՛ երկրորդը նախատեսված են խստագույնս վերահսկելու դեպի ուղեղ և դեպի պտուղ (սերունդ) ներթափանցող հոսքերը։ Այլ կերպ եթե ձևակերպենք՝ ուղեղը (օրգանիզմի, պետության, ազգի անալիտիկ ստրատեգիական ծրագիր մշակող բարձրագույն կառավարող համակարգը) ամենախիստ կերպով պետք է ապահովագրել ցանկացած տիպի օտար տարրի ներթափանցումից (մարդու ուղեղային բարիերն արգելափակում է անգամ արյան մի շարք պաշտպանական համակարգի բջիջների մուտքը դեպի ուղեղ)։ Նույն խստագույն վերահսկողությունն է նաև պտղի (սերնդափոխության) նկատմամբ։

Ինչ վերաբերվում է քաղցկեղային բջիջներին.

Քաղցկեղային բջիջների նկատմամբ ներկայումս գործում է վիրահատությունը և դրանցից մանրակրկի՛տ, արմատակա՛ն ձեռբազատումը, որպես հիմնակա՛ն բուժական միջոց։


Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
Ուկրաինական հեռուստաալիքներով Հայոց ցեղասպանությանը 102-րդ տարելիցին նվիրված սոցիալական հոլովակ է ցուցադրվել Շվեդիայում կայացել են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հայերը երբեք չեն մոռացել պատմության սարսափելի էջերը. Մարսելում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը Վրաստանի նախագահը բանակցություններ Է վարել Թուրքիայի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ Թբիլիսիում թուրքական դեսպանատան առջև բողոքի ցույց է կայացել Երևանում տեղի ունեցավ հայերեն կրկնօրինակմամբ «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությունը Սլովակիայում Հայոց ցեղասպանության տարելիցի արարողությանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի փոխնախագահը ԵՏՀ-ն հավանություն է տվել ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրին Թրամփը կիրառեց «բերանը փակելու» Անկարայի քաղաքականությունը. ԱՄՆ Հայ դատի հանձնախումբ Մակրոնն ընտրությունների երկրորդ փուլում կհավաքի ձայների 61 տոկոսը. հարցում Մտքերս հայրենակիցներիս հետ են. Հենրիխ Մխիթարյան Պետք է լիովին ճանաչել հայ ժողովրդի հիշողությունը. Մակրոն Կաունասի Մայր տաճարում կայացել է Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի արարողություն Թուրքիան պատրաստ է վերականգնել ԵՄ հետ հարաբերությունները վիզային ռեժիմի վերացման պայմանով Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ադրբեջանցի քաղաքական վտարանդիները ապրիլի 24-ին բողոքի ակցիա են կազմակերպել Ստրասբուրգում Ադրբեջանական բանակը ևս մեկ զինծառայող է կորցրել Նախագահը ներկա է գտնվել «Համահայկական նվագախումբ» նախագծի առաջին համերգին Ցեղասպանությունների կանխարգելումը պետք է առաջնահերթ խնդիր լինի ողջ քաղաքակիրթ աշխարհի համար. Հերմինե Նաղդալյան Մոսկվայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բողոքի ցույց Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Մեր բանակն այսօր ավելի սպառազինված է, առաջին գիծն ավելի ամուր. Մովսես Հակոբյան Իսրայելում Թուրքիայի դեսպանատան առջև հայերը բողոքի ցույց են անցկացրել Ուղերձ ուղերձի համար. Էրդողանը հիշել է «Առաջին աշխարհամարտին կյանքից հեռացած հայերին» Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը. վերապրողների սփյուռքահայ ժառանգների կոչը Ծիծեռնակաբերդից Օսմանյան կայսրությունը չի մահացել, Էրդողանի քաղաքականությունը դրա շարունակությունն է Ադրբեջանում նախորդ տարվա ընթացքում ռազմական ծախսերի զգալի կրճատում է տեղի ունեցել. SIPRI Իսպանիայի Առնեդո քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է օծվել Դոնալդ Թրամփը ապրիլի 24-ի իր ուղերձում կիրառել է «Մեծ Եղեռն» եզրույթը Լեհերը հայ ժողովրդի կողքին են, իրենց զորակցությունն են հայտնում և դատապարտում Հայոց ցեղասպանությունը Հայոց ցեղասպանության պատմությունը նաև իմ պատմությունն է. Փարիզի քաղաքապետ «Ավրորա» մրցանակաբաշխությանը ներկա կլինեն տարբեր երկրների քաղաքական գործիչներ Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է քաղաքականություն մտնելու լուրերին Հայոց ցեղասպանությունից 102 տարի անց մեր պահանջատիրական երթը շարունակվում է. Արամ Ա. Վեհափառ ԵԽԽՎ-ի խոսնակը սխալմունք է համարել իր ուղեւորությունը Սիրիա Շատ ուշացանք առերեսվելու հարցում. Ցեղասպանության տարելիցին Թուրքիայի քրդամետ կուսակցության հայտարարությունը «Պատերը քանդել հնարավոր է միայն սկսելով ճշմարտությունից». դեսպան Միքայել Մինասյանի հարցազրույցն իտալական La Stampa-ին ԵՄ-ն եւ ՌԴ-ն առայժմ գլոբալ տարաձայնություններ ունեն Ուկրաինայի շուրջը. Մոգերինի Թուրքական «նախանձը» 20-րդ դարասկզբին չխնայեց անգամ հայ մարզիկներին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan