Թուրքիայում հեղաշրջման գործով ձերբակալվել է 32 հազար մարդ

Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է երկրում հուլիսի 15-ի ձախողված ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալված անձանց թիվը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը:

Բոզդաղի տվյալներով` երկրում ձերբակալվել է 32 հազար մարդ, 70 հազար մարդու նկատմամբ դեռևս քննություն է ընթանում: Արդարադատության նախարարը տեղեկացրել է, որ հնարավոր են նոր ձերբակալություններ:

Պաշտոնական Անկարան Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում է հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Չափավոր իսլամի քարոզիչ Գյուլենը, սակայն, հրաժարվել է մեղադրանքներից` հայտնելով, որ որևէ առնչություն չունի կատարվածի հետ:

Օրերս գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա հայտնել է, որ իրականում հենց Էրդողանն է հեղաշրջման փորձի կազմակերպիչը: Նրա խոսքով` Թուրքիայի նախագահը հեղաշրջման փորձն օգտագործել է իր համար անցանկալի անձանց պաշտոններից հեռացնելու, ձերբակալելու, իր իշխանությունն ամրապնդելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում